Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Սերժ Սարգսյանը չի ներելու Գագիկ Ծառուկյանին»

Ապրիլ 13,2013 16:46

«Մինչեւ խոշոր բուրժուազիան Հայաստանում չազատվի ավազակապետական կապանքներից, Հայաստանը բարգավաճ եւ ժողովրդավարական պետություն չի դառնա: Մինչեւ խոշոր բուրժուազիան չազատվի այդ կապանքներից, մեզ մոտ միջին եւ մանր բիզնեսը զարգանալու անգամ բողբոջելու հնարավորություն չունի եւ չի ունենա»,- այսօր ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հետո անդրադարձավ ԲՀԿ-ի հետ իրենց համագործակցությանը եւ շարունակեց. «Եվ ինչպես սվիններով դիմավորեցին մեր այդ գաղափարը, թե ինչպես կարելի է հանկարծ ԲՀԿ-ի հետ համագործակցել, չէ որ նրանք, բոլորն են,  հասկացանք բոլորն էլ այդ համակարգի մաս են, մաս էին, ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ էլ էր: Բայց ինչ վատ բան էր, եթե կարողանանք պոկել այսօր մեկին, մյուս օրը՝ մյուսին: Քանի որ ուրիշ ճանապարհ չկա, քանի նրանք սերտաճած են՝ խոշոր բուրժուազիան եւ իշխանությունը, ոչ մի հնարավորություն գոյություն  չունի այս երկրում ինչ-որ բան փոխելու: Եվ մի կարծեք, որ մենք ոչ մի հաջողությունների չենք հասել այս գործում: Գոնե կարողացել ենք մարդկանց մեջ կասկածներ սերմանել»:

Պարոն Տեր-Պետրոսյանը որպես օրինակ բերեց 2008-ին գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ տեղի ունեցածը. «Նորից այդ նույն խոշոր  օլիգարխիայի մի մասն էր… բայց այդ մարդը այն ժամանակ հասկացավ, եկավ բացահայտ միացավ մեր շարժմանը, ոչինչ չստացավ դրա դիմաց: Հակառակը՝ իշխանությունները առաջին հարվածը հասցրին հենց նրան, սնանկացրին նրան… Այսօր նույն ճանապարհն է ընտրել Գագիկ Ծառուկյանը: Եվ ինչ են անում, փոխանակ նպաստեն այդ գործընթացին, փոխանակ անեն ամեն ինչ, որ դա գնալով խորանա, եւ այդ մարդն էլ որեւէ քայլ չարեց, որ կասկածներ հարուցի, որ նա իսկապես փորձում է պոկվել իշխանությունից; Չեմ ասում, որ նա լրիվ պոկվել է, նա չի կարող,  հազար ու մի բաներով կապված է, բայց փորձում է, գնում է այդ ճանապարհով: Դուրս եկավ կոալիցիայից, չսատարեց Սերժ Սարգսյանին  ընտրություններում, խորհրդարանական ընտրություններում առանձին մասնակցեց: Հենց այս դահլիճում չմասնակցեց Սերժի երդմնակալությանը: Այսօր էլ պատրաստ է ավագանու ընտրություններում ճակատ տալ: Ինչպե՞ս կարելի է մի ուժ, որը նպաստում է մի չարիքի դեմ պայքարի, չարիքի թուլացմանը, վանել: Ես չեմ բացառում, որ առաջիկա ավագանու ընտրություններում լուրջ հարված ստանա հենց ԲՀԿ-ն, որովհետեւ Սերժը զգում է այդ վտանգը: Իմ կարծիքով, նրան թույլ չեն տալու ունենալ այն հաջողությունները, ինչ ունեցավ խորհրդարանական ընտրություններում: Որովհետեւ այս օրինակը կարող է վարակիչ լինել եւ տարածվել մյուս օլիգարխների վրա»:

Պարոն Տեր-Պետրոսյանը նաեւ հավելեց, որ Սերժ Սարգսյանը հիշաչար մարդ է եւ չի ներելու Գագիկ Ծառուկյանին. «Նա երբեք չի ների, ինչ նրա դեմ կատարվում է: Չի ներելու Գագիկ Ծառուկյանին արդեն երկու տարի նրա անկախ քայլերի համար: Դեռ չեմ ասում հակընդդեմ, անկախ կուսակցական քաղաքական քայլեր կատարելու համար եւ թույլ չի տալու, որ ավելի ամրապնդվի ու լուրջ քաղաքական գործոն դառնա Հայաստանում»:

Ի դեպ, ՀԱԿ հիմնադիր համագումարում կուսակցության նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարմեն says:

    Չգիտեմ ում ոնց, բայց Սերժ Սարգսյանը չպետք է ների Բալասանյան Սամվելին ՝հանրապետականներին Գյումրու քաղաքապետարանից գիտակցաբար և նպատակային կրճատելու ու մեկ էլ Սարգսյանի Գյումրու քարոզարշավից հետո՝ նախագահի մեծարման արարողությանից Բալասանյանի փախնելու ու երկրի նախագահի նկատմամբ Բալասանյանի դրսևորած բացահայտ արհամարանքի համար:Այ դրանք ներելու բաներ չեն հաստատ:Իսկ մնացածը՝մեծ քաղաքականություն է, ում կների, ում չի ների:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930