Այսօր՝ ապրիլի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 11:00-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնականի բաժնից ահազանգել են ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոն և հայտնել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու դիմացի ձորում՝ Հրազդանի կիրճում՝ գետի մեջ, տղամարդու դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես shamshyan.com– ում հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի հատուկ փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Ժամանել են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպեր. գծով տեղակալ Արտակ Կարապետյանը, Երևան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանը և Ոստիկանության կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերոբ Հարությունյանի գլխավորությամբ:
Կարդացեք նաև
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին դատաբժիշկը զննում է դին, որից հետո փրկարարներն այն դուրս են բերելու, որպեսզի դին տեղափոխվի դիահերձարան:
Դիակից քիչ հեռու հայտնաբերվել են նաև բջջային հեռախոս՝ երկու SIM քարտով, Ջրվեժում գործող «Ֆլամինգո» անունով խաղատան քարտ, ինչպես նաև՝ անձնագիր:
Անձնագիրը տրված է Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի բնակիչ 37-ամյա Ռ. Ն.-ի անվամբ:
Հավաքվածները պատմում էին, որ հնարավոր է տեղի ունեցածը ինքնասպանություն է, քանի որ կիրճ գալուց առաջ նա խոսել է հոր հետ և ըստ տեղեկությունների՝ հնարավոր պատճառ է համարվում նաև խաղատանը գումարների տանուլ տալը:
Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության կենտրոնականի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի