Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալ. «Հարսնաքար»-ի ավտոկայանատեղիում վեճը վայրկյաններ է տևել

Ապրիլ 13,2013 14:56

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա նիստում ավարտվեց ամբաստանյալների հարցաքննության փուլը: Բոլոր 6 ամբաստանյալները «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ են:

Այսօր ցուցմունքներ տված ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը հայտարարեց, որ համալիրի ավտոկայանատեղիում համալիրի աշխատակիցների ու հաճախորդների միջև ընդհարումն ընդամենը 30-40 վայրկյան է տևել: Ուստի տուժողները՝ հայտարարելով, որ իրենց 15 րոպե ծեծել են, «կինո էին պատմում»:

Ըստ ամբաստանյալի՝ ինքը շատ խիստ բարկացել է մատուցող Դավիթ Ադամյանի վրա տուժող Վահե Ավետյանին ապտակելու համար, ինքը տեղյակ չի եղել, թե այդ միջադեպն ինչ պատճառով է առաջացել, սակայն փորձել է հանդարտեցնել, հորդորելով բոլորին հարաբերություններ չպարզել հետաքրքրասեր հաճախորդների ներկայությամբ և հավաստիացրել, որ մատուցողը կպատժվի, եթե պարզվի, որ նա մեղավոր է:

Ըստ Նորայր Հայրապետյանի ցուցմունքի՝ տուժողները «շատ ագրեսիվ էին, գինովցած», մասնավորապես, տուժող Արտակ Բայադյանը «աջ ու ձախ բոլորին հայհոյում էր»: Տուժող Գարիկ Սողոմոնյանը բոլորից նորմալ էր պահվածքով ու բնավորությամբ, իր՝ Ն.Հայրապետյանի հետ զրույցը մատուցողի ու կռվի թեմայից սահուն անցում կատարեց միմյանց հետ ծանոթանալու խոսակցության: Ըստ ամբաստանյալի՝ ավտոկայանատեղի հասնելուց հետո ականատես են եղել վիճաբանության, ինքը տուժող Գարիկ Սողոմոնյանին հարվածել է այն բանից հետո, երբ վերջինս իրեն հայհոյել է:

Ամբաստանյալը հայտարարեց նաև, որ ամբաստանյալներ Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին ու Գարիկ Մարգարյանին ավտոկայանատեղիում չի տեսել:

Ամբաստանյալ Արման Բաղդասարյանն իր ցուցմունքում հայտարարեց, որ տուժողները կամ ընդհանրապես իրեն չեն տեսել կամ տեսել են վեճից հետո:

Վերոհիշյալ երկու ամբաստանյալներն ավելի վաղ ցուցմունքներ տված ամբաստանյալներ Դավիթ Ադամյանի ու Արման Խաչատրյանի պես հայտարարեցին, որ օգտվում են իրենց իրավունքից և հրաժարվում են պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին: Իսկ ամբաստանյալներ Արթուր Բաբլոյանն ու Գարիկ Մարգարյանն, ովքեր հրաժարվել էին ցուցմունքներ տալուց, այսօր ևս պնդեցին իրենց այդ որոշումը:

Այսօրվա նիստում ամբաստանյալներից մի մասը ներկայացրեցին իրենց անձը և ընտանիքի անդամներին բնութագրող փաստաթղթեր: Ըստ այդմ՝ ամբաստանյալ Արման Բաղդասարյանի ծնողները և դուստրը հաշմանդամներ են, եղբայրը զոհվել է արցախյան ազատամարտում և նրա ընտանիքը գտնվում է իր խնամակալության ներքո, իսկ ամբաստանյալ Արման Խաչատրյանը հիվանդ է խպիպով:

Ապրիլի 19-ի դատական նիստում քննության կառնվեն դատաքննությունը լրացնող միջնորդությունները, մասնավորապես լրացուցիչ վկաներ հրավիրելու մասին: Տուժող կողմը միջնորդում է դատակոչել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին, համալիրի մենեջեր Դավիթ Հայրյանին, համալիրի մի շարք մատուցողների, ինչպես նաև բժիշկների, ընդհանուր առմամբ՝ 20 հոգու: Լրացուցիչ վկաներ դատակոչելու միջնորդություն ներկայացրեց նաև պաշտպանական կողմը: Քանի որ նիստին ներկա չէին տուժողները և տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդ Գառնիկ Ավետյանն ու նրա ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը, դատարանը հետաձգեց դատական նիստը, որպեսզի նրանք էլ հնարավորություն ունենան իրենց միջնորդությունները ներկայացնելու:

 
«Փաստինֆո»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930