Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն ուզում է «ֆռռացնե՞լ» ՀԱԿ-ին

Ապրիլ 13,2013 13:54

Քաղաքական մեծամասնությունը ետ է կանգնում «Մարտի 1»-ի նոր հանձնաժողով ստեղծելու իր նախկին խոստումներից

«Ուզում են հասարակության մոտ այնպիսի տպավորություն ստեղծել, որ մեծամասնությունը չունի ցանկություն «Մարտի 1»-ի դեպքերը բացահայտելու: Ուզում եմ հայտարարել, որ նախագահի գլխավորությամբ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բացահայտվեն Մարտի 1-2-ի դեպքերը»,- նման հայտարարությամբ դեռ 2012 թվականի դեկտեմբերի 3-ին խորհրդարանում հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հավաստիացումներ էր խնդրում, որ «Մարտի 1»-ի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ առաջարկին իսկապես իշխող կոալիցիան կողմ է քվեարկելու: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը փոխանցեց, թե ինչ պայմանավորվածության են եկել Գագիկ Ջհանգիրյանի հետ: Հովիկ Աբրահամյանն էլ պատասխանեց, որ եթե պայմանավորվածություն է ձեռք բերվել, անպայման կկատարվի այն: Այդպիսով, ՀԱԿ եւ ՀՀԿ խմբակցության փոխհամաձայնության արդյունքում խորհրդարանում «Մարտի 1»-ի հարցերով նոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը ժամանակավորապես դադարեցվեց մինչեւ նախագահի ընտրություններն ավարտվեն՝ քաղաքական շահարկումներից խուսափելու նպատակով:

Արդեն նախագահական ընտրությունների ավարտից հետո՝ մարտի 15-ին կայացած ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն «կողմ» քվեարկելով՝ դրական եզրակացություն տվեց «Մարտի 1»-ի նոր հանձնաժողով ստեղծելու հարցը քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելուն: Հիշեցնենք, որ նախագծի համահեղինակ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր եւ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն այդ օրն իր ելույթում ասաց՝ ակնկալում է, որ այս հանձնաժողովի գործունեության արդյունքում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կարող ենք տեղից շարժել տասը սպանություններից առնվազն երեք-չորսի նախաքննությունը, ու իբրեւ կոնսենսուսի առաջին քայլ՝ ասաց, որ նախագծից քաղաքական գնահատականները կհանվեն: «Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հանձնաժողովը դարձյալ չհայտնվի քաղաքական քննարկումների հորձանուտում, այլ կատարի իր իրական առաքելությունը: Եթե հանձնաժողովը կատարեց իր իրական առաքելությունը, սա կլինի նոր քայլ նաեւ պառլամենտարիզմի առումով: Ես այս խնդրին չեմ նայում զուտ մարտի 1-ի դեպքերի հետ կապված: Սա նոր քաղաքական մշակույթի ձեւավորման փորձ է»,- այդ օրը լրագրողների հետ զրույցում ասել էր ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Aravot.am-ի դիտարկմանն էլ՝ խոսում եք նոր քաղաքական մշակույթի ձեւավորման մասին՝ խուսափելով հանձնաժողովի գործունեության մասին հստակ կարծիք արտահայտելուց. ունի՞ իշխանությունը, ՀՀԿ-ական մեծամասնությունը քաղաքական կամք, որպեսզի այս հարթակն իրապես օգտագործվի նոր քաղաքական մշակույթ ձեւավորելու համար, թե՞ այսպիսով հերթական իմիտացիան է տեղի ունենալու, Դավիթ Հարությունյանը պատասխանել էր. «Եթե խնդիր ունենայինք այդ ճանապարհով չգնալու, հավատացեք, բազմաթիվ եղանակներ ունենք մեր կարծիքն ուղղակի արտահայտելու, բացահայտ ասելու: Օրինակ՝ որ մեր երկրում քաղաքական ուժերը դեռ պատրաստ չեն այս ճանապարհով գնալու, որ մենք չենք տեսնում նման քաղաքական մշակույթ ձեւավորելու հենք: Ի դեպ, հոգու խորքում ես դեռեւս իմ մեջ ամբողջական համոզվածություն չունեմ, որ մեզ դա կհաջողվի, բայց չփորձել չենք կարող: Եվ դրա համար ՀՀԿ-ն եւս համարում է, որ հերթական հնարավորությունը բաց թողնել չի կարելի»:

Նախօրեին խորհրդարանում սկսվեց «Մարտի 1»-ի նոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը եւ միանգամից հանդիպեց ՀՀԿ-ականների դիմադրությանը: Այդ առիթով «Առավոտը» մի քանի հարցեր ուղղեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին:

– Նկատի ունենալով նախկին պայմանավորվածությունը եւ հանձնաժողովում հարցի քննարկումների ժամանակ ՀՀԿ-ականների մոտեցումները՝ մի տեսակ զարմանալի թվացին ՀՀԿ-ականների ընդդեմ ելույթները «Մարտի 1»-ի նոր հանձնաժողով ստեղծելու հարցի վերաբերյալ: Տպավորություն ստեղծվեց, որ քաղաքական մեծամասնությունը փոշմանել է: Ինչ-որ բան փոխվե՞լ է:

– Նախեւառաջ՝ հանձնաժողովում ոչ բոլոր ՀՀԿ-ականներն են «կողմ» քվեարկել այդ որոշմանը: Ես ուզում եմ հիշեցնել, թե ինչ է քվեարկել հանձնաժողովը: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս, որպեսզի հարցը մտնի օրակարգ, ինչը չի նշանակում, որ հանձնաժողովը վերջնական տեքստի վերաբերյալ որոշակի դիրքորոշում է արտահայտում, երբ որ ՀՀԿ-ն առաջարկել է մի շարք փոփոխություններ նախագծում: Ուշադրություն դարձրեք՝ եթե մենք օրենքին տալիս ենք դրական եզրակացություն՝ օրակարգ մտնելու համար, դա չի նշանակում, որ օրենքը վերջնական ընդունվում է հենց նույն տեսքով: Խորհրդարանի քննարկումը հենց նրա համար է, որպեսզի օրենքում կատարվեն համապատասխան փոփոխություններ: ՀՀԿ-ն առաջարկել է մի շարք փոփոխություններ նախագծում՝ պայմանով, որ ՀՀԿ-ն դրական կքվեարկի այս նախագծին առաջարկներն ընդունելու դեպքում:

– Բայց հանձնաժողովում քննարկումների ժամանակ ՀՀԿ-ն նախապայմանների մասին չէր խոսում, ավելին՝ անընդհատ պնդում էիք նոր քաղաքական մշակույթի ձեւավորման անհրաժեշտության մասին:

– Նորից եմ կրկնում՝ այն, ինչը քննարկվում է հանձնաժողովում, նրա համար է, որպեսզի որոշում կայացվի՝ արդյոք դրական եզրակացություն տալի՞ս ենք հարցն օրակարգ մտցնելու, թե՞ ընդհանրապես մերժում ենք օրակարգ մտնելն էլ:

– Փաստորեն, ինչ-որ բան, այնուհանդերձ, փոխվել է:

– Փաստորեն, դուք սխալ եք մեկնաբանում իմ ասածը:

– Իսկ որո՞նք են այն սկզբունքային հարցերը քաղաքական մեծամասնության համար, որոնց պարագայում ՀՀԿ-ն զիջումների չի գնա:

– Կարծիքները դեռեւս բավականին բազմազան են, բայց, ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ այս պահի դրությամբ հիմնականում երեք վիճելի հարցեր են: Մյուս հարցերի վերաբերյալ, իմ խորին համոզմամբ, կոնսենսուսի շատ ավելի հեշտ է հնարավոր հասնել: Առաջին հարցը՝ արդյոք նույնիսկ դատական վարույթում չավարտված գործին հանձնաժողովը կարո՞ղ է ծանոթանալ, թե՞ ոչ: Ֆրակցիայի անդամների մեծամասնության կարծիքով՝ գործին կարելի է ծանոթանալ միայն Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, այսինքն՝ վարույթ իրականացնող մարմնի թույլտվությամբ: Երկրորդը՝ արդյոք կարելի՞ է հանձնաժողովի նիստերին հրավիրել դատախազին: Դարձյալ ֆրակցիայի անդամների, այս անգամ կասեի՝ գերակշիռ մեծամասնության կարծիքով՝ դատախազությունն, ըստ Սահմանադրության, դատական իշխանությանը պատկանող մարմին է, եւ օրենսդիր իշխանությունը որեւէ իրավասություն չունի դատական իշխանության որեւէ ներկայացուցչի հրավիրել: Համարում են, որ նման հնարավորություն ընձեռելով՝ մենք կընդունենք իրականում հակասահմանադրական որոշում: Համարում են, որ նրանք կարող են հանձնաժողովին պարզաբանումներ տալ միայն իրենց նախաձեռնությամբ, որովհետեւ հանդիսանում են ինքնուրույն սուբյեկտ, ինքնուրույն են կայացնում որոշումները, եւ անգամ դատախազը, որը հսկողություն է իրականացնում նախաքննության, հետաքննության նկատմամբ, եթե պետք է հանձնարարական տա, նա ստիպված գրավոր ցուցում է տալիս, որը քննիչը կատարում է: Բայց նաեւ քննիչը կարող է կատարել այն գործողությունները, որոնք ինքը համարում է նպատակահարմար:

– ՀԱԿ-ում էլ այս հարցերը սկզբունքային են համարում: Կարելի՞ է եզրակացնել, որ հանձնաժողովի ստեղծումը հարցականի տակ է դրված:

– Կարծում եմ՝ մենք դեռեւս ժամանակ ունենք, որպեսզի այս հարցին անդրադառնանք: Կարծում եմ, որ քննարկումները ֆրակցիաների միջեւ կշարունակվեն:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Միամիտ են բոլոր նրանք, ովքեր կարծում, առավել ևս համոզված են, որ ՀՀԿ-ը կհամաձայնվի ստեղծել մարտի 1-ի նոր հանձնաժողով, քանի որ այն կարող է բացահայտելով այդ ողբերգության իրական մեղավորներին, դնել ՀՀԿ-ի վերջի սկիզբը:

  2. Hay Mard says:

    Կեղծիքի եւ բռնությամ դեմ պայքարը չի կարող կրել լոկալ / նաեւ ժամանակի իմաստով/ բնույթ: Կեղծիքը կարող է վերանալ եթե արմատախիլ արվի: Այսօր կեղծիքի դեմ պայքարի ավանգարդում հանդես է գալիս ԼՏՊ-ն, մոռանալով որ հենց ինքն է կեղծիքի ու խարդախության ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՅՐԸ երրորդ հանրապատությունում: Քանի չեն կրել պատասխանատվություն անցյալ կեղծիքների / Վ. Մանուկյանից իշխանությունը բռնազավթելու եւ ոչ միայն / համար, խոսել այսօրվա մասին անիմաստ է: Կեղծիքն ու խարդախությունը լինելու է անընդհատ, որովհետեւ կա նրա նախադեպը:

    • Hayk says:

      Դավիթ Հարությունյանը կարում ա երկար խոսա ու բան չասի. ուր եք ընկաել սար ու չոլերը? Պարզ ասեք, որ ոչ մի մարդասպան չի դատվելու: Այսինքն, հո դուք ձեզ չեք դատելու? Բայց մի մոռացեք Չաուշեսկուին. նրան էլ էր թվում , թե ինքն ա, որ կա, բայց… պատի տակ շան պես սատկացրին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930