Լրահոս
Օրվա լրահոսը

3 տարվա ընթացքում «Մհեր-Լիլուս»-ում ՊԵԿ-ը միակ ստուգումն է սկսել

Ապրիլ 13,2013 13:46

Գործարար Դավիթ Սահակյանը վերջերս պարբերաբար զանազան լրատվամիջոցներով բարձրաձայնում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից իր ղեկավարած ընկերությունը «հարկային տեռորի» ենթարկելու մասին: Գործարարի այսչափ ակտիվությունը մամուլում տարօրինակ է, բայց մյուս կողմից հասկանալի ՊԵԿ-ի համար, որը հարկ է համարում հիշեցնել իրերն իրենց անունով կոչելու պատշաճության մասին: Վանաձորի «Մհեր-Լիլուս» ՍՊԸ-ում ստուգումներ անցկացնելու հետ կապված մտահոգությունները կփարատենք` ներկայացնելով իրողությունն` ըստ օրենքի:

Վթարի հետևանքով ցնդած սոդիումի հիպոքլորիդի մաքսային ձևակերպման մասին.

Ընկերության տնօրենը, լրատվամիջոցներն իր համար իբրև բարձրախոս ծառայեցնելով, համառորեն պարսավում է կոմիտեին` ըմբռնումով չմոտենալու և չգիտես ինչու, իր համոզմամբ, ընկերությունը «սև ցուցակում» գրանցելու համար: Նման մտայնության պատճառը մեքենայի վթարի հետևանքով ցնդած սոդիումի հիպոքլորիդի դիմաց ըստ օրենքի պահանջվող վճարումն է: Նշենք, որ ներմուծված ապրանքի մաքսազերծման դիմաց օրենքը սահմանում է վճարման ենթակա գումար, միևնույն ժամանակ այն չի դիտարկում վթարի հետևանքով ցնդած կամ որևէ այլ հանգամանքի դեպքում ապրանքի դիմաց չվճարելու պայման: Ի դեպ, ցնդած հեղուկի մասին հենց առաջին հրապարակումից հետո կոմիտեն պատրաստակամություն է հայտնել Դ.Սահակյանին հրավիրելու հարցի քննարկմանը: Արդյունքում պարզվել է օրենքին Սահակյանի անտեղյակությունը, ինչը նա նույնպես ընդունել է: Նկատենք, որ կոմիտեն, հանագամանորեն խնդիրը նրան բացատրելով, հարցի լուծման քաղաքակիրթ և իրավական տարբերակի է դիմել. հաշվի առնելով գործի նրբությունը` «Մհեր-Լիլուս» ՍՊԸ-ի դեմ ՊԵԿ-ի համապատասխան հայցը ներկայում քննվում է ՀՀ վարչական դատարանում:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարության մասին.

Գործարարի բողոքին ականջալուր եղած Էդմոն Մարուքյանը, չգիտես ինչու, համոզված արտահայտվել է կոմիտեի` իբր թե «անօրինականության» և դա քողարկելուն ուղղված ջանքերի վերաբերյալ: Սակայն պատգամավորին ուզում ենք հիշեցնել, որ նրա խոսքը կոծկելու, ոչ էլ դրա համար որևէ մեկի լավությունից օգտվելու կարիքը կոմիտեն առհասարակ չունի: Իսկ առիթից անտեղի օգտվելու և կոմիտեի հեղինակությունը վարկաբեկելու Դավիթ Սահակյանի փորձը հիշեցնում է ինչ-որ մեկի հետ «հաշիվներ» ունեցողի վրեժ: Նրա կողմից ողջամիտ կլինի, նախքան զոհի դիմակով հանրության և մամուլի առջև ներկայանալը, սպասել դատարանի որոշմանը. գուցե դրանից հետո դիմակը փոխելու անհրաժշտություն առաջանա:

«Հարկային տեռորի» մասին.

Գործարարի դատողությունները` ՓՄՁ-ի նկատմամբ ՊԵԿ-ի գործադրած «ճնշումների» մասին, դատարկ են և անհիմն, քանի որ կոմիտեն, ելնելով փոքր և միջին ձեռնարկատիրությունները զարգացնելու պետական քաղաքականությունից, միաժամանակ ձգտում է լրացուցիչ ռեսուրս չվատնել այս ոլորտի ֆիսկալ հսկողության վրա: Իսկ եթե նման տպավորություն Դ.Սահակյանը ստացել է իր ընկերությունում իրականացվող ստուգումը նկատի ունենալով, ապա հիշեցնենք, նրան, որ դա վերջին 3 տարվա ընթացքում «Մհեր-Լիլուս»-ում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության միակ ստուգումնէ: Իսկ թե ինչու է այդ ընթացքում օրենքով նախատեսված ուսումնասիրության կատարումը Սահակյանը «հարձակում» որակում, հետևությունները թողնում ենք ընթերցողին: Իրականում ուսումնասիրությամբ ձեռք բերված տվյալներն ստուգելու նպատակով կոմիտեում նախապատրաստվել են նյութեր, և գործի առնչությամբ հետաքննության վարչության 1-ին բաժնի հետաքննիչ Վ.Զաքարյանը «Մհեր-Լիլուս»-ի տնօրենից բացատրություն է ստացել, որ ընկերությունը մեծածախ ու մանրածախ վաճառքն իրականացրել է և՛ հարկային հաշիվներով, և՛ ՀԴՄ-ի միջոցով: Սակայն պարզվել է, որ մեծածախ առևտուրը հիմանականում ցույց է տրվել ՀԴՄ-ի միջոցով` պատճառաբանությամբ, թե գնորդների զգալի մասը չի ցանկացել իր անունով դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր: Հետևաբար Դ.Սահակյանի մեկնաբանած հանգամանքների իսկությունը ճշտվել է «Մհեր-Լիլուս» ՍՊԸ-ի հետ գործարքներ կատարած անձանցից: ՊԵԿ աշխատակիցները գործել են իրենց վերապահված լիազորությունների շրջանակում. նրանց կողմից ոչ ոք չի ահաբեկվել, և որևէ մեկի հասցեին սպառնալիքներ չեն եղել:

ՊԵԿ-ի համար Դավիթ Սահակյանի այս պահվածքը տարակուսելի չէ, քանի որ ակնհայտ է` կառույցի գործունեությունը ստվերելուն ուղղված համառ փորձերի իրական նախաձեռնողը Սահակյանը չէ: Նրանց մասին, ովքեր գործարարին օգտագործելով թեժ են պահում թեման, կոմիտեն առավել քան իրազեկված է:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տարօրինակ է, որ ժողովրդավարական երկրում պետական մարմինը զարմանք է արտահայտում, երբ քաղաքացու խոսքը հանրությանը հասանելի է դառնում մամուլի միջոցով:

    Վթարի հևտևանքով ցնդած սոդիումի մաքսային ձևակերպման մասին:
    Երբ այս վթարը տեղի ունեցավ, անմիջապես դիմեցինք բոլոր պատկան մարմիններին, նրանք արձանագրեցին դեպքը, սակայն աշխատակիցների դանդաղկոտության, ոչ պրոֆեսիոնալ մոտեցման, անտարբերության, որոշ դեպքերում նաև տգիտության պատճառով վնասված մեքենան երկար ժամանակ չէին թողնում, որ դուրս գա ՀՀ-ից: Այն ժամանակ, երբ պատկան մարմինները բարդացնում էին իրավիճակը, մենք դիմեցինք ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին : Վարչապետին դիմելուց հետո հարցն անմիջապես լուծվեց: ՊԵԿ-ը շարունակեց անհիմն արդարացումները, ինչպես միշտ մեղքը բարդելով այլոց վրա: Անհրաժեշտության դեպքում նայեք այստեղ……https://tigransargsyan.livejournal.com/1806.html?page=22#comments ,https://tigransargsyan.livejournal.com/1806.html?thread=966158#t966158
    Հարց է առաջանում, եթե ամեն ինչ կարելի էր այդպես արագ լուծել, ինչու միայն վարչապետի միջամտությունից հետո կարգուկանոն հաստատվեց: Եթե նմանատիպ իրավիճակում հայտնվում է ՀՀ քաղաքացին և հարցը լուծվում է միայն վարչապետին և նախագահին դիմելուց հետո, ապա էլ ինչի համար են ձեռնարկատերերը հարկեր վճարում, որ աշխատավարձ տան ձեր կառույցին:
    Մենք ոչ մեկին հեղինակազրկելու կարիք չունենք, ՊԵԿ-ի հեղինակության մասին կարող եք հարցումներ կատարել և տեղեկանալ ձեր հարևաններից, ընկերներից, բարեկամներից , ովքեր զբաղվում են մարն ու միջին բիզնեսով: Մենք ընդամենը պաշտպանվում ենք օրենքի շրջանակներում: Շարունակաբար դատարանին դիմելը, հաշիվների վրա կալանք դնելը հղումներ են Ձեր կառույցի որոշ աշխատակիցների գործունեությունից:

    Ահաբեկման մասին

    Իսկ Դուք համոզված եք, որ Ձեր աշխատակիցները գործել են օրենքի սահմաններում, թե Ֆինանսների նախարար Գաբրիելյանից եք օրինակ վերցնում, երբ ԱԺ նիստում ուղղակիորեն փորձում էր պաշտպանել հարկային աշխատակիցների գործունեությունը, որոնք անօրինական են ճանաչվել դատարանի կողմից: Պատգամավոր Է. Մարուքյանի և Ֆինանսների նախարար Գաբրիելյանի հարց ու պատասխանին կարող եք ծանոթանալ այստեղ…..https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=_11hYPmzi1g

    Ձեր տրամաբանությունը, թե իբր ճնշումների նկատմամբ մեր պաշտպանական ռեակցիան ուղղորդված է, առնվազն ծիծաղելի է: Մենք առաջնահերթ այս հարցով դիմել ենք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Երկրում դժգոհության ծիլերի ցանողը հենց Ձեր կառույցի որոշ ներկայացուցիչներն են, որոնց <> խուլ պետք է լինել, որ չլսել: Կարծիք է ձևավորվում, որ Ձեր կառույցի ներկայացուցիչներն ուղղորդված են և օգտագործվում են որոշ ուժերի կողմից երկրում դժգոհություններ առաջացնելու համար:
    ՄՀԵՐ-ԼԻԼՈՒՍ ՍՊԸ-ն աշխատում է Լոռու և Շիրակի սոցիալապես անապահով մարզերում, որի շնորհիվ բազմաթիվ հայորդիներ չեն արտագաղթում: Հուսով եմ, բոլոր հարցերը արդարացիորեն կլուծվեն և այս, թեկուզև տհաճ միջադեպերը կհարթվեն և որոշակիորեն կնպաստեն գործարար և ՊԵԿ համագործակցությանը:
    Մհեր-Լիլուս ՍՊԸ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930