ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի խոսքերով, ՀԱԿ-ին նոր անդամագրվածների թիվը հասնում է 1813 –ի. «Այսօր ՀԱԿ կուսակցությունը կայացած փաստ է»:
ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանն էլ շարունակեց. «Սա այն ուժն է, որը նվաճեց Հայաստանի անկախությունը եւ կազմակերպեց հայ ժողովրդի առաջին ռազմական հաղթանակը պատմության վերջին 700 տարվա մեջ: Սա այն ուժն է, որը չբավարարվեց այդ պատմական, լեգենդար դերակատարությամբ եւ 2007-ից նորից բարձրացրեց ժողովրդավարության համար պայքարի դրոշն իր ձեռքը եւ ստեղծեց ավազակապետության դեմ սրբազան դիմադրության շարժումը… Մենք անկախական ուժ ենք, ազատական ենք եւ ցանկանում ենք ունենալ օրինականության վրա կառուցված պետություն: Մենք չունենք հավերժ բարեկամներ եւ թշնամիներ, գաղափարախոսական դոգմաներ, բաց ենք աշխարհի դինամիզմի եւ նոր գաղափարների համար: Զարմանալի չէ, որ այն միակ ուժն ենք, որի հետ են այսօր «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Վանո Սիրադեղյանը, Սամվել Գեւորգյանը, Ալեքսան Հակոբյանը, կարող եմ տալ նաեւ Աշոտ Մանուչարյանի անունը : Կարծում եմ՝ հոգու խորքում մեզ հետ է , ուղղակի մի քիչ ձեւեր է թափում»:
Պարոն Զուրաբյանը նաեւ անդրադարձավ ներքաղաքական զարգացումներին եւ շարունակեց. «Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց, որ բովանդակազրկի նախագահական ընտրությունները եւ բացառի հիմնական հակառակորդների մասնակցությունն իր այս շուլլերական խաղին: ժողովուրդն այստեղ էլ գտավ այլընտրանք, երբ Սերժ Սարգսյանը ստիպված է նորից կեղծել ընտրությունը, ժողովուրդը ընդվզեց: Իհարկե, այսօր արդեն ակնհայտ է, որ այդ ընդվզումը կառավարող քաղաքական լիդերներն ադեկվատ չգտնվեցին այդ ընդվզմանը, որի պատճառով էլ այդ ընդվզումը այսօր փակուղի է մտել: Մյուս կողմից ակնհայտ է, որ համատարած դժգոհությունը պահպանվում է: Ավելին՝ ապրիլի 9-ին կատարվել է աննախադեպ մի բան. Սերժ Սարգսյանի երդմնակալությանը չեն մասնակցել երկրի գլխավոր քաղաքական ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն (հիշեցնենք, որ ԲՀԿ-ի մի շարք պատգամավորներ մասնակցել են երդմնակալությանը.- Ա. Ս.) ՀՅԴ-ն, Ժառանգությունը չեն մասնակցել: Ավելի պերճախոս վկայություն Սերժ Սարգսյանի տապալման կարո՞ղ ենք ունենալ; Այսօր ունենք ընդվզած ժողովուրդ, բոլոր գլխավոր քաղաքական ուժերը գիտակցում են, որ այսպես այլեւս չի կարող շարունակվել, եւ նրանք չեն ընդունում Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը: Կարծում եմ՝ բոլոր հիմքերը կան պնդելու, որ երկրում այսօր ստեղծված է հեղափոխական վիճակ: Այս իրավիճակում մեզնից պահանջվում են գրագետ գործողություններ, որոնք թույլ կտան թուլացնել ռեժիմի դիրքերը, բացել հեռանկարներ ժողովրդավարության հաստատման համար»:
Նրա խոսքերով, այդ առումով, կարեւոր եւ ռազմավարական նշանակություն ունեն առաջիկա ավագանու ընտրությունները. «Նպատակ ենք դրել մեր առջեւ ազատագրել Երեւանը, Երեւանի քաղաքապետարանը Սերժ Սարգսյանի ռեժիմից: Ռեժիմը երբեք այսքան ատելի ու թուլացած չի եղել, քան այսօր: Պետք է անհաշտ պայքար սկսել ավագանու ընտրություններում մեր հաղթանակի համար: Սա իրատեսական նպատակ եմ համարում, հատկապես որ այս նպատակը կիսում են այլ քաղաքական ուժերը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Անհրաժեշտ է գործողությունների հստակ ծրագիր:
Այժմ այդ ծրագրի կարևոր կետը կարող է լինել՝
ՏԻՄ ընտրություններում ընդդիմության համատեղ հաղթանակը ՀՀԿ/ԲՀԿ/ՕԵԿ – ի նկատմամբ՝ ՀՀԿ-ին Դե Յուրե արգելելով ընտրություններից հետո հրապարակայնորեն իր մեծամասնություն ունենալու ստահոդ հավակնությունների մասին խոսելու «իրավունքից»:
Դա կլինի ՀՀԿ-ի իշխանազրկության գործընթացի փաստացի սկիզբը: