Հաղթողների անունները հայտնի կդառնան հոկտեմբերի 26-ին
Այսօր մեկնարկեց «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, որն արդեն երրորդ անգամ կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) և «Orange Արմենիա» ընկերության կողմից: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային և բջջային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում: Առաջնությունը կբացահայտի տաղանդավոր երիտասարդներին և կմոտիվացնի նրանց կառուցել իրենց ապագան համակարգչային/ բջջային խաղերի նախագծման ոլորտում:
«Նախորդ տարվա առաջնության շրջանակներում ներկայացված նախագծերի որակը գերազանցեց մեր բոլոր ակնկալիքները: Մենք հրաշալի լուծումներով նախագծեր տեսանք, որոնք արդեն ամբողջովին պատրաստ էին և կարող էին մտնել շուկա: Ուրախությամբ հայտարարում ենք երրորդ առաջնության մեկնարկը, և ակնկալում ենք, որ հետագայում մասնակիցների մի մասը կստեղծի սեփական բիզնեսը տվյալ ոլորտում, իսկ մյուս մասն էլ կհամալրի համակարգչային խաղերի նախագծմամբ զբաղվող հայկական ընկերությունների աշխատակիցների թիվը»,- ասաց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Ուրախ ենք արդեն երրորդ տարին անընդմեջ համագործակցել ԻՏՁՄ-ի հետ` աջակցելու նոր ու հետաքրքիր գաղափարների իրագործմանը: Անցյալ տարի մասնակիցների թիվը կրկնապատկվել էր նախորդ տարվա համեմատությամբ, ինչը նշանակում է, որ խաղերի նախագծումն իսկապես դինամիկ զարգացող ոլորտ է, որը Հայաստանում նույնպես մեծ պոտենցիալ ունի: Վստահ ենք, որ այս տարի ավելի մեծ թվով հետաքրքիր ու բազմազան խաղեր ենք տեսնելու», ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Կարդացեք նաև
«Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունն անցկացվելու է 4 փուլով: Փուլ առ փուլ մասնակիցները ժյուրիի օգնությամբ կզարգացնեն իրենց նախագծերը և խաղերի ցուցահանդեսի ժամանակ կներկայացնեն պատրաստի խաղեր:
Ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի նախագծման մասնագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ, ովքեր իրենց խորհրդատվությամբ կաջակցեն մասնակիցներին մրցույթի ընթացքում: Մրցույթն անցկացվում է Plexonic, Triada, MicroSoft-RA, Sourcio, Zoom Graphics ընկերությունների և Tumo ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աջակցությամբ. նրանց ներկայացուցիչները հանդիսանում են առաջնության ժյուրիի անդամներ:
Մասնակիցները մրցելու են 9 անվանակարգերում՝ Լավագույն խաղ, Լավագույն բջջային խաղ, Լավագույն Game Play (սցենար), Նորարարություն, Լավագույն դիզայն, Լավագույն կերպար, Լավագույն 3D լուծում, Պատանիների առաջնություն (Junior), Ժողովրդական մրցանակ: Մրցանակային ֆոնդը կազմում է 1,700,000 դրամ, որը կբախշվի ըստ անվանակարգերի:
«Բաց Խաղ» առաջնությունը չունի տարիքային կամ նախագծերի տիպերի և տեխնիկական հնարավորությունների սահմանափակում: Գրանցվելու համար հարկավոր է այցելել www.opengame.am կայք և առցանց լրացնել մասնակցության հայտը կամ բեռնել այն և լրացնելուց հետո ուղարկել [email protected] էլ. հասցեին, նամակի վերնագրի տողում նշելով` “Open Game” contest application:
Գրանցումը բաց է մինչև 2013թ. սեպտեմբերի 30-ը, սակայն բոլոր այն մասնակիցների, ովքեր կգրանցվեն մինչև հունիսի 10-ը, հնարավորություն կունենան ստանալու ժյուրիի խորհրդատվական աջակցությունը, ինչպես նաև մասնակցելու հունիս ամսին անցկացվելիք Digitec Business Forum-ին:
«Բաց Խաղ» առաջին առաջնությունն անցկացվել է 2011թ: Առաջնության ներկայացված էր 25 նախագիծ: 2012թ. ներկայացված նախագծերը 40-ն էին, որոնցից 19-ն անցան եզրափակիչ փուլ, իսկ 7-ն արժանացան դրամական մրցանակների: Առաջնության ավարտից հետո արդեն մի ամսվա ընթացքում առաջնության մասնակիցներից մի քանիսին արվեցին գործնական առաջարկներ՝ մասնավորապաես առաջնության ժյուրիի անդամների կողմից: