Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագծի հեղինակները քաղաքական նպատակ են հետապնդում

Ապրիլ 13,2013 10:21

«Մարտի 1»-ի զոհերի մահվան հանգամանքները եւ իրավապահ մարմինների գործողությունների օրինականությունը ուսումնասիրելու նպատակով ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագծի վիճահարույց դրույթների մասին է մեր հարցազրույցը ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ

-Նախագծի քննարկման ժամանակ դուք, ՀՀԿ խմբակցության ձեր գործընկերները լուրջ վերապահումներ հայտնեցիք՝ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման իրավական հիմքերի եւ արդյունավետության հետ կապված։ Որո՞նք են ձեր հիմնական մտահոգությունները ՀԱԿ-ի հեղինակած օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ։
-Մի կողմ թողնենք, որ 2008թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած մահվան դեպքերի չբացահայտված լինելու հանգամանքը առանձին քաղաքական ուժերի, տարբեր քաղաքական գործիչների այս թեման շահարկելու, քաղաքական կրքեր բորբոքելու առիթ եւ հնարավորություն է տալիս։ Փորձենք հասկանալ՝ արդյոք սահմանադրությունը Ազգային ժողովին թո՞ւյլ է տալիս ստեղծել ժամանակավոր հանձնաժողով ցանկացած հարցով։
Սահմանադրության մեջ հստակ ամրագրված է՝ բոլոր պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք իրավասու են կատարել գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ եւ օրենքներով։ Նույնը վերաբերում է նաեւ Ազգային ժողովին. ԱԺ-ը չի կարող դուրս գալ սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից։
Գլխավոր դատախազությունը, սահմանադրության համաձայն, հսկողություն է իրականացնում ցանկացած քրեական գործով հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ։ Այս նախագծով առաջարկվում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի գլխավոր դատախազության, հատուկ քննչական ծառայության եւ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների, գործողությունների օրինականությունը եւ հիմնավորվածությունը։ Ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով, արդյոք ԱԺ-ը ունի բավարար գործիքներ՝ իրականացնելու իր առջեւ դրված խնդիրները։
-ԱԺ կանոնակարգ-օրենքը չի՞ կարգավորում այդ դաշտը։
-Կանոնակարգում ընդամենը մի հոդված կա, որը մի մասով կրկնում է սահմանադրական դրույթը, երկրորդ մասով նախատեսում է, որ ժամանակավոր հանձնաժողովի խնդիրները, գործունեության ժամկետները եւ կարգը սահմանում է խորհրդարանը։ Գործունեության կարգ ասելով՝ արդյոք պե՞տք է հասկանալ հավելյալ լիազորություններ, օրինակ՝ հրավիրելու համապատասխան պաշտոնատար անձանց եւ նրանցից որոշակի փաստաթղթեր, քրեական գործեր, բացատրություններ պահանջել։ Արդյոք նրանք պարտավո՞ր են կատարել մեր պահանջները՝ այն, ինչը փորձում ենք ամրագրել մեր որոշման մեջ։
Եթե օրենքով, սահմանադրությամբ դատախազի, ոստիկանի, քննիչի վրա նման պարտականություն դրված չէ, կարո՞ղ ենք դա անել ԱԺ որոշմամբ։ Եվ հետո, հարց է առաջանում՝ եթե չեն տրամադրում, ի՞նչ կարող ենք անել, ի՞նչ իրավական հետեւանք կարող է առաջանալ։
Այո, սահմանադրությամբ ամրագրված է, որ խորհրդարանն իրավասու է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով ցանկացած հարցով, բայց դրա համար պետք է լինեն բավարար օրենսդրական երաշխիքներ։ Այստեղ ունենք օրենսդրական լուրջ բաց եւ պետք է փորձենք լրացնել այդ բացը։ Կարծում եմ, ժամանակավոր հանձնաժողովների ստեղծման եւ արդյունավետ գործունեության տեսակետից կարիք կա ամբողջովին վերանայել մեր օրենսդրությունը, այդ թվում՝ ԱԺ կանոնակարգը։
-Որոշման նախագծի հիմնավորումները որքանո՞վ համոզիչ են, ձեր կարծիքով։
-Նախաբանում որոշակի գնահատականներ են տրվում՝ չգիտես ինչու, հղում անելով միջազգային կառույցների պահանջներին։ Անկախ նրանից, որ միջազգային կառույցների՝ ԵԽ ԽՎ, Եվրամիության զեկույցներում եւ բանաձեւերում կարող է անդրադարձ լինել ներքին դաշտի համար կարեւորագույն այս խնդրին, չեմ կարծում, թե պետք է հղում անենք այդ կառույցներին եւ ներկայացնել դա որպես հիմք՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար։ Սա ուղղակի անընդունելի մոտեցում եմ համարում։
Որպես հիմնավորում նշվում է, որ մարտիմեկյան դեպքերից 5 տարի անց որեւէ առաջընթաց չկա սպանությունների բացահայտման գործում։ Ես հիմնական զեկուցողին հարց ուղղեցի՝ որոշման նախագիծը կազմելուց առաջ դիմե՞լ են համապատասխան մարմիններին, փորձե՞լ են պարզել՝ քննությունն ինչ փուլում է։ Մեր ձեռքի տակ չկա համապատասխան տեղեկանք, որից կարելի է հետեւություն անել՝ առաջընթաց արձանագրվե՞լ է, թե՞ ոչ։ Այսինքն՝ մենք փաստում ենք մի իրողություն, որի վերաբերյալ փաստաթղթային որեւէ հիմք չունենք։
Նույնը վերաբերում է նախագահի կողմից տրված հանձնարարականին առնչվող դրույթին։ Կարծում եմ, ճիշտ կլիներ, որ նախագծին դրական եզրակացություն տալուց առաջ հանձնաժողովը տեղեկանքներ պահանջեր իրավասու մարմիններից՝ ոստիկանությունից, դատախազությունից, ՀՔԾ-ից։ Ինչո՞ւ չէ՝ հրավիրել, լսել նրանց տեսակետները, հետո որոշում կայացնել։
-Ջհանգիրյանը հայտարարեց, որ հանձնաժողովի աշխատանքը չքաղաքականացնելու «խաթեր» պատրաստ է հրաժարվել բաց նիստերի գաղափարից։ Դա կարո՞ղ է չեզոքացնել խնդիրը վերստին քաղաքական շահարկումների առարկա դարձնելու վտանգները։
-Չեմ կարծում, թե դռնփակ նիստեր անցկացնելով՝ հնարավոր է չեզոքացնել որոշակի խմբերի կամ խմբակցությունների քաղաքական նկրտումները, եթե խմբակցության որեւէ պատգամավոր իր առջեւ խնդիր է դրել քննարկումների ժամանակ շիկացնել մթնոլորտը, ցույց տալ իր ինքնաբավ կարգավիճակը, ներկայացնել այնպես, թե տիրապետում է բոլոր քրեական գործերի նյութերին։
Մինչեւ հնարավորություն չունենաս ամբողջապես ծանոթանալ այդ նյութերին, չես կարող դատողություններ անել, դիրքորոշում արտահայտել՝ իրականում ի՞նչ է տեղի ունեցել, արդյոք ձեռնարկված գործողությունները եղե՞լ են իրավաչափ, համաչափ, օրինական, թե՞ ոչ։ Անգամ նախկին կարգավիճակները՝ գլխավոր դատախազի օգնական, զինվորական դատախազ եւ այլն, չեն ընձեռում այդ հնարավորությունը, եթե վարույթ իրականացնող պաշտոնատար անձ չես եւ ամբողջական ծավալով չես տիրապետում քրեական գործի նյութերին։
Ինչքան էլ ասեն, որ խնդիրը բացառապես իրավական հարթության մեջ է, անկախ նրանից, որ առաջարկվում է տարբեր խմբակցությունների կողմից հիմնականում իրավաբան պատգամավորների ներգրավել այս հանձնաժողովի կազմում, միեւնույն է, հարցը քաղաքական է։ Ո՞վ ասաց, որ իրավաբան պատգամավորը, ընդգրկվելով հանձնաժողովի կազմում, բացառապես իրավական դիրքորոշում է արտահայտելու։ Ես թերահավատ եմ այդ հարցում։
Կարծում եմ, նույնիսկ մասնագիտական գիտելիքները չեն կարող զերծ պահել քաղաքական որոշակի շեշտադրումներ անելու գայթակղությունից, ինչին ականատես եղանք, երբ պարոն Ջհանգիրյանը, որպես հիմնական զեկուցող, ներկայացնում էր իր հիմնավորումները։ Ինչքան էլ ինքը փորձի խոսակցությունը տեղափոխել իրավական դաշտ, միեւնույն է, շեշտադրումները՝ ե՛ւ նախաբանում նշված հանգամանքները, ե՛ւ հանձնաժողովի ստեղծման ամբողջ գաղափարախոսությունը, բերում են այն համոզման, որ նախագծի հեղինակներն առավելապես քաղաքական նպատակ են հետապնդում։
-Ձեզ չի՞ զարմացնում, որ ՀԱԿ-ը անգամ կեսբերան չի ընդունում իր (թեկուզ չնչին) պատասխանատվությունը տեղի ունեցածի համար, ավելին՝ շարունակում է հանդես գալ մեղադրողի, դատապարտողի դիրքերից։
-Դրա համար պետք է ունենալ պատասխանատվության շատ բարձր գիտակցություն, որպես քաղաքական ուժ, որպես քաղաքական գործիչ։ Յուրաքանչյուրը, այո, պետք է գիտակցի մեղքի իր բաժինը՝ որտեղ է վրիպել, ինչ պետք է աներ, որ չի արել, կամ ինչ է արել, որ չպիտի աներ։
Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մարտիմեկյան ողբերգության համար պատասխանատու են ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմադիր քաղաքական ուժերը, ընդհանուր առմամբ՝ ամբողջ հասարակությունը։ Ստացվում է այնպես, որ իրենք հասարակության մաս չեն՝ իրականությունից կտրված առանձին միավոր են, որի միակ խնդիրն է՝ գնահատականներ տալ, սլաքը ուղղել իշխանությունների վրա եւ ասել, ամեն ինչի մեղավորը նրանք են։ Կարծում եմ, սա առնվազն ճիշտ մոտեցում չէ։
Առավել եւս անընդունելի է, երբ վերջնագրեր են ներկայացնում, մատնացույց անում նախընտրական շրջանում ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունները եւ ասում՝ պարտավոր եք նման որոշում կայացնել։ Ի վերջո, խորհրդարանը այն հարթակն է, որտեղ կարող են հնչել միանգամայն տարբեր տեսակետներ նույնիսկ նույն խմբակցության անդամների կողմից, ինչի ականատեսը եղաք քննարկումների ընթացքում։
-Շատերի ուշադրությունը գրավեց այն փաստը, որ հիմնական զեկուցողը, հակադարձելով ձեր նկատառումներին, անընդհատ շեշտում էր, որ ժամանակին աշխատել եք դատախազության համակարգում։ Դրանով ի՞նչ էր ուզում ասել՝ որ եղել եք իր ենթակայության տա՞կ։
-Ո՛չ, չի եղել նման բան։ Հաջորդ անգամ թերեւս օգտվեմ վարման կարգով նախատեսված արձագանքելու հնարավորությունից, որովհետեւ սա առաջին փորձը չէ։ Այո, աշխատել ենք նույն համակարգում, բայց չի եղել այնպիսի ժամանակահատված, երբ ես եղել եմ իր անմիջական ենթակայության տակ. զբաղեցրել եմ գլխավոր դատախազի ավագ օգնականի պաշտոնը եւ ենթարկվել եմ բացառապես գլխավոր դատախազին։
Տարբեր հանձնաժողովներում ես եմ վերադասության կարգով քննել զինդատախազության կողմից քննված որոշակի գործեր, ստուգել դրանց օրինականությունը եւ հիմնավորվածությունը՝ ընդգրկված լինելով գլխավոր դատախազի կողմից ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի կազմում։
Ցավում եմ, որ նախկին գործընկերս ԱԺ ամբիոնից երբեմն ճիշտ մոտեցում չի ցուցաբերում։ Չէի ուզենա նույն գործելաոճը որդեգրել։ Կարծում եմ, պետք է բարեկիրթ հարաբերություններ պահպանել թե՛ գործընկեր պատգամավորին դիմելիս, թե՛ գործնական շփումների ընթացքում։ Ի դեպ՝ այս պահին պարոն Ջհանգիրյանն ընդգրկված է ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հանձնաժողովում, որը, ինչպես գիտեք, ես եմ ղեկավարում։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930