Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու պահանջ եւ մեկ կամք

Ապրիլ 13,2013 10:15

Ազատության հրապարակում բոլոր ժամանակներում հավաքված ժողովուրդը, ըստ էության, մեկ կարեւորագույն պահանջ ունի, եւ այդ պահանջն ամենեւին էլ ընտրությունների արդյունքների վերանայումը չէ կամ մարդու իրավունքների պաշտպանության ցածր մակարդակը. ժողովուրդն ինչպես իր տեսակի մեջ է պարզ, այնպես էլ իր պահանջում. նա պարզապես ցանկանում է բարելավել իր սոցիալական իրավիճակը, ավելի պարզ` լավ ապրել: Քանի որ ժողովրդի լավ ապրելու խնդիրը չի լուծվում տվյալ իշխանության օրոք, ապա, բնականաբար, ժողովուրդը լուծողների դերում տեսնում է ընդդիմությանը, որն արդեն, հենվելով ժողովրդի լավ ապրելու պահանջի վրա, վիճարկում է նաեւ ընտրությունների արդյունքները, վեր հանում մարդու իրավունքների խախտման դեպքեր: Եվ ընդդիմության վարպետությունից է կախված, թե որքանով ժողովուրդն իր լավ ապրելու պահանջի բավավարումը կկապի տվյալ ընդդիմության հետ:

Հետեւաբար, երբ հրապարակում տեսնում ենք ընդդիմությանն ու ժողովրդին, եկեք տարբերակենք նրանց պահանջները: Յուրաքանչյուր իշխանություն, նույնիսկ արդի պատմության մեջ ամենախոստումնալից սոցիալիստական իշխանությունը, ամենեւին էլ չբարելավեց ժողովրդի լավ ապրելու պահանջը, ինչը խոստանում էր հեղափոխությունից առաջ, ուրեմն իշխանությունը` լինի կարմիր, դեղին, թե կապույտ, բոլորովին չի լուծում ժողովրդի լավ ապրելու խնդիրը, այդ իսկ պատճառով էլ յուրաքանչյուր երկրում յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ հնարավորություն է ստանում դառնալու իշխանություն: Պարզապես որոշ երկրներում ընդդիմությունից իշխանություն դառնում են ընտրություններով, մեզանում, որպես կանոն, բանակցություններով:

Բայց, սա, իհարկե, խոսակցության այլ թեմա է, տվյալ պարագայում կենտրոնանանք երկու պահանջի վրա: Ժողովրդի լավ ապրելու պահանջին այսօրվա ընդդիմությունը շաղկապել է Ընտրական օրենսգրքի բարելավումը, երկրում պետական կառավարման համակարգի փոփոխությունը, օրինակ, անցումը` կիսանախագահական հանրապետությունից խորհրդարանականի եւ այլն: Ընդ որում, այսօրվա ընդդիմությանը հաջողվել է բացատրել ժողովրդի մի ստվար մասի, որ լավ կապրի այն ժամանակ, երբ Ընտրական օրենսգիրքն ու կառավարման համակարգը փոփոխությունների ենթարկվեն: Սակայն այս վերջին երկուսը գոնե ոչ թե ժողովրդի պահանջներն են, այլ հենց ընդդիմության: Հետեւաբար, եթե իշխանությունը բավարարում է այս պահանջները, այսինքնՙ համաձայնում է այսօրվա ընդդիմության հետ` առնվազն քննարկելու երկրում կառավարման հակակարգի ու Ընտրական օրնսգրքի առաջարկվող փոփոխությունները, ապա, ըստ էության, ամենեւին էլ չի բավարարում ժողովրդի պահանջը, այլ ընդամենըՙ ընդդիմության, գուցե նաեւ նպատակ ունենալով վերջինիս ներմուծել իշխանական համակարգ` տալով իշխանական լծակներ, բանակցությունների, այլ ոչ թե ընտրությունների արդյունքով, ի դեպ: Իսկ եթե իշխանությունը, փոխարենը ընդդիմության հետ «Ընտրական օրենսգիրք քննարկելու», կառավարական ծրագրում ներառում է ժողովրդի կենսամակարդակը էականորեն, եթե հնարավոր չէ` զգալիորեն, բարելավելու գործուն մեխանիզմներ ու ծրագրեր, եւ ժողովուրդն այդ ծրագրերի արդյունավետությունն անմիջապես կամ կարճ ժամանակահատվածում զգում է, ապա ստացվում է, որ իշխանությունը զրկեց ընդդիմությանը իշխանություն դառնալու ռեսուրսից, քանի որ ժողովուրդը ստացավ իր կարեւորագույն խնդրի լուծումը ոչ թե ընդդիմությունից, այլ իշխանությունից:

Հետեւաբար, եթե մանավանդ այսօր, երբ «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հայտարարում է. «Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի քաղաքական հուղարկավորությունն էր, եւ այսուհետեւ մեզ համար Սերժ Սարգսյան նախագահ գոյություն չունի, հետեւաբար իմաստ չենք տեսնում նրա հետ նստելու բանակցությունների», ապա արդյոք ավելի նպատակահարմար չէ՞ իշխանությանը, որ դրսեւորելով քաղաքական կամք` պարզապես լուծի ժողովրդի ամենակարեւոր խնդիրը:

Հ. Գ. – Ի դեպ, օրեր առաջ ՕԵԿ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, թե «մեր ժողովուրդը լավ կապրի այն ժամանակ, երբ իր սրտով ընտրի իր իշխանություններին», թերեւս` առանց մեկնաբանությունների:

Հովիկ ԱՖՅԱՆ

«ԱԶԳ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930