Ավագանու ՕԵԿ-ական թեկնածու ուսուցչուհի Սոֆյա Արթենյանն այսօր Աջափնյակ համայնքում կուսակիցների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ-ը գովերգելուն զուգահեռ բանաստեղծություններ էր արտասանում:
«Իմ նուրբ բուրմունքը դուք չեք հոտոտել, ինչ է թե ջրվոր հայր եմ ունեցել: Սին, ունայն մարդիկ… իմ ջրվոր հայրը ձեզ ծով կտանի, ծարավ կբերի: Սիրելի աջափնյակցիներ, ով եմ ես: Ես այնտեղ եմ, որտեղ կխարանեմ անարդարության դիմակը: Ինձ ուղարկեք այնտեղ, որտեղ կպաշտպանեմ աջափնյակցիներին իմ ողջ մարտական եռանդով: Մենք չենք հրամայելու, մենք ջանալու ենք ձեզ համար, առանց ձեր ցանկությունների որեւէ բան չենք իրագործելու: Մենք ձեր հոգսերը մեր շալակին տանելու ենք, պաշտպանելու ենք ձեզ ազնվորեն: Ապացուցել ենք մեր անցած կենսագրությամբ ու ճանապարհով: Եվ վերջապես մեզ արժեւորելու համար մեր նկարը չենք փոխելու Սեւակի նկարով: Տարոն Մարգարյանը, եթե իմանար իր նկարը տեղադրվել է Սեւակի նկարի փոխարեն, ինքն էլ կվիրավորվի, որովհետեւ չպետք է Սեւակին նեղացնենք: Առանց այն էլ Սեւակը մեզնից նեղացած, խոցված գնաց»:
Տիկին Արթենյանը նաեւ իր խոսքը եզրափակեց Պարույր Սեւակի բանաստեղծությամբ. «Մի վախեցիր ժանգոտ թասից ժանգ քերելուց, նա դրանից չի փչանա: Մի վախեցիր վատի մասին շատ խոսելուց, նա դրանից կքչանա: Մենք պետք է վատի մասին խոսենք ու շարունակ խոսենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև