Նրա առողջական վիճակը միջին ծանրության է:
Ապրիլի 12-ին, ժամը 19-ի սահմաններում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 28-ի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել էլեկտրական հոսանքի հենասյանը, որի հետեւանքով մեքենայի մեջ գտնվող, Տավուշի մարզի Կողբ գյուղի 6-ամյա բնակիչ Սարգիս Ղարագյոզյանը մահացել է:
Ավտոմեքենան վարել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղի 22-ամյա բնակիչ Սերգեյ Ալավերդյանը, ում հայրը եւ ավտոմեքենայի տեր Մանվել Ղարագյոզյանը մորաքրոջ որդիներ են: Ավտովթարից զոհված 6-ամյա Սարգիսը Մանվել Ղարագյոզյանի տղան էր: Իրավապահ մարմիններից տեղեկացանք, որ մահացու ելքով վթարի պատճառը, ամենայն հավանականությամբ, սահմանված արագության գերազանցումն է: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանը հայտնեց, որ իրենց կենտրոն տեղափոխված Սերգեյ Ալավերդյանի առողջական վիճակը միջին ծանրության է: Բժիշկները կասկածում են, որ նա վթարի հետեւանքով կարող է ունենալ գանգուղեղի վնասվածք: Վերջինս այդ պատճառով Նոյեմբերյանից այժմ տեղափոխվում է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, որպեսզի այնտեղ ենթարկվի ուղեղի համակարգչային տոմոգրաֆիայի: Նշենք, որ Սերգեյ Ալավերդյանի ընտանիքը ճակատագրի չար կամոք մշտապես տուժել է դեպքերից. Սերգեյի հայրական պապը մահացու հետեւանքով վթարի պատճառ է դարձել, Սերգեյի հայրը սպանություն կատարելով՝ վերջերս է վերադարձել ազատազրկման վայրից:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ