Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպան Հրանտ Գեւորգյանը մեղադրողներին . «Դատարան եք բերել կես, օժանդակ վարկածով գործ»

Ապրիլ 12,2013 21:01

Ամբաստանյալները դատարանից պահանջեցին արդարացնել իրենց:

 

Լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության ապրիլի 12-ի նիստում ծավալուն՝ 37 էջից բաղկացած ճառով հանդես եկան քրեական գործով գլխավոր ամբաստանյալ, գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Հրանտ Գեւորգյանը եւ Արմինե Ղասաբօղլյանը:

Նրանք մանրամասն  անդրադարձան  նախաքննության եւ դատաքննության ընթացքում կատարված խախտումներին: Պաշտպանները  հայտարարեցին, որ մեղադրողի ճառը՝ բովանդակային և ապացուցողական  մասով, հիմնականում արտագրված էր մեղադրական եզրակացությունից,  այն սահմանափակ էր  և չէր  բխում գործի ամբողջ տվյալներից:

Նրանց խոսքով ՝տպավորություն  ստեղծվեց,  որ  դատական քննության ընթացքում  նոր ապացույցներ կամ  նոր հանգամանքներ  ի հայտ չեն եկել, 1 տարի 8 ամիս տևող դատական քննությունը ժամանակի անիմաստ վատնում  էր:

Պաշտպաններն ասացին, որ եթե քրեական գործը քննվեր ամբողջ ծավալով, առաջ քաշվեին և քննության առարկա դարձվեին  գործից բխող բոլոր վարկածները, ապա քրեական գործն անկասկած կունենար այլ ելք:  Նրանք հայտարարեցին, որ Հ. Մանուկյանին ՀՀ քրեական  օրենսգրքի 360 և 365 հոդվածներով ինչպես նաև 375 հոդվածի 2-րդ մասով   մեղսագրված հանցանքը   բավարար ապացույցներով հաստատված չէ,  չի բխում գործով ձեռք  բերված ապացուցներից,  պետք է կայացվի արդարացնող դատավճիռ, Մանուկյանի նկատմամբ պատիժ պետք է նշանակվի ՀՀ քրեական օրենսգրքի  375 հոդվածի  1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման համար` կապված 2010թ. հուլիսի 19-ին Ա.  Նազարյանի հետ տեղի  ունեցած  միջադեպի  հետ:

Պաշտպանների խոսքով՝  եթե դատարանը այնուամենայնիվ հաստատված կհամարի Մանուկյանին մեղսագրված,  քրեական օրենսգրքի  360 և 365 հոդվածներով  նախատեսված  արարքը, այդ դեպքում դատարանը պետք է    կիրառի համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի  2011թ. մայիսի 20-ի որոշումը  և կարճի  ՀՀ քրեական օրենսգրքի  360 և 365 հոդվածներով  Մանուկյանին առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ պետական մեղադրող Հարություն Հարությունյանը դատարանին միջնորդել էր Հ. Մանուկյանին դատապարտել 13 տարվա ազատազրկման :

Դատական ռեպլիկների փուլում  Հրանտ Գեւորգյանն ասաց, որ եթե դատարանը անտարբեր չլիներ իրենց ներկայացրած միջնորդությունների նկատմամբ, ապա քրեական գործն այլ ընթացք կունենար : Պաշտպանը  դիմելով  մեղադրողներին՝ հայտարարեց. « Դուք դատարան եք բերել կես, օժանդակ վարկածով գործ, դուք չեք  կարող պատասխանել այն հարցին՝ Նազարյանը սպանվե՞լ է, թե՞ ինքնասպան է եղել, եթե նրան ինքնասպանության են հասցրել, ո՞վքեր են դա արել՝ 2010թ. հուլիսի 27-ի՞ն, թե՞ հուլիսի 19-ին նրա հետ  շփվածները» : Հ. Գեւորգյանն ասաց, որ վկաների ցուցմունքներն անթույլատրելի ապացույցներ են, քանի որ նրանցից կորզվել են ճնշման ներքո : Նա  դատարանից պահանջեց  վերսկսել դատաքննությունը :

Ռեպլիկներով հանդես եկան նաեւ մեղադրող Հարություն Հարությունյանը, տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, վերջինիս ներկայացուցիչ, իրավապաշտպան  Ռուբեն Մարտիրոսյանը, Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը : Քրեական գործով 4 ամբաստանյալները  իրենց վերջին խոսքում  հայտնեցին, որ  առաջադրված մեղադրանքում  մեղավոր  չեն ճանաչում եւ դատարանից պահանջեցին իրենց նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ: Վերջին  խոսքը չհասցրեց հայտնել միայն  ամբաստանյալ լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, քանի որ դատավոր Սամվել Մարդանյանը հետաձգեց դատական նիստը: Հայրապետյանն իր խոսքը կասի  հաջորդ նիստում՝ ապրիլի 23-ին : Դրանից  հետո դատավորը  կհեռանա խորհրդակցական սենյակ՝  դատավճիռ կայացնելու:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930