Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն անձնագրային տվյալների դիմաց մատչելի խոզի միս չի վաճառում

Ապրիլ 12,2013 20:43

 

Նաիրա Զոհրաբյանն անհեթեթություն է որակում նման լուրերը:

«Մենք փորձում ենք բոլոր երևանցիներին մասնակից դարձնել փոխելու և Երևանից սկսելու մեր ծրագրին ու հաշվի առնելով մարդկանց վերաբերմունքը, հետաքրքրվածությունը` դա մեզ կհաջողի»,-այսօր Հյուսիսային պողոտայում կազմակերպած ակցիայից հետո մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ԲՀԿ-ն այսօր ակցիա էր կազմակերպել Հյուսիսային պողոտայում: ԲՀԿ-ի Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի համատեքստում նախաձեռնած այսօրվա ակցիայի ժամանակ Հյուսիսային պողոտայով անցնող-դառնող երևանցիներին Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը և այլ ԲՀԿ-ականներ ստորագրում էին վերնաշապիկների վրա գրված «Սկսենք Երևանից»-ի տակ ու հանձնում այդ վերնաշապիկը քաղաքացիներին:

Մինչ անձրեւը տեղում էր, տիկին Զոհրաբյանն իր գործընկերներին սեփական օրինակով ցույց տվեց, թե ինչպես պետք է պաշտպանվել անձրևից` ԲՀԿ էմբլեմով վերնաշապիկը հագնելով ու գլխարկը դնելով:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ակցիան կուսակցության ամենօրյա աշխատանքի մի մասն է, պարզապես իրենք ևս մեկ անգամ Երևանի փողոցներից մեկում պատահական անցորդներին մասնակից դարձրեցին Երևանից սկսելու փոփոխությունների ծրագրին.
Ամփոփելով քարոզարշավի առաջին շաբաթվա ավարտը եւ պատասխանելով հարցին` մթնոլորտը թեժ է, արդյոք տեսնո՞ւմ է մրցակիցների կողմից ոչ կոռեկտ դրսևորումներ, ԲՀԿ քարոզչության պատասխանատուն նշեց, որ ցանկացած ընտրություն ենթադրում է լարվածություն, որովհետև խոսքը մրցակցության մասին է և առանց բնական լարվածության հնարավոր չէ պատկերացնել այն: Բայց կա լարվածության թույլատրելի չափաբաժին ու սահման և կան իրավիճակներ, երբ մրցակիցներն անցնում են կոռեկտության սահմանները. «Այս պահին հատուկ լարվածություն, կարծես թե, նկատելի չէ, բայց նաև պետք է ընդունենք, որ հատկապես իշխող կուսակցության մեր որոշ ընկերները հատկապես սոցիալական ցանցերում անցնում են կոռեկտության սահմանը: Մենք ասել ենք` մեզ համար թշնամի չկա, մեզ համար բոլորը մրցակից են և հավասար մրցակից: Մեզ համար չկա ավելի կարևոր, ուժեղ կամ անկարևոր մրցակից: Մենք բոլորի հետ պատրաստ ենք մրցելու հավասար մրցակցային դաշտում»:

Տիկին Զոհրաբյանը նկատեց, որ երբ փորձ է արվում տարբեր կարգի ճնշումներ գործադրել տարբեր ատյանների կողմից` դա արդեն ի չիք է դարձնում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու մասին ցանկացած հայտարարություն. «Հույս ունենանք, որ մենք գոնե այս ընտրություններում իրապես կունենանք մրցակցային հավասար պայմաններ: Մենք, կրկնում եմ, գնում ենք ընտրությունների հաղթելու համար և մենք չենք ասում, թե Երևանը «բռոնյա ենք» արել և չենք ասում, թե երևանցու փոխարեն մենք ընտրել ու ընտրելու ենք: Մենք միայն ասում ենք, որ լինելու ենք Երևանի ամեն բակում ու շփվելու ենք երևանցու հետ` ներկայացնելով նրան մեր սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը»:

Նա անհեթեթ որակեց մամուլում հայտնված այն տեղեկությունները, թե ԲՀԿ-ն Երևանի Աջափնյակ վարչական շրջանում մատչելի խոզի միս է վաճառում քաղաքացիների անձնագրային տվյալների հավաքագրման դիմաց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930