Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտանիքից, դպրոցից հետո մեդիան երրորդն է իր ազդեցությամբ»

Ապրիլ 12,2013 19:52

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում իրականացվել է երկամյա հետազոտական ծրագիր` նվիրված էլեկտրոնային մեդիայի, հիմնականում հեռուստատեսության, սոցիալական ցանցերի, համակարգչային խաղերի և ֆիլմերի ազդեցության խնդիրներին: Այսօր «Արմատ» մամուլի ակումբում ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մենեմշյանը և Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի տեսության և պատմության ամբիոնի դասախոս Զարուհի Սարգսյանը խոսեցին ՀՀ ողջ տարածքում, մոտ 5000 դեռահասների շրջանում կատարած հետազոտության վերջնական արդյունքների մասին:

Հետազոտության արդյունքներով առաջին տեղում է «Բանակում» հեռուստասերիալը, երկրորդ տեղում` «Դժվար ապրուստ»-ը, երրորդ տեղում` «Vitamin club» և չորրոդ տեղն է զբաղեցրել «Կարգին սերիալ»-ը:

Ծրագրի ղեկավար Անահիտ Մենեմշյանն ասաց. «Այս առումով երկուստեք աշխատանք է տարվում: Մի կողմից ուսումնասիրում ենք մեդիաբովանդակությունը, մյուս կողմից փորձ է արվում մեր կողմից ճշտելու հենց դեռահասների արժեքները»:

Ծրագիրն իրականացնելու համար մշակվել են տեստեր, կազմվել անանուն հարցաթերթիկներ, որոք լրացրել են ՀՀ ողջ տարածքում ապրող մոտ 5000 դեռահաս: Հարցումների միջոցով պատկերացում է կազմվել հայ դեռահասի մեդիահետաքրքրությունների, նրանց մտածելակերպի և արժեհամակարգի մասին. ինչ է մտածում հայ դեռահասը իր Հայրենիքի, Հայոց բանակի, ընտանիքի, հարազատների, դպրոցի, գրքի, խոսքի, մշակութային օջախների, զվարճանալու կերպարի, մի շարք այլ կարևոր իրողությունների մասին:

Անահիտ Մենեմշյանը նշեց. «Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ վերջին շրջանում հատկապես մեդիաազդեցության մասին շատ-շատ է խոսվում և հատկապես  հեռուստատեսության ազդեցության մասին: Բայց մեծամասամբ դրանք մակերեսային դիտարկումների արդյունք են: Ուսումնասիրելով մեդիաբովանդակությունը` մենք ընտրել ենք հատկապես այն մեդիատեսակները, որոնք դեռահասները շատ են դիտում, շատ են լսում, համացանցային այն կայքէջերը, որտեղ շատ են լինում դեռահասները: Իսկ ինչո՞ւ ենք ընտրել դեռահասներին (12-16 տարեկան), երկու պատճառով` առաջին հերթին, որ ամենախոցելին են քարոզչությունը ընկալելու առումով, քանի որ հիմնականում նրանց ամբողջական չի ձևավորվել աշխարհայացքը, հոգեբանական կերպար ստեղծում են, և շատ արագ սպունգի նման ընկալում են այն ամենը ինչ նրանց տրվում է: Եվ երկրորդը, ըստ էության, դեռահասը վաղվա հասարակության կրողն է և իրենց ուսումնասիրելով կարող ենք որոշակի պատկերներ ստանալ մեր վաղվա հասարակությունից»:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի տեսության և պատմության ամբիոնի դասախոս Զարուհի Սարգսյանը հավելեց. «Մենք կարևորում ենք մեդիազդեցությունը դեռահասների արժեհամակարգի ձևավորման համար: Ֆրանսիացի տեսաբանները նշում են, որ ընտանիքից, դպրոցից հետո մեդիան երրորդն է իր ազդեցությամբ»:

Հետազոտության արդյունքներից մի փոքր հատված: Դեռահասները ռադիո չեն լսում մինչև 5%: Շատ դեռահասներ սերիալները դասել են հեռուստահաղորդումների դասին և որպես իրենց սիրած հեռուստահաղորդում նշել են ինչ-որ մի սերիալի անուն: Դեռահասները համացանցից հիմնականում օգտվում են ժամանցի նպատակով, երկրորդ տեղում է տեղեկատվություն ստանալը: Նախընտրելի ցանցերից է odnoklassniki.ru-ն, երկրորդ տեղում է facebook.com: Դեռահասների 70%-ը օգտվում է համացանցից՝ շփվելու համար: Համակարգչային խաղեր խաղում են գրեթե ամեն օր, սովորաբար 1-3 ժամ: Դիտարկման արդյունքներով facebook-ում հիմնականում ներկայանում են իրենց անուններով, ինչը չենք կարող ասել odnoklassniki մասին: Դեռահասների 53% պնդում է, որ ունենք հզոր բանակ: 45%-ի համար լավը չէ, բայց վատն էլ չէ: 4%-ը կարծում է, որ ամեն ինչ գլխիվայր է: 74%-ը գտնում է, որ պետք է ծառայի բանակում: Եվ ընդամենը 7%-ն է գտնում, որ չի ծառայելու: 43%-ը գտնում է, որ երբեք չի լքի Հայրենիքը: 52%-ը հայտարարում է, որ կլքի Հայրենիքը, եթե զգա, որ այլ երկրում կարող է ավելի լավ ապրել: Եվ 6%-ը միանշանակ գտնում է, որ Հայաստանում չի ապրելու:

 

Արմինե Համբարձումյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարութ says:

    Զարմանալ կարելի է, էս ինչ դասախոսներ են, որը մարդ չի ճանաչում, հարցումներն էլ ձևական բան են, նստած իրանց ֆակուլտետում նկարում են, հետո էլ հանդես գալիս: Գրանտային փողերն ուտում են ու ցուցանիշ ներկայացնում, ամոթ է էլի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930