Չորեքշաբթի օրը Կալիֆորնիայի Մոնտեբելլո քաղաքում բացվել է «Շարունակվող հայկական ցեղասպանություն. մահ, ժխտում և պղծում» ցուցահանդեսը, որը կազմակերպել է Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանը, ցեղասպանության 98-րդ տարելիցի կապացկությամբ: Գրում է «Էս Ջի Վի տրիբուն» թերթը:
Ցուցահանդեսին ներկայացված են 1915-1923թթ. օսմանյան թուրքերի կողմից հայերի համակարգված սպանությունները:
Ցուցահանդեսով հատկապես տպավորված էր քաղաքային պատգամավոր Ջեք Հաջինյանը, որի պապը՝ Սենեքերիմ «Սեմ» Առաքելյանը, փրկվել էր կոտորածներից ու ապրել մինչև 98 տարեկան:
«Ես ցեղասպանությունը վերապրածի թոռ եմ, այնպես որ սա պարզապես պատմության միջոցառում չէ», – ասել է Հաջինյանը, – «Սա իմ ընտանիքի պատմության մասն է: Սա հայոց պատմության անբաժան մասն է: Այս մարդիկ փախել են, որպեսզի նոր կյանք սկսեն: Այդ առումով Ամերիկան խոստումնալից և գրավիչ էր իմ ժողովրդի համար»:
Կարդացեք նաև
Հաջինյանը պատմել է, որ իր պապը 13 տարեկան էր, երբ ականատես դարձավ իր հոր ու հորեղբոր սպանությանը:
«Իմ պապը փրկվեց, քանի որ նրանք կանանց և երեխաներին ապրելու հնարավորություն տվեցին: Երկու թուրք զինվորներ վիճում էին՝ նա երիտասարդ տղա՞ է, թե՞ երիտասարդ տղամարդ», – պատմում է Հաջինյանը, – «Եթե նա երիտասարդ տղամարդ լիներ, նրան կսպանեին»:
Երբ նրա պապը 16 տարեկան էր, կամավոր մասնակցել էր Սարդարապատի ճակատամարտին:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընտանիքը գաղթել է ԱՄՆ, իսկ 1957թ. հաստատվել են Մոնտեբելլոյում:
Մինչև իր մահը՝ 2000թ., Առաքելյանը շարունակում էր հուզվելով պատմել ցեղասպանության մասին ու պարբերաբար գնում էր ցեղասպանության զոհերին նվիրված քաղաքի հուշարձանի մոտ:
«Իմ հորեղբայրը, որը մեր ընտանիքի պատմիչն էր, մահացավ փետրվարին: Պապիս և հորեղբորս կորցնելով՝ զգացի, որ ինքս պետք է շարունակեմ արդարությանը հասնելու պայքարը», – ասում է Հաջինյանը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ