Երեկ հանրային խորհրդում քննարկվել են «Արմավիա» ավիաընկերության եւ ՀՀ քաղաքացիական ավիացիային առնչվող խնդիրները: Քննարկումից հետո Aravot.am-ը ավիաընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելույանից հետաքրքրվեց, թե որքա՞ն է ավիաընկերության պարտքը, քանի որ տարբեր թվեր են շրջանառվում` 30-40 միլիոն դոլար, եւ արդյոք պարտքերի մի մասը պետությո՞ւնը պիտի վճարի, ինչպես որ վստահեցնում է քաղավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանը: Պարոն Բելույանը խուսափեց ընկերության պարտքի իրական թիվն ասել, նշելով, որ դա կոմերցիոն գաղտնիք է, իսկ ինչ վերաբերում է «Արմավիայի» պարտքերը պետության ուսերին թողնելուն, տնօրենը վստահեցրեց, որ այդպես չէ. «Ոչ, պետությունը չի մարելու»:
Մենք նաեւ փորձեցինք ճշտել, թե երբ են վճարելու օդաչուների աշխատավարձերի պարտքերը, քանի որ կան օդաչուներ, որոնց դեռեւս նախորդ տարվա հուլիսից աշխատավարձեր չեն վճարվել: Այս առնչությամբ էլ, «Արմավիայի» տնօրենը խոստացավ, որ անպայման վճարելու են, իսկ թե երբ՝ չպարզաբանեց:
Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում օդաչուները պատմել էին, որ «Արմավիան» մոտ 25 օդաչուների մի քանի ամիսների աշխատավարձ չի վճարել. «Բոինգ» ինքնաթիռի օդաչուներին աշխատավարձը դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերից չի վճարվել, իսկ «Էյրբասի» օդաչուներին` անցյալ տարվա հուլիսից: Ընդ որում, յուրաքանչյուրի աշխատավարձն ու թռիչքների հավելավճարները միասին ամսական կազմում են 2,500-3,500 դոլար:
Երեկ հանրային խորհրդի քննարկմանը ներկա էին նաեւ ավիաընկերության մի խումբ օդաչուներ, որոնք մեզ հետ զրույցում ասացին, որ այնքան էլ չեն հավատում «Արմավիայի» խոստումներին. «Մեզ ամեն անգամ խոստացել են, ամեն անգամ էլ հավատացել ենք, ուզում ենք հավատանք, բայց…մենք ինչքան աշխատել ենք, հավատով ենք աշխատել: Փաստորեն մեզ ասում են, ավելի լավ է չաշխատեիք, ավելի շուտ կլուծվեր հարցը»:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ