Ապրիլի 12-ին, ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ, կայացավ տեսակոնֆերանս Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի հայ համայնքի հայկական դպրոցների տնօրենների, մանկավարժների և ՀՀ սփյուռքի նախարարության պատասխանատու աշխատակիցների միջև:
Ողջունելով տեսակոնֆերանսի մասնակիցներին` Հ. Հակոբյանը բարձր գնահատեց Ավստրալիայի հայ համայնքի ինքնակազմակերպման արդյունավետ ջանքերը, Հայրենիքի հետ կապը պահելու և ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին ակտիվորեն մասնակցելու փորձն ու ցանկությունը:
Ներկայացնելով գերատեսչության աշխատանքները` տիկին Հակոբյանն առանձնացրեց Հայաստան եկած սիրիահայ մեր հայրենակիցների հետ տարվող գործընթացը: Նշվեց, որ Մասիսի, Աշտարակի և Վաղարշապատի քաղաքապետերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքներում սիրիահայերի համար թաղամասերի կառուցման վերաբերյալ: Առկա են առաջին հովանավորները: Նոր բնակարանների կառուցման հարցում ծախսերի մի մասը հոգալու են հենց սիրիահայ շահառուները: «Սակայն ուզում ենք ներգրավել նաև Սփյուռքի մեր համայնքներին: Եթե ամեն մի համայնք իր վրա վերցնի 3-4 սիրիահայի օժանդակելու հարցը, ապա «Նոր Հալեպ» անունով սիրիահայերի համար թաղամաս կառուցելու ծրագիրն արագ իրականություն կդառնա»,- հավաստիացրեց տիկին Հակոբյանը` կոչ անելով սկսել համայնքում սիրիահայերի օգնության շարժում:
Շնորհակալություն հայտնելով նախարարությանը Հայրենիքի հետ կապ հաստատելու նման հնարավորության համար` Ավստրալիայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Էդիկ Դարբինյանը և բոլոր ներկաները նախ շնորհավորեցին տիկին Հակոբյանին` Ծննդյան տարեդարձի առթիվ` մաղթելով անսպառ ուժ ու եռանդ սկսած համատեղ ծրագրերը իրագործելու համար: Ապա Համազգայինի Արշակ և Սոֆի Գոլստըն վարժարանի տնօրեն Նշան Պասմաճյանը գոհունակությամբ խոսեց նախարարության պատվերով և նախաձեռնությամբ ստեղծված արևմտահայերենի դասագրքերի մասին:
Կարդացեք նաև
ՀԲԸՄ Ալեքսանդր վարժարանի տնօրեն Մանուկ Դեմիրճյանը ցանկություն հայտնեց Հայաստանի որևէ դպրոցի հետ քույրացման գործընթաց սկսելու, իսկ Հովհաննես Թումանյանի անվան մեկօրյա դպրոցի տնօրեն Ռոբերտ Գրիգորյանը խոսեց հայերեն դասական ուղղագրությամբ դասագրքերի անհրաժեշտության մասին:
Նշելով, որ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձենությամբ Արշակ և Սոֆի Գոլստըն վարժարանի և Երևանի թիվ 136 դպրոցի քույրացման արդյունավետ փորձը արդեն կա, Հ. Հակոբյանը հավաստիացրեց, որ երկու խնդիրներն էլ առաջիկայում իրենց լուծումները կգտնեն:
ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մեկօրյա վարժարանից ուսուցչուհի Սիլվա Աղաբեկյանը կարևորեց Հայրենիքի, հայ մշակույթի մասին պատմող խտասալիկների անհրաժեշտությունը:
Մեկօրյա վարժարանի հայերենի ուսուցչուհի Սաթիկ Գևորգյանը փորձի փոխանակման կարգով խոսեց հայ մանուկներին 4 տարեկանից նախակրթարաններում պատրաստելու օգտակարության մասին: Կարևոր է ուշադրություն դարձնել նաև ուսուցիչների համար մեթոդական ձեռնարկների պատրաստմանը:
ՀՀ սփյուռքի նախարարը հավաստիացրեց, որ համայնք կուղարկվեն հայ գործիչների և հայկական մշակույթի մասին պատմող խտասալիկներ և «Խոսող Այբբենարան»:
«Մենք կարևորում ենք ՀԲԸՄ-ի կողմից ստեղծված Հայկական վիրտուալ համալսարանը, որը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդկանց համացանցի միջոցով սովորել հայերեն», – նշեց տիկին Հակոբյանը` հավելելով . «Իհարկե շատ կարևոր են նաև ուսուցիչների վերապատրաստումները, որ մենք իրականացնում ենք ինչպես «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում Հայրենիքում, այնպես էլ` Հայաստանից հայ համայնքներ գործուղված մասնագետների օգնությամբ»:
Տեսակոնֆերանսի մասնակիցները հավանության արժանացրին ՀԲԸՄ Ալեքսանդր վարժարանի տնօրեն Մանուկ Դեմիրճյանի առաջարկությունը` ստեղծել «Հայկական դպրոց» անվամբ էլեկտրոնային տեղեկատու, ուր տեղ կգտնեն բոլոր կրթական ձեռնարկների, դասագրքերի, խտասալիկների, թանգարանների և գրադարանների հղումները և դրանց մասին ամփոփ տեղեկատվություն:
Հեռավար հանդիպման ավարտին գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Ավստրալիայի հայ համայնքին, որի ջանքերով երկրի ամենախոշոր՝ Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու բանաձևը:
ՀՀ սփյուռքի նախարարություն