«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում
2013 թվականի ապրիլի 9-ին Հայ ժողովրդի նորագույն պատմությունը արձանագրեց մեր կյանքի վառ, պայծառ դրվագ: Այդ օրը Հայ ժողովուրդը՝ մենք, հռչակեցինք Նոր Հայաստան և երդվեցինք, որ հանուն մեր հավատի և Հանրապետության, լուծարում ենք մեր կապերը ներկա անօրինական իշխանության հետ: Հայտարարում ենք, որ չենք ճանաչում կեղծ ղեկավարներին, չենք հնազանդվելու սուտ օրենքներին, չենք ենթարկվելու անիրավ հրամաններին, լիազորված ենք իրավունքով, պաշտպանված ենք Սահմանադրությամբ և՛ չենք վախենում, և՛ չենք վաճառվում, և՛ չենք նահանջում:
Մենք` Հայաստանի Չորրորդ Հանրապետության քաղաքացիներս, երդվեցինք մեր պապերի երազանքով, մեր երեխաների ապագայով, մեր պետության Սահմանադրությամբ, որ մենք պայքարելու ենք, պայքարելու ենք ամենուր, պայքարելու ենք սիրով, պայքարելու ենք հավատքով և չենք հոգնելու, չենք հիասթափվելու, հույս ենք տալու իրար, ուժ ենք տալու իրար և մենք հաղթելու ենք: Հաղթանակ ենք արձանագրելու բոլոր ճակատներում:
Երդվեցինք, որ Մենք՝ Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներս, Սուրբ Արարատի շուքի ներքո կառուցելու ենք մեր իսկական Հայրենիքը, որտեղից չեն փախչում մեր եղբայրներն ու քույրերը, այլ որտեղ վերադառնում են բոլոր հայերը և հայաստանցիները, որտեղ կա իրավունք, կա աշխատանք, որտեղ կա ապագա, կա ընտրված նախագահ, արդար իշխանություն, երջանիկ ժողովուրդ:
Կարդացեք նաև
Այդ օրը հեռու չլինելու գիտակցությամբ, այդ օրը արդեն իսկ այսօր է գիտակցությամբ, շուրջ 25 տարի առաջ Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրեց Հայաստանը, նրա այդ որոշումը չէր ընդունվում և ընկալվում շատերի կողմից: Այս 25 տարիների ընթացքում նա երբեք չհրաժարվեց մեզ պատկանող օրը այսօր է լինելու գաղափարից և պայքար մղեց այդ օրվա համար:
2013 թվականի փետրվարի 18-ին Րաֆֆի Հովհաննիսյանն իր մեջ ապրող մեզ՝ բոլորիս, պատկանող լեգենդով մեզ էլ համոզեց և մեր մեջ էլ բացահայտեց մեր ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ և ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ քաղաքացի լինելու պատկանելիությունը: Ինչպես նա մենք էլ կատարեցինք մեր ընտրությունը՝ ստանձնեցինք պարտականություն:
2013 թվականի փետրվարի 18-ից հետո անմնացորդ մերը դարձած Րաֆֆին մեր կողքին նվաճում է մեր իրավունքները՝ թողնելով անցյալում սուտը և կեղծիքը: 2013 թվականի ապրիլի 9-ը մեր համար դարձավ մեր իրավունքների նվաճման սկիզբ, իսկ Սերժ Սարգսյանի` կեղծ երդման և ստի մահ: Հաղթական քաղաքացիները պարտավորվեցին, որ պայքարելու են, և այդ պայքարը չի կարող լինել մեկ օրով, մեկ ժամով: Պարտավորվեցին, որ լծվում են «Նոր Հայաստանի» կերտման գործին: