Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Հայթայան. «Մենք ինքներս ենք բացահայտում մեր երկիրը ճապոնացիների աչքերով նաև»

Ապրիլ 12,2013 17:15

Գեղանկարիչ Արա Հայթայանն այսօր «Նովոստի» միջազգային մամուլի ակումբում խոսեց Ճապոնիայում տեղի ունեցած ցուցահանդեսի և այսօր «Դալան» պատկերասրահում կայանալիք անհատական ցուցահանդեսի մասին:

Ամեն ինչ սկսվեց մի քանի տարի առաջ, երբ գեղանկարիչը ծանոթացավ ճապոնագետ Վարդիթեր Հարությունյանի հետ: Ինչպես գեղանկարիչն է ասում. «Ես մշակույթի մարդ, Վարդիթերը` ճապոնագետ, ով հաճախ լինում է Ճապոնիայում, իր կողմից առաջարկ հնչեց, որ կան ուժեր Ճապոնիայում, կան մարդիկ, ովքեր ուրախ կլինեն այնտեղ տեսնել հայ արվեստ և գալ այստեղ` Հայաստան»:

Եվ այսպես ստեղծվեց հայ-ճապոնական արվեստագետների համագործակցությունը: Սկզբում բավականին բարդ էր, բայց այսօր արդեն այդ գործունեությունը հինգ տարվա կյանք ունի: Ճապոնացիների համար Հայաստանը հետաքրքիր երկիր է և գեղանկարչի խոսքերով. «Մենք ինքներս ենք բացահայտում մեր երկիրը իրենց աչքերով նաև»:

Ճապոնագետ Վարդիթեր Հարությունյանը նշեց. «Ճապոնիայում համագործակցում էինք Գինզայի Ճո Մե ցուցասրահի հետ: Որի տնօրենը շատ բարեհամբույր մի կին է և անընդհատ առաջարկում էր համագործակցություն Հայաստանի հետ: Ինքը Հայաստանը շատ է սիրում և մի քանի անգամ այցելել էր: Սկզբում բարդ էր, բայց ընթացքում արդեն ավելի հեշտ էր, և մենք հասկացանք ճապոնական մտածելակերպը և ճապոնացիները մեզ: Ավելի հեշտ էր այդ համագործակցությունը»:

Գեղանկարիչ Արա Հայթայանը Ճապոնիայի Գինզայի Ճո Մե պատկերասրահում ներկայացել էր իր անհատական ցուցահանդեսով: Այսօր արդեն Հայաստանում` «Դալան» պատկերասրահում, գեղանկարիչը կցուցադրի «Կորսված բնանկարի այլաբանություն» և «Նատյուրմորտի լուսանցքներում» աշխատանքների շարքը: Ինչպես գեղանկարիչն ասաց. «Այսօրվա ցուցահանդեսը կարելի է համարել ինչ-որ մի շրջափուլի ավարտ և ամփոփում, որի մասին կարելի է խոսել և այս գործունեությունը ներկայացնել»:

Իսկ ինչ վերաբերում է «Կորսված բնանկարի այլաբանություն» ցուցահանդեսի շարքի բովանդակությանը` գեղանկարիչը հավելեց. «Սկսած 90-ական թվականներից` իմ ակունքը բնության հետ շփման դա Դալմայի այգիներն էին: Քաղաքական սրություն չտալով այս հարցին, բայց երբ որ անցյալ տարի ես իմացա, որ այդ այգիները պետք է գրեթե քանդվեն, այնտեղով պետք է ճանապարհ անցկացվի, քանի որ գարունը ես միշտ այնտեղից եմ սկսել զգալ` ճեպանկարներ անելով, կարծես դա իմ ներշնչանքի հանքերից մեկն էր`ես որոշեցի գրանցել վերջին գարունը, մինչև այդ շինարարության սկսվելը: Եվ գրեթե երկու ամիս` մարտ-ապրիլ ամիսներին, այնտեղ էի և նկարեցի մի շարք, որի վրա աշխատեցի ամբողջ 2012 թվականը: Ինքը շարքը բնապաշտական է, երբ որ գոյացավ այդ շարքը, առաջարկ կար արդեն Ճապոնիայում ցուցադրվելու: Ես որոշեցի հենց այս շարքը ցուցադրել, քանի որ ճապոնացիների մոտ հստակ ընդգծված է այս բնապաշտական գիծը` իրենց բնավորության մեջ: Եվ այսպես շարքը ցուցադրվեց այնտեղ հաջողությամբ»:

«Դալան» պատկերասրահում գեղանկարիչ Արա Հայթայանի անհատական ցուցահանդեսի բացումը տեղի կունենա այսօր՝ ժամը 18:30-ին, որը բաց կլինի մինչև ապրիլի 30-ը:

Արմինե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930