Լուրերը, որ «Բարեւ Երեւան» ցուցակում ընդգրկված «Ես» ամսագրի խմբագիր Անի Քոչարը ապրիլի 9-ից հետո ցանկություն է ունեցել ինքնաբացարկ հայտնել, մասամբ համապատասխանում են իրականությանը: Նման ցանկությունը Անին իսկապես ունեցել է, բայց այսօր արդեն այդ հարցն օրակարգում չէ:
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում Անի Քոչարն ասաց. «Երբ առաջարկն արեց Արմեն Մարտիրոսյանը, որ լինեմ ցուցակում, ես մտածեցի, որ կփորձեմ հօգուտ մեր քաղաքի ինչ-որ բան անել: Առաջիններից մեկն եմ եղել «Բարեւ Երեւան» դաշինքում, որ ներկայացրել եմ իմ ծրագրերը՝ սկսած քաղաքաշինությունից, վերջացրած՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները: Վերջին զարգացումներից՝ ապրիլի 9-ի դեպքերից հետո ես երկմտում էի՝ արդյոք իմաստ ունի՞ շարունակել մի բան, որն ինձ վանեց առաջին հայացքից: Ես պայքարների մեջ նոր չեմ, մարտի 1-ի դեպքերին էլ մինչեւ լուսադեմը եղել եմ, տպավորություն չստեղծվի, որ ես վախեցա: Բայց հետեւելով քննարկումներին, տպավորությունն այնպես է, որ ամեն բան պետք է լինի 1 օրում, մեկ ժամում: Նման վերաբերմունք ունեցող մարդկանց համար ինչ-որ բան անելը շատ դժվար է: Մարդիկ երեւանյան իրականությունից հուսալքված են, հիասթափված, արագ են ոգեւորվում, արագ հիասթափվում: Դժվար է հանգիստ աշխատել»:
Անին նաեւ տեղեկացրեց, որ այս օրերին իրեն անընդհատ հարցնում են՝ արդյոք հիասաթափվել է Րաֆֆի Հովհաննիսյանից. «Կան բաներ, որ ինձ համար մութ մնացին եւ անհասկանալի, չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել ու խոսել բաների մասին, որոնք ես ինքս էլ չգիտեմ: Ես մի անգամ ասել եմ՝ քաղաքականություն չմտած՝ ուզում եմ փախչել հեռու: Ու իսկապես կար նման միտք՝ ավագանու ցուցակից դուրս գալու, ինքնաբացարկ հայտնելու: Ե՛վ ինձ մոտ կար, ե՛ւ իմ թիմակիցների մոտ: Այսօր ասում եմ՝ անկախ վերջին զարգացումներից ես դժվար թե ինքնաբացարկ հայտարարեմ, որովհետեւ հարգում եմ այն մարդկանց, որոնք ինձ առաջարկել են ընդգրկվել ցուցակում: Որքան էլ ունեմ մտավախություններ եւ հարցեր, որոնց պատասխանը գուցե ստանամ, բայց այս պահին չկա դեռ նման որոշում: Եթե անգամ շատ մեծ ցանկություն ունենայի դուրս գալ՝ դուրս չէի գա, հենց մենակ այդ խոսակցություններից խուսափելու համար, որ նա լքում է կարծես թե կործանվող նավը: Հենց մենակ դրա համար, եթե անգամ ցանկություն ունենայի , դուրս չէի գա: Բացի այդ, շատ մեծ հարգանք եւ պատասխանատվություն ունեմ տիկին Բախշյանի եւ մեր ցուցակը գլխավորողի նկատմամբ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Իսկ ում եվ ինչ համար են այս մտորումները: Դուք արդեն վնասեցիք Ժառանգությանը: Ասեմ, որ դեռեվս
ժառանգությանը երբեք զորավիգ չեմ եղել:
Ավելի ճիշտ կլիներ,որ այս տիկինը ինքնաբացարկ հայտներ ու հեռանար: Հիասթափությունը թույլ մարդկանց համար է:
Քաղաքականությունը ուժեղ կամքի տեր մարդկանց համար է,հարգելի Անի: Պայքարը մեկ օրվա գիշերային զվարճանք չէ,ոչ էլ ինչ-որ մի անհայտ ,,աստղիկի ,,խոհանոցում սուրճ խմելը:
հիմար քոմենթներ, Անիի չափ մարդ եղեք