Ապրիլի 12-ին կրկին մշակութային տոն էր ԱԺ Կանաչ սրահում. բազմաթիվ պատգամավորներ, արվեստագետներ, ԱԺ աշխատակիցներ եւ լրագրողներ հավաքվել էին՝ մասնակցելու համար «Վեց հայ բանաստեղծներ» գրքի շնորհանդեսին, որը խորհրդարանում անցկացվում էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ:
Գիրքը, որը հայերեն եւ անգլերեն լեզուներով «Դեպի Եվրոպա եւ անդին» մատենաշարի շրջանակներում հրատարակել է բրիտանական Arc Publications հրատարակչությունը, ընդգրկում է ժամանակակից բանաստեղծներ Վիոլետ Գրիգորյանի, Անատոլի Հովհաննիսյանի, Խաչիկ Մանուկյանի, Ազնիվ Սահակյանի, Հրաչյա Սարուխանի եւ Հասմիկ Սիմոնյանի ստեղծագործություններից, որը հայերենից անգլերեն թարգմանել է թարգմանչուհի Արմինե Թամրազյանը, առաջաբանը գրել եւ խմբագրել՝ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:
Շնորհանդեսի մասնակիցներին ջերմորեն ողջունեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը.
«Հարգելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Այս սրահը վաղուց դարձել է խորհրդարանի ամենամշակութային հատվածը, որտեղ սովորաբար ցուցադրվում են մեր մշակույթի գործիչների ստեղծագործությունները: Եւ ես շատ ուրախ եմ, որ այսօր վերստին հնարավորություն ունենք շփվելու արվեստի հետ, հայ պոեզիայի հետ, որը, շնորհիվ մեր բարեկամների, այսուհետ այս ժողովածուի միջոցով հասանելի է դառնում նաեւ բրիտանացի եւ ընդհանրապես անգլալեզու մեր ընթերցողին:
Կարդացեք նաև
Ինչպես բոլորս գիտենք, անցյալ տարի Հայաստանում մեծ շուքով նշվեց Հայ գրատպության 500-ամյակը, իսկ Երեւանը հռչակվել էր համաշխարհային գրքի մայրաքաղաք: «Վեց հայ բանաստեղծներ» երկլեզու ժողովածուն մեր գրական, հրատարակչական ավանդույթների արժանի շարունակությունն է: Այն միավորում է ոչ միայն հայկական ու բրիտանական մշակույթը, այլեւ յուրովի կարեւորում այն կամուրջը, որը ստեղծել է Անգլիայի մեծ զավակ Ջորջ Բայրոնը դեռ 19-րդ դարում, ով Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանությունում սովորելով հայերեն, դարձավ առաջին հայագետներից ու մեր ժողովրդի իսկական բարեկամներից մեկը: Պատահական չէ մեծ բանաստեղծն ասել. «Եթե Անգլիային պատկանում է բանաստեղծի մարմինը, իսկ Հունաստանին՝ նրա սիրտը, ապա իր հոգու մի մասը դուք՝ հայերդ եք ժառանգում, թերեւս ազնվագույնը, քանզի ձեզ են մնում բանաստեղծի խաղաղությունն ու մտերիմ սերը » Համոզված եմ, որ այս գիրքը ավելի կսերտացնի հայ-բրիտանական գրական եւ ընդհանրապես մշակութային կապերը»:
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը բարձր գնահատելով բրիտանական Arc Publications-ի գործունեությունը եւ ընտրված բանաստեղծների ստեղծագործությունները, շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ գրքի շնորհանդեսն օրենսդիր մարմնում անցկացնելու համար, ինչը, ըստ տիկին Պողոսյանի՝ մեր կյանքին հատուկ երանգ ու բովանդակություն է հաղորդում:
Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը ներկայացրեց գրքի ստեղծման ճանապարհը, նշելով այդ հարցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի աջակցությունը, ինչի շնորհիվ «Վեց հայ բանաստեղծներ» ժողովածուն այսօր նաեւ բրիտանացի ընթերցողի սեղանին է:
Բանաստեղծների անունից երախտիքի խոսք ասաց բանաստեղծ Հրաչյա Սարուխանը, իսկ գրքի հրատարակման եւ հետագա համագործակցությանն անդրադարձավ Arc Publications հրատարակչության տնօրեն Թոնի Ուորդը:
ԱԺ