Ավարտվեց հետընտրական հերթական փուլը:
Սկսած 1995թ-ից բոլոր ընտրություններն ու հանրաքվեները, գրեթե առանց բացառության, անցել են իշխանությունների կողմից պլանավորված, համակարգված կեղծիքներով, ուղեկցվել են բռնություններով, ահաբեկումներով, կաշառքով, շանտաժով: Գրեթե 20 տարի ձգվող այս գործընթացը կոչված է ապահովելու իշխանության ամենավերին էշելոնում տվյալ պահին հայտնվածների անպատիժ գործունեությունը, որն այդ մարդկանց բերել և բերում է անհաշիվ հարստություն ու վայելքներ, ի հաշիվ իշխանությունից դուրս գտնվող մնացյալ ժողովրդի: Ցինիզմը, սուտն ու կեղծիքը բարձրացվել են պետական մակարդակի: Ընտրակեղծարարության 20-ամյա մարաթոնում իշխանությունները ստի ու կեղծիքի այս ճահճուտն են ներքաշել ընտրական հանձնաժողովների անդամների, վստահված անձանց, դիտորդների դերում ներգրավված տասնյակ հազարավոր տարբեր կրթության ու տարբեր զբաղմունքի տեր հայերի:
Սկսած 1990-ականներից տվյալ պահին գործող իշխանությունները իրենց ընդիմադիրների կողմից արժանացել են նույն գնահատականներին, ինչին արժանանում են այսօրվա իշխանությունները: Անհատներն ու կուսակցությունները իշխանության մեջ դառնում են արմատավորված ամենայն բացասականի կրողը, իսկ իշխանությունից դուրս՝ այդ ամենի այպանողն ու քարկոծողը:
Փոխվում են իշխանավորները, բայց չի փոխվում իշխանության բնույթը: Քանզի այն պայմանավորված է կառավարման այն համակարգով, որի հիմքերը դրվեցին 1991թ «ՀՀ Նախագահի մասին» օրենքով, ամբողջացան և ամրապնդվեցին 1995, 2005թթ կեղծված սահմանադրությամբ, որոնցով ամրագրվեց մեկ մարդու ամբողջական, անառարկելի, անպատիժ իշխանություն: «ՀՀ Նախագահի մասին» օրենքով մեկ մարդու՝ «ՀՀ Նախագահ» կոչվածին տրվեց անքննելի, անառարկելի, անսահմանափակ իշխանություն դատական, գործադիր և օրենսդիր մարմինների կազմավորման և գործունեության նկատմամբ: Սա էլ հնարավոր դարձրեց 1995թ բիրտ ուժով, կեղծիքով, անպատիժ անցկացնել նույն օրենքի տրամաբանությամբ ստեղծված սահմանադրության հանրաքվեն և անկախ Հայաստանի առաջին Ազգային Ժողովի ընտրությունները, հիմք դնելով իշխանավորների կողմից ընտրակեղծիքներով իշխանությունը բռնազավթելու պետականակործան ավանդույթին:
Կարդացեք նաև
Երկու իրողություն.
1. Կեղծված հանրաքվեներով պարտադրված սահմանադրությամբ ձևավորված և գործող, մեկ մարդու իշխանության բուրգ
2. Այդ իշխանությամբ ապահովվող իշխանապահպան, կեղծվող ընտրությունների ավանդույթ:
Ահա Հայաստանում առկա անարդարությունների, խորացող չքավորության, անհուսության, մարդու իրավունքների ոտնահարման և դրանցով պայմանավորված ահռելի արտագաղթի հիմնական սկզբնապատճառները:
Անարդարությունների, իշխանության ի չարս գործադրման, ժողովրդին շահագործելու առօրեական դրսևորումները՝ էկոլոգիական (Թեղուտ, ՀԷԿ-եր, Խոսրովի անտառ, կանաչ տարածքների ոչնչացում ¼), սոցիալական (աշխատատեղեր, կենսաթոշակների, աշխատավարձերի ցածր մակարդակ, «հանրային գերակա շահ», բուժսպասարկում ¼), պետական կոռուպցիա (տնտեսության մոնոպոլիզացում, «ատկատներ», բյուջեի մսխում, վարկեր ¼) հետևանք են դատական, օրենսդիր և գործադիր իշխանության ենթարկեցմանը մեկ մարդու՝ ՀՀ նախագահին, որն էլ ուղղակի կամ անուղղակի ամրագրված է ՀՀ գործող սահմանադրության մեջ:
Ոչ թե «վերականգնենք սահմանադրական կարգը»՝ այլ «փոխենք սահմանադրական կարգը»:
Անհրաժեշտ է փոխել սահմանադրական կարգը, այնուհետ ձևավորել նոր իշխանություն, քանզի մեր 20-ամյա պատմությունը ցույց տվեց, որ իշխանություն փոխելու կոչով շարժումները շարժման ղեկավարներին բերել և բերում են երկխոսությամբ կամ միասնական աղոթքներով իշխանության հետ հաջողված կամ չհաջողված սերտաճմանը (օրինակները բազմաթիվ են և ակնառու), իսկ ժողովրդին՝ զոհեր, խեղճություն, հիասթափություն, անհավատություն, անհուսություն ու արտագաղթ:
1. Փոխենք սահմանադրական կարգը
2. Վերջ անօրեն ընտրությունների ավանդույթին:
Սահմանադրությամբ ամրագրված միահեծան վարչակարգի (ոչ վարչակազմի) փոփոխման անհրաժեշտության խորը գիտակցումն ու համոզմունքը, այդ գործին անմնացորդ, անկեղծ նվիրումը միայն կարող է միավորել հանրությանը առաջնորդելուն պատրաստ, տարբեր գաղափարախոսություն կրող, սոցիալական տարբեր խմբերի շահեր սպասարկող անհատներին ու ուժերին: Սահմանադրական կարգի փոփոխման հրամայականը և, որպես դրա հետևանք, նորմալ երկիր ստեղծելու հեռանկարը միայն կարող է միավորել ամենալայն զանգվածներին:
Միայն այդ նպատակով առաջնորդվող անանձնական շարժումը չի հանդիպելու այն հզոր դիմադրությանն ու բռնաճնշումներին, ինչին արդեն 20 տարի հանդիպում է «փոխենք իշխանությունը» լոզունգով առաջնորդվող անձնավորված պոռթկումները: Նորաստեղծ սահմանադրական կարգով գործող, հակակշռված օրենսդիր և գործադիր մարմինների, գործադիրից անկախ դատական համակարգի առկայության պայմաններում է միայն հնարավոր երբևէ անցկացնել օրինական ընտրություններ՝ ձևավորելով ժողովրդին հաշվետու և պատասխանատու իշխանություններ: Այս գաղափարի իրագործման ճանապարհին, որպես անխուսափելի հետևանք, քաղաքական թատերաբեմից կհեռացվեն դիմադրող փոքրաթիվ իշխանավորները, որոնք չեն արժանանա ինքնապահպանման բնազդով առաջնորդվող, տիրող բարքերից դժգոհ իշխանական բուրգի ներքևում գտնվող խավի բուռն աջակցությանը:
Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը իշխանությունների համար ծառայում է որպես ժողովրդական հուզումների ուղղությունը շեղելու, ժամանակ շահելու միջոց: Իրականում, կարճ ժամանակահատվածում կատարված սահմանադրական լուրջ փոփոխությունները դառնալու են նույն իշխանությունների գերեզմանափորը, ճանապարհ բացելով արտահերթ ընտրությունների միջոցով (տեղական, ԱԺ, գործադիր) օրինական, պատասխանատու իշխանության ձևավորմամբ ընտրակեղծարարության արմատավորված ավանդույթի վերացմանը:
Որքանո՞վ են պատրաստ քաղաքական ու հասարակական կազմակերպությունները, անհատ գործիչները թոթափելու ոչ մի տեղ չտանող ամբիցիաները, միավորվելու, ժամանակավոր իշխանության միջոցով, կարճ ժամկետում՝ 1 – 1,5 տարի, կատարելու սահմանադրական փոփոխությունները, իրագործելու իշխանակազմավորումը օրինական ընտրությունների միջոցով, այնքանով էլ կդադարի պետականակործան այս ընթացքը, բացելով հանրապետության ու ժողովրդի համար կայուն զարգացման, ապահով ապագայի հեռանկարներ:
Այլընտանք չկա, այլընտրանքը խաբեություն է:
Ալբերտ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
(ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր (1990-1995)