Արդեն շուրջ 10 ամիս է՝ Առողջապահության ազգային ինստիտուտը (ԱԱԻ) չունի տնօրեն: Նախորդ տարվա հուլիսից պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնոմ է Երևանի գլխավոր սրտաբան, Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյանը: Բայց փոխարենը ինստիտուտին`պետբյուջեից հատկացվող գումարները տարեցտարի աճում են: ԱԱԻ բյուջեն այժմ հասել է 250 միլիոն դրամի, այնինչ շատ բուժհաստատությունների բյուջեներ տատանվում են 110 միլիոն դրամի սահմաններում: Այս փաստը առաջացրել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչների մտահոգությունն ու զարմանքը` թե ինչո՞ւ զուտ նորմատիվ, ստանդարտավորման հարցերով զբաղվող կառույցը, որն առանձնակի ակտիվ գործունեությամբ աչքի չի ընկնում և Դ. Դումանյանի` ԵՊԲՀ ռեկտոր ընտրվելուց հետո հիմնականում դրա ստորաբաժանումները տեղափոխվել են ԵՊԲՀ, այսպիսի մեծ ֆինանսավորում է ստանում:
Մյուս կողմից էլ՝ շուրջ 10 ամիս ինստիտուտի` տնօրեն չընտրելու փաստը մեկնաբանվում է, թե ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ինստիտուտի տնօրենի պաշտոնն իր համար է պահում, որ եթե հանկարծ չհաջողի մնալ նույն պաշտոնին, ծայրահեղ դեպքում ետ վերադառնա ԱԱԻ:
Aravot.am-ը ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանից (լուսանկարում) հետաքրքրվեց` ո՞րն է ԱԱԻ-ին այդպիսի մեծ ծավալի ֆինանսավորում հատկացնելու նպատակահարմարությունը: Նա պատասխանեց. «Եթե ազգային ինստիտուտին համապատասխան ֆինանսավորում չտանք, որ նա մշակի համապատասխան նորմատիվներ ու ստանդարտներ, ապա մենք մյուս բուժհիմնարկների աշխատանքի արդյունավետությունը գնահատել չենք կարող: Ամբողջ աշխարհում է այդպես: Այս ստանդարտները թույլ են տալիս համապատասխան որակ ապահովել, օրինակ`ինչպես ճիշտ ախտորոշել, բուժել, ինչ քայլերով ու ինչ դեղերով բուժել: Ի վերջո, եթե ճիշտ սխեման ենք նկարագրում, դա մեզ թույլ է տալիս ծառայության գինքը ճիշտ հաշվել»:
Հետաքրքրվեցինք` եթե ԱԱԻ-ին այդքան մեծ ուշադրություն է հատկացվում, այդ դեպքում ինչո՞ւ մինչև այժմ այդ հաստատությունը չունի տնօրեն, այլ այն ղեկավարում է ժամանակավոր պաշտոնակատարը և արդյոք ե՞րբ ինստիտուտի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ կհայտարարվի, Ս. Քրմոյանն այս հարցին այդպես էլ կոնկրետ պատասխան չտվեց. «Բազում հիմնարկներ ունենք, որոնք ունեն ժամանակավոր պաշտոնակատարներ: Գրեթե ամիսը մեկ մրցույթ ենք իրականացնում: Մենք ավելի կարևորել ենք կառույցի աշխատանքների հստակեցումն ու կարգավորումը, իսկ ղեկավարի հարցը տեխնիկական է»:
Կարդացեք նաև
Դ. Դումանյանի անվան հետ է կապվում նաև «Գարանտ լիմենս» ապահովագրական ընկերությունը, որը հիմնել է ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Արա Բաբլոյանը: Սակայն հատկանշականն այն է, որ տեղեկություններ կան այն մասին, որ ընկերության բաժնետերերից է նաև Դ. Դումանյանը և այդ պատճառով էլ քաղծառայության համակարգի աշխատողներին կառավարության կողմից սոցիալական փաթեթի ներդրումից հետո ուղղորդում, երբեմն նաև ստիպում են բժշկական ապահովագրություն ձեռք բերել հենց այս ընկերությունում:
Հիշեցնենք, որ վերջերս տեղեկատվություն տարածվեց, որ Ա. Բաբլոյանը մարզպետներին ստիպում է տվյալ մարզում բժշկական ապահովագրության բոլոր պոլիսները պատվիրել «Գարանտ լիմենսին»:
Ս. Քրմոյանը նշեց, որ նախարարի` «Գարանտ լիմենս»-ի հետ կապ ունենալու հարցի վերաբերյալ ինքը ոչ մի տեղեկություն չունի ու իր կարծիքով որպես հավաստիքի վկայություն նշեց. «Ես էլ անձամբ «Գարանտ լիմենս»-ով չեմ ապահովագրված ու այդպիսիք շատերն են: Նախարարությունը համակատարող է, հիմնական կատարողը այլ կառույցներ են, այստեղ նախարարությունը ուղղակի դերակատարություն չունի»:
Վիճակագրությունն էլ ցույց է տալիս, որ «Գարանտ լիմենսը», որի գործունեության հիմնական ուղղվածությունը բժշկական ապահովագրությունն է, 2011-ի արդյունքներով բժշկական ապահովագրության առաջատարն է (հավաքագրված ապահովագրական վճարների ծավալը 455 մլն դրամ է):
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ