Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգին:
Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների և քաղաքական երկխոսության ակտիվացումը, որի վկայությունն է Երևանում և Պրահայում Չեխիայի ու Հայաստանի դեսպանությունների հիմնումը, համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում և ակտիվացած շփումները միջխորհրդարանական մակարդակում:
ՀՀ նախագահը և Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարարն անդրադառնալով երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների մեծացման հնարավորություններին՝ կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում տնտեսական համագործակցության զարգացումը: Նրանց համոզմամբ, դրան մեծապես կարող են նպաստել գործարար համայնքի ներկայացուցիչների միջև հաճախակի շփումները: Զրուցակիցները հույս են հայտնել, որ այս օրերին Երևանում մեկնարկած հայ-չեխական գործարար համաժողովի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունները լուրջ հնարավորություններ կընձեռեն կողմերին՝ բարձրացնելու առևտրաշրջանառության ծավալները, մշակելու և իրականացնելու համատեղ գործարար ծրագրեր, ինչպես նաև խթանելու ներդրումները:
Հանդիպմանը երկկողմ հարաբերություններից բացի, անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Պրահայում սկիզբ առած Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի արձանագրած առաջընթացին, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին ու տարածաշրջանի զարգացումներին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ