Հայաստանում ԵՄ կենտրոնում ուրբաթ` ապրիլի 12-ին մեկնարկեց նոր նախաձեռնություն` հանդիպումներ լրագրողների հետ: Հայաստանում ԵՄ պատվիրակությունից և ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հրավիրյալ բանախոսների հետ քննարկվեցին ԵՄ-Հայաստան հարաբերություններն ու ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագիրը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ողջույնի իր խոսքում ընդգծեց լրագրողների կարևոր դերակատարությունը ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին իրազեկման գործում: «Լրագրությունը արագ տեմպերով փաստացի պատմություն է, իսկ ԵՄ-Հայաստան հարաբերություններն էլ այդ պատմության մի մասն են», ասաց դեսպանը: Նա ավելացրեց, որ լրատվամիջոցներն են Հայաստանի հետ ԵՄ համագործակցության մասին մարդկանց տեղեկացնելու հիմնական խողովակը: Հանդիպումների առաջին շարքը կոչվում է «Դեպի Վինլյուս ուղին»` նշանավորելու Արևելյան գործընկերության գալիք գագաթաժողովը, որ տեղի կունենա նոյեմբերի վերջին, Վիլնյուսում: Հանդիպումները անցկացվելու են յուրաքանչյուր ամիս: Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ներկայացնելով Ասոցացման համաձայնագրի շուրջը բանակցությունների ներկա վիճակը, ասաց, որ Հայաստանում բավականին մասնագիտացած լրագրողներ կան, ու ոչինչ աննկատ չի անցնում: «Պետք է Հայաստանի բնակչությանը բացատրել, թե ինչ է Ասոցացման համաձայնագիրը, այդ խնդիրը լուծելու գործում էլ լրագրողները մեր հիմնական գործընկերնեն են», ասաց փոխարտգործնախարարը: Հանդիպման ձևաչափը ոչ պաշտոնական էր` խրախուսելու բաց քննարկմանն ուղղված հարցերը որպես երևույթների առավել խորքային իմացության հնարավորություն: ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է։ Այն հաղորդակցության մասնագիտական հաստատություն է, որն համակարգում է Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի հաղորդակցային գործունեությունը։ Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնարական հարթակն է։ Ծրագրի տևողությունը երկու տարի է, այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» և «Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ։
ԵՄ կենտրոն