Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեին:
Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ձևավորված ջերմ հարաբերությունները և նշել, որ երկու երկրների միջև անլուծելի հարցեր չկան: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը՝ հայկական կողմի բարձրացրած խնդիրներին օպերատիվ արձագանքելու և լուծումներ գտնելու համար:
Մայա Փանջիկիձեն Տիգրան Սարգսյանին է փոխանցել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ջերմ ողջույնները:
Անդրադառնալով տնտեսական հարաբերություններին՝ Տիգրան Սարգսյանը կարևորել է երկու հարևան երկրների միջև միասնական շուկայի ձևավորումը, ինչը կնպաստի երկկողմ բիզնես նոր ծրագրերի իրականացմանը և ընդլայնմանը: Այդ համատեքստում, կողմերն անդրադարձել են գյուղատնտեսության, տրանսպորտի և տնտեսության այլ ճյուղերում համագործակցությանը, սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի ընթացքին, այնտեղ միասնական ծառայությունների մատուցման հնարավորությանը և նոր տեխնոլոգիաների ներդրմանը:
Անդրադառնալով մշակութային ոլորտում համագործակցությանը՝ Վրաստանի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ Վրաստանում գտնվող հայկական հուշակոթողների վերականգնման ծրագիրն իրականացվում է հայկական համայնքի մասնակցությամբ:
Կողմերը քննարկել են նաև ԵՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներին առնչվող հարցեր:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ