Այսօր Հայաստանում Ֆրանսիական համալսարանում տեղի կունենա «Ընկերական Օգնության Հայկական Ընկերակցության» կողմից համալսարանի ուսանողներին կրթաթոշակների տրամադրման արարողությունը:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց բուհի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը, «Ընկերական Օգնության Հայկական Ընկերակցության» տրամադրած կրթաթոշակները բաշխվում են ըստ հստակ որոշված չափորոշիչների` հաշվի առնելով այնպիսի սոցիալական դժվարություններ, ինչպիսիք են ծնողազուրկ լինելու կամ ընտանիքում մի քանի ուսանող լինելու հանգամանքները:
«Այս տարի որոշվեց օգնել ամենակարիքավորներին, իսկ նախորդ տարիներին ավելի մեծ քանակությամբ ուսանողների էին շնորհվում կրթաթոշակներ, սակայն` փոքր գումարներով: Կրթաթոշակների տրամադրման որոշումը կայացվում է «Ընկերական Օգնության Հայկական Ընկերակցության» խորհրդի կողմից, իսկ համալսարանը ներկայացնում է ուսանողների սոցիալական պայմանները: Առաջադիմությունը նույնպես հաշվի է առնվում, սակայն առավել կարեւոր են սոցիալական խնդիրները»,-ասաց պարոն Նավոյանը` հավելելով, որ 5000 եվրոյին համարժեք դրամի չափով կրթաթոշակ կտրամադրվի բուհի 10 ուսանողի:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ «Ընկերական Օգնության Հայկական Ընկերակցությունը» Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ համագործակցում է 2005թ-ից: «Ընկերական Օգնության Հայկական Ընկերակցությունը» տասնամյակներ շարունակ աշխատում է Ֆրանսիայում` մի շարք ուղղություններով գործունեություն ծավալելով նաեւ Հայաստանում, այդ թվում` Հայաստանում ֆրանսիական համալսարանի սոցիալական խնդիրներ ունեցող ուսանողների աջակցության ուղղությամբ»,-ասաց Արայիկ Նավոյանը:
Կարդացեք նաև
Նշենք, որ ընկերակցությունը հիմնադրվել է 1890 թ-ին` Ֆրանսիայում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ