«Հենարան» մամուլի ակումբում այսօր «Դիրքերի ճշտում. ինքնության երկբայում» միջազգային նախագծի կազմակերպիչներ Սուսաննա Գյուլամիրյանը եւ Արիա Սպիննելին խոսեցին հայ եւ իտալացի արվեստագետների` նախագծի շրջանակներում կատարվելիք ուսումնասիրությունների մասին:
Ինչպես նշեց Իտալիայից ժամանած Արիա Սպիննելին, ծրագրի հիմքում ընկած է մշակութային փոխանակության գաղափարը եւ արվեստագետներին աջակցելու նպատակը: Սպիննելին տեղեկացրեց, որ ծրագրի իրականացման համար առաջարկ է ստացել Միլանում գործող FARE Arte հասարակական-մշակութային ասոցիացիայի կողմից` որպես գործընկեր ընտրելով Հայաստանը:
Սպիննելին ասաց, որ դեռեւս 2010թ-ին այցելել է Հայաստան` ուսումնասիրելով տեղի ժամանակակից արվեստի դաշտը:
Ծրագրի շրջանակում Հայաստան են ժամանել իտալացի արվեստագետներ, որոնք կիրականացնեն իրենց նախագծերը: Օրինակ, Անջելա Ձուրլոյի նախագծի համաձայն` նկարազարդվելու են Հարավ-Արևմտյան թաղամասում առանձնացված մի շարք տարածքներ` բոլոր ցանկացողների կողմից: Հատակի նկարազարդման աշխատանքներին նաեւ ուսանողներ կմասնակցեն:
Կարդացեք նաև
Սուսաննա Գյուլամիրյանը տեղեկացրեց, որ իտալացի արվեստագետները կապրեն եւ կաշխատեն «Արտ կոմունա» արվեստագետների միջազգային կացարանում, իսկ հայ արվեստագետները փոխադարձ ծրագրով կաշխատեն Միլանում գտնվող Open Care արվեստագետների միջազգային կացարանում:
Սուսաննա Գյուլամիրյանի խոսքով. «Արվեստագետների կացարանները աշխարհով մեկ տարածված նախագծեր են, որոնք նպաստում են արվեստագետների տեղաշարժին եւ ուսումնասիրություններ կատարելուն»:
Գյուլամիրյանը հայտնեց, որ ծրագրի ավարտին` մայիսի վերջին, Միլանում կկազմակերպվի համատեղ ցուցահանդես, բացի այդ նախատեսված է նաեւ եզրափակիչ կատալոգի տպագրություն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ