Այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե Երեւանի ավագանու ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանի շանսերն ինպիսի՞ն են, ասաց, որ նրան որպես նախկին քաղաքապետ քչերն են հիշում. Նա ընդամենը 1-2 տարի է կառավարել, եւ այն ժամանակ Երեւանի բյուջեն փոքր էր, ուստի նա չէր կարող մի հիշարժան բան անել՝ ժողովրդի մեջ տպավորվելու համար:
Սոցիոլոգը նշեց, որ նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին ավելի շատ են հիշում, քանի որ Երեւանի կենտրոն եկող կարճ ճանապարհներ կառուցեց, Կարեն Կարապետյանն էլ առաջինն էր, որ շենքերի ֆասադները ներկեց, Տարոն Մարգարյանն էլ շարունակեց այդ գործը:
Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք երեւանցիները քաղաքապետի թեկնածուին պետք է ձայն տան ֆասադներ ներկելու համար, թե հետեւություն պիտի անեն` օրինակ Փակ շուկայով կամ Մաշտոցի պուրակով, սոցիոլոգը պատասխանեց. «Փակ շուկան քանի՞ հոգու է քորում, ոչ մեկին: Փակ շուկա գնում էին ընդամենը 50-60 մարդ, կանգնած բան վաճառում»: Դիտարկմանը` թե Փակ շուկան պատմամշակութային արժեք է, ոչ թե ուղղակի վաճառքի կետ, սոցիոլոգն ասաց. «Այդ շենքը պետք է պահպանել, մեծ գումարներ է պետք, ամորտիզացիան թանկարժեք գործ է, ո՞վ կարող է անել, անունը չի կարեւորը, թող մեջը լինի հիպերմարկետ, ավտոշուկա, շենքը պետք է պահպանվի: Շենքը կարո՞ղ ա քանդեն, տանեն, շենքը կենդանի օրգանիզմ է`ամուսնանում ա, բաժանվում ա, կիսվում ա, տրոհվում ա»:
Մեր այն հարցին, թե հարցում արվե՞լ է Փակ շուկան քանի հոգու է «քորում», սոցիոլոգը հստակ բան չասաց. «Քեռիս ճարտարապետ ա եղել, ես նրան շատ հարցերում օգնել եմ, գործից տեղյակ եմ»:
Կարդացեք նաև
Մեր այն հարցին էլ, թե կուսակցությունների ծրագրերը որքանով է հետաքրքրում քաղաքացիներին, պարոն Ադիբեկյանն ասաց, որ ըստ էության, դա քչերին է հետաքրքրում, ավելի շատ կողմնորոշվում են կարգախոսներով եւ դեմքերով: Մեր այն դիտարկմանն էլ, փաստորեն թեկնածուները, իզուր գումար չծախսեն`բուկլետներ տպելու ու ծրագիր ներկայացնելու համար, սոցիոլոգն ասաց. «Չէ, խի, բուկլետով գոնե դեմքով կտեսնեն թեկնածուին, հա մի երկու տող էլ ծրագրից կկարդան: Օրինակ` «Առաքելությանը» դեմքով ո՞վ գիտի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ