Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը ղեկավարող Վարդան Օսկանյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց, որ իշխանությունները պիտի բաց աչքերով նայեն եւ ընդունեն, որ լուրջ անջրպետ կա պաշտոնականի ներկայացվող եւ իրականության միջեւ: Նա նկատեց, որ ավագանու ընտրությունների ընտրարշավը տեղի է ունենում մեր երկրի համար կրիտիկական շրջանում`հավելելով, որ շատ բան կախված է նրանից, թե քաղաքական ուժերը եւ հասարակությունը ինչպիսի պատասխանատվությամբ կմոտենան այս շրջանին: «Իրականն այն է, ինչ մենք ամեն օր զգում ենք, մեր տներում խոսում ենք, իրականությունն այլ է»,- ասաց բանախոսը: Արդյոք իշխանությունը կընդունի՞ այս իրականությունը, թե՝ ոչ, որ ժողովուրդն այլեւս չգնա հիասթափության`հնչած հարցին, Օսկանյանն ասաց, որ իշխանական ուժերը պետք է ազնիվ մոտենան իրավիճակին եւ առաջնորդվեն ոչ թե կուսակցական նեղ, այլ ժողովրդի շահերով. «ԲՀԿ-ն գիտակցում է պատասխանատվությունը եւ իր վրա վերցնում է առաքելություն: Մենք լրջագույնս ենք մոտենալու այս ընտրություններին՝ փորձելով իրավիճակ փոխել երկրում: Մենք աշխատելու ենք ոչ իշխանական ուժերի հետ՝ հսկողություն սահմանելու ընտրական գործընթացները, նվազագույնի հասցնելով ընտրական խախտումները, նաեւ խոսել, թե ինչպես կարող ենք համագործակցել քաղաքը կառավարելու առումով: Այնուհետեւ ոչ իշխանական ուժերի համագործակցությունը պետք է տեղափոխվի խորհրդարան՝ ձեւավորելով նոր քաղաքական օրակարգ»: Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ`իր պատկերացրած ձայները չստանալու դեպքում ԲՀԿ-ն վայր կդնի՞ ավագանու մանդատները, բանախոսն ասաց, որ դեռեւս վաղ է խոսել ընտրությունների արդյունքների, մանդատները վայր դնելու մասին:
Հարցին`ընդունո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանը նախագահ է, Օսկանյանը պատասխանեց. «Ես հուսով եմ, որ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման երկրորդ ժամկետում կկարողանա իսկապես քաղաքական կամք կդրսեւորի՝ երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար: Այն, որ հասարակության քառասուն տոկոսը պատրաստ է ճամպրուկը վերցնել՝ գնալ, դա լուրջ խնդիր է, եւ իշխանությունները պետք է հետեւողական լինեն այդ հարցին: Այլընտրանք չունենք, կյանքը շարունակվում է, մենք կարող ենք քննադատել, վիճել եւ այդ սկզբունքով պիտի առաջնորդվենք»:
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց`տարօրինակ չէ՞, որ ԲՀԿ-ն քննադատում է ՀՀԿ-ին, սակայն Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցում էին ԲՀԿ Երեւանի ավագանու ցուցակի երկրորդ եւ երրորդ համարները: Օսկանյանն ասաց, որ կապ չի տեսնում իրենց քննադատությունների եւ երդմնակալությանը մասնակցելու մեջ. «Կարող ես քննադատել եւ մասնակցել: Դա իրենց անձնական որոշումն է եղել, ես որոշեցի չմասնակցել»:
Ինչ վերաբերում է ապրիլի իննին Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձություններին, Օսկանյանը բարեբախտություն է համարում այն, որ զոհեր չկան. «Ինձ որոշ մտահոգող հանգամանքներ կան, բայց գնահատականներ չեմ կարող տալ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ