Լրահոս
Օրվա լրահոսը

Հովսեփյան. «Ամոթ կլիներ, եթե Այլիսլիի վեպը չհրատարակեինք» (Տեսանյութ)

Ապրիլ 12,2013 14:24

Լույս է տեսել Ադրբեջանում մեծ աղմուկ հանած «Քարե Երազներ» վեպի հայերեն թարգմանությունը

 «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր արձակագիր,  Ադրբեջանում մեծ աղմուկ հանած Աքրամ Այլիսլիի «Քարե Երազներ» վեպի հայերեն թարգմանության հրատարակիչ Ռուբեն Հովսեփյանը հայտնեց, որ թարգմանելու գաղափարն առաջացել է համացանցում վեպի ռուսերեն տարբերակն ընթերցելուց հետո. «Հայ ընթերցողը պետք է կարդա գեղարվեստական բարձր մակարդակի  այս գիրքը եւ իմանա, որ Ադրբեջանում էլ կան իրականությունը «ոչ իշխանական» աչքերով տեսնող մարդիկ: Գիրքը մեծ սիրով է գրված, ինչը հատուկ է մեծ գրականությանը»:

Ռուբեն Հովսեփյանի խոսքով. «Կատարվել է արագ եւ որակով թարգմանություն: Ամոթ կլիներ, եթե գիրքը չտպագրեինք»: Պարոն  Հովսեփյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանում խառնվել են իրար, մասնավորապես,  «Նոր Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչը բարձրացրել է հեղինակային իրավունքի խնդիրը: «Իմանալով Այլիսլիի էլեկտրոնային հասցեն, նամակ հղեցինք նրան` խնդրելով նրա համաձայնությունը թարգմանությունը կատարելու համար: Նա չպատասխանեց: Հասկանալի է, որ արգելափակված է, բայց եթե հետագայում ֆինանսական պահանջներ ներկայացնի, մենք պատրաստ ենք»,-ասաց Հովսեփյանը:

Հովսեփյանը հայտնեց, որ գիրքը գրախանութներում կհայտնվի հավանաբար երկուշաբթի օրվանից:

Աքրամ Այլիսլիի «Քարե Երազներ» վեպի թարգմանիչը` Լեոնիդ Զիլֆուղարյանը նշեց, որ վեպի ռուսերեն տարբերակը մի շնչով է կարդացել եւ թարգմանության առաջարկը միանգամից ընդունել. «Թարգմանելուց վեպը  չեմ հայկականացրել, առանց այդ էլ  նրա հանդեպ շատ են հարձակումներն Ադրբեջանում»:

Զիլֆուղարյանը փաստեց, որ Այլիսլին մեծ կենսագրություն ունեցող գրող է, ով քաղաքացիական խիզախություն է դրսեւորել եւ իր դիրքորոշումը արտահայտել, որը, չնայած,  տարբերվում է Ադրբեջանի դիրքորոշումից:

Վեպի վերաբերյալ թարգմանիչը կարծիք հայտնեց, որ հեղինակն ազնիվ է գրել. «Հաճելի են հատկապես մարդկային դրսեւորումները: Օրինակ, ադրբեջանցին տեսնում է, որ մի քանի ադրբեջանցիներ հային ծեծում են, եւ գնում-պաշտպանում է նրան: Մարդկային է, չէ՞»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930