Լրահոս
Օրվա լրահոսը

Վիեննայի ֆիլհարմոնիկը հասավ Հայաստան

Ապրիլ 12,2013 14:21

Դիրիժոր Մայքլ Թիլսոն Թոմասը արդարացնում է երաժշտության հետ հաղորդակցվելու ցանկացած միջոց

Տարիներ շարունակ հայաստանցի դասական երաժշտության սիրահարները Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ «շփվում» էին միայն Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող ամանորյա երեկոյին:

Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հռչակավոր այս նվագախմբի համերգով բացվեց «Երեւանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնը (գեղարվեստական ղեկավար՝ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան):

Դիրիժոր Մայքլ Թիլսոն Թոմասի ղեկավարությամբ հնչեցին Շուբերտի եւ Բրամսի ստեղծագործությունները, իբրեւ մենակատար հանդես եկավ դաշնակահար Եֆիմ Բրոնֆմանը՝ ներկայացնելով Բրամսի դաշնամուրային երկրորդ կոնցերտը:

Վիեննայի նվագախումբը 1900թ. հիմնել է ավստրիացի դիրիժոր Ֆերդինանդ Լյովեն: Տարբեր տարիների նվագախմբի հետ հանդես են եկել անվանի դիրիժորներ Վիլհելմ Ֆուրտվենգլերը, Օսվալդ Կաբաստան, Հանս Զվարովսկին, Հերբերտ ֆոն Կարայանը, Վոլֆգանգ Զավալիշը, Յոզեֆ Կրիպսը, Կարլո Մարիա Ջուլինին, Ֆաբիո Լուիզին, Ֆրանց Վելզեր Մյոսթը եւ մյուսները:

Սա այն եզակի դեպքերից է, երբ «Առավոտը» մասնագետի խոսք լսելու ակնկալիքով չդիմեց երաժշտագետներին՝ հասկանալի պատճառով. աշխարհի ցանկացած երկրում հայտնի համերգասրահների կողմից սպասված ու ցանկալի հյուր նվագախմբի «անուն-ազգանունը» ամեն ինչ ասում է:

Նվագախմբի ելույթից առաջ կուլիսներում Մայքլ Թիլսոն Թոմասը (լուսանկարում) պատասխանելով մեր հարցին, թե համամի՞տ է տարածված այն կարծիքին, որ հռչակավոր երաժշտի կամ կոլեկտիվի համերգին երաժշտասերներից բացի, հաճախում են նաեւ ո՛չ դասական երաժշտության երկրպագուներ՝ զուտ իրենց ցուցադրելու նպատակով: Դիրիժորը պատասխանեց. «Կարեւոր չէ՝ իրենց ցուցադրելու համար են գալիս, թե ոչ: Կարեւորն այն է, որ շփվում են դարերից եկող բարձրարվեստ երաժշտության հետ, որի ուժը հայտնի է բոլորին: Կոնկրետ իմ, իբրեւ դիրիժոր, գործունեությանս ընթացքում էլ են բազմաթիվ նման դեպքեր արձանագրվել, բայց էականը երաժշտությանը մոտենալու նրանց ձգտումն է, որի մղմամբ մարդիկ ժամանակի ընթացքում դառնում են մշտական ունկնդիր»:

Քչերին է հայտնի, որ նախկինում նվագախումբը լուրջ քննադատությունների է ենթարկվել՝ ժամանակին նացիստական ռեժիմի հետ համագործակցելու, հրեա երաժիշտների՝ նվագախմբի պատմության ընթացքում ունեցած ավանդը չգնահատելու համար: Օրինակ, բրիտանական Daily Mail պարբերականից տեղեկանում ենք, որ Վիեննայի ֆիլհարմոնիկը տարիներ շարունակ իր հասցեին հնչող մեղադրանքներից հետո մոտ ժամանակներս կբացի իր նացիստական «մութ» անցյալի պատմությունը, իսկ սկանդալային բացահայտումներն ամբողջությամբ կհրապարակվեն: Հիշյալ պարբերականը արդեն հրապարակել է մի քանի պատմություն, օրինակ՝ 1942թ. նվագախումբը նպատակ է ունեցել Հիտլերին՝ ի նշան հարգանքի, շնորհել ոսկյա «Նիկոլայ» շքանշան կամ՝ նույն աղբյուրի տեղեկացմամբ, նվագախմբի շեփորահար Բոբիչը 1933թ. միացել է նացիստական ռեժիմին, աշխատելով որպես լրտես ու մեղադրանքներ ներկայացնելով երաժիշտ գործընկերների նկատմամբ: Պատերազմի ավարտից հետո շեփորահարը հերքել է իր հասցեին հնչող մեղադրանքները, նշելով, որ ինքը, ընդհակառակը, ոչինչ չի խնայել հրեական արմատներ ունեցող կամ հրեայի հետ ամուսնացած երաժիշտներին հաշվեհարդարից պաշտպանելու համար: Պատմաբաններին, սակայն, հաջողվել է ապացուցել, որ երաժիշտը իրոք լրտեսությամբ է զբաղվել: Հավելենք, որ աշխարհի 80 երկրներում արդեն մի քանի տասնյակ տարի հեռարձակվող նվագախմբի ամանորյա շքեղ համերգի գաղափարակիցներից մեկն էլ Յոզեֆ Գեբելսն է, որը ժամանակին նվագախումբը հանրահռչակելու նպատակով ցանկացել է Վիեննան ներկայացնել որպես մշակութային, երաժշտության, լավատեսության քաղաք:

Բրիտանական The Telegraph-ն էլ գրում է, որ 1938թ. Վիեննայի ֆիլհարմոնիկից հրեական ծագման պատճառով աշխատանքից հեռացվել է 13 երաժիշտ, որոնցից 5-ը իրենց մահկանացուն են կնքել համակենտրոնացման ճամբարում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. Գ. Վիեննայի ֆիլհարմոնիկը հաճելի անակնկալ մատուցեց հայ ունկնդրին՝ հնչեցնելով ՀՀ օրհներգը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930