Կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանն անակնկալներ «ակնարկեց»
Այս տարին հոբելյանական է «Ոսկե ծիրանի» համար: Հուլիսի 7-14-ն անցկացվելիք միջազգային կինոփառատոնն արդեն 10 տարեկան է:
«Առավոտը» «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն, ճանաչված կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ անակնկալներ ու նորություններ են սպասվում «Ոսկե ծիրան-2013»-ին: Մեր զրուցակիցն ասաց, որ կփորձեն արվածը յուրովի ամփոփել, կթարմացվի փառատոնի www.gaiff.am կայքը. «Ընդունված է, որ եթե տարին հոբելյանական է, ուրեմն նոր բան պետք է լինի՝ վերջնական արդյունքների ամփոփում, նոր գաղափարներ …Մյուս կողմից էլ՝ անընդհատ ստեղծագործական եւ կազմակերպչական թոհուբոհի մեջ ենք եւ ընթացիկ աշխատանքներ ենք հասցնում կատարել: Ամեն դեպքում մեր կայքը կթարմացնենք, որպեսզի հնարավորություն լինի, օրինակ՝ online հայտ ներկայացնել, բազա ստեղծել, որ ֆիլմերը կապ ունենան միմյանց եւ այլն»:
Պարոն Ստամբոլցյանը հայտնեց, որ վաղուց էին մտադրվել Շարլ Ազնավուրին հարգանքի տուրք մատուցել, ու հարմար պահը արդեն մոտ է. «Հոբելյանի առիթով նրա աստղը կբացենք իր անվան հրապարակում: Ժամանակին մտածել էինք, որ ողջ գործիչների աստղեր չենք բացելու, բայց Ազնավուրն անառարկելի մեծություն է, որ ոչ ոք չի կարող ասել՝ ինչո՞ւ նա կա, ես չկամ: Շանսոնյեն ներկա կլինի միջոցառմանը: Մտածում ենք, որ փառատոնի բացմանն էլ նրա հին, լավ ֆիլմերից մեկը կդնենք: Այնպիսի ֆիլմ, որը համարյա ոչ ոք չի տեսել ու փոքր ռետրոսպեկտիվ կլինի՝ 6 ֆիլմից բաղկացած»:
Կարդացեք նաև
Միքայել Ստամբոլցյանը հայտնեց, որ փառատոնի բացումը կկայանա Ազգային օպերային թատրոնում, եթե մինչ այդ վերանորոգման աշխատանքներն ավարտված լինեն. «Ցանկալի է, որ բոլորը գան, շատ մարդ ֆիլմերը դիտի: Իմ կարծիքով, բացման արարողությունից ավելի ձանձրալի բան չկա: Որ փառատոնն ուզում ես վերցրու՝ Կաննից մինչեւ Օսկար, շա՜տ ձանձրալի է, ամեն տարի նույն սցենարը, նույն ձեւը»:
Հետաքրքրվեցինք՝ «Ոսկե ծիրանի» ընթացքի որոշ կտորներ հնարավո՞ր է մեծ էկրանին բացօթյա ցուցադրվեն: Փառատոնի ծրագրերի տնօրենը հայտնեց, որ նման բան նախատեսել են. «Ոչ միայն բացման ու փակման արարողությունները մարդիկ հնարավորություն կունենան դրսում նայելու, այլեւ գուցե մամուլի ասուլիսներից հետաքրքիր հատվածներ: Ուզում ենք ֆիլմերի բացօթյա ցուցադրությունները շատ լինեն, մտածել ենք Հյուսիսային պողոտայում էկրաններ դնել, օգտագործել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, իսկ Շարլ Ազնավուրի հրապարակում համերգներ կլինեն»:
Քանի որ «Ոսկե ծիրանը» հաճախ հրավիրում է լավ իմաստով՝ սկանդալային ռեժիսորների կամ բերում նրաց ֆիլմերը, Միքայել Ստամբոլցյանին հարցրինք, այս տարի ո՞ւմ են հրավիրել: «Առայժմ գաղտնիք է, քանի որ բանակցություններն ավարտված չեն, բայց կան նման արվեստագետներ, որոնց մասին կտեղեկացնենք առաջիկայում»,- ասաց նա: Ապա հավելեց, որ կհրավիրեն «Ոսկե ծիրանի» բոլոր տարիների մրցանակակիրներին ու աշխարհահռչակ այն ռեժիսորներին ու կինոգործիչներին, որոնց համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար Փարաջանովյան թալերով են մեծարել. «Գուցե ոչ բոլորը կկարողանան գալ, բայց մի քանիսը հաստատ ներկա կլինեն: Կարծում եմ, որ փառատոնի բացման արարողությանը մի փոքր անակնկալ կլինի, եթե ստացվի այնպես, ինչպես մտածել ենք, իհարկե նոր դեմքեր էլ կլինեն»: Պարոն Ստամբոլցյանը ֆիլմերի անուններ չտվեց, բայց ասաց, որ «Ոսկե ծիրանի» շրջանակներում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել Բեռլինի եւ Կաննի կինոփառատոների մրցանակակիր ֆիլմերը: «Բացի այս ամենից, Ուլրիխ Զայդլի (Ulrich Seidl) եռերգությունը կցուցադրենք («Հույս», «Հավատ», «Սեր»)՝ ընդհանուր «Դրախտ» խորագրի ներքո: Ի դեպ, այդ ֆիլմերից մեկը եղել է Կաննում, մյուսները՝ Վենետիկում եւ Բեռլինում: Երեքն էլ ցույց կտանք, ինքն էլ կգա-կներկայացնի: Կաշխատենք, որ բոլոր մրցանակակիր ֆիլմերը լինեն՝ իրենց ռեժիսորի հետ միասին»:
Փառատոնի ծրագրերի տնօրենը նշեց, որ ժյուրիների կազմերը մոտավորապես «գծագրված» են, նախագահներն էլ՝ հայտնի, սակայն առայժմ ձեռնպահ մնաց անուններ բարձրաձայնելուց: «Ժյուրի կազմելը բարդ է: Պետք է համաչափ ներկայացված լինեն բոլոր երկրամասերը, եւ անպայման կին էլ լինի, որ հետաքրքիր լինի աշխատելը, հարկ է, որ ընդգրկված լինեն եւ ռեժիսորներ, եւ կինոքննադատներ»,- հավելեց մեր զրուցակիցը ու ցանկություն հայտնեց, որ կառավարությունն ավելի մեծ ուշադրություն դարձնի արդեն կայացած փառատոնին: Միքայել Ստամբոլցյանը նաեւ ցանկանում է, որ մարդիկ նախապես տեղեկացված գան ֆիլմեր նայելու, հատկապես մրցութայինները, որովհետեւ նրա ձեւակերպմամբ. «Մի քանի 100 ֆիլմերից է ընտրվում 12 ֆիլմը: Ուզում ես, որ դրանք ամենալավը լինեն: Իսկ այն ֆիլմերը, որ արդեն աղմուկ են հանել, այսպես թե այնպես գովազդելու կարիք չունեն»:
Իսկ ընդհանրապես, պարոն Ստամբոլցյանի համար կարեւորը «փառատոն» բառի երկրորդ մասն է. «Կուզեմ՝ տոն լինի մարդկանց համար, տոնական տրամադրություն: Եթե դրա հետ մեկտեղ մարդիկ հաճույք ստացան, մի քիչ էլ ճաշակ դաստիարակվեց, մեր խնդիրը լուծվում է»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ