Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի մարտավարությունը սխալ է, Տարոն Մարգարյանին էլ տղամարդիկ են նախընտրում ձայն տալ

Ապրիլ 12,2013 14:15

Սոցիոլոգի վերլուծությամբ` ապրիլի 9-ից հետո «Ժառանգության» ընտրազանգվածը 30%-ով նվազեց

«Երեւանի ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանին ավելի շատ տղամարդիկ են հակված ձայները տալ. նույնը` թեկնածուներ Արմեն Երիցյանին, Խաչատրյանին, Ռուստամյանին»,-այսօր «Ելակետ» ակումբում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` ելնելով իրենց կատարած հարցումներից: Պարոն Ադիբեկյանի ներկայացմամբ`տարիքային ամենաներդաշնակ էլեկտորատը ՕԵԿ թեկնածու Արմեն Երիցյանինն է, այս թեկնածուին նախընտրողների մեջ կան բոլոր տարիքային խմբերը:

ԲՀԿ թեկնածու Վարդան Օսկանյանին ձայներ կտան միջին կրթություն ունեցող քաղաքացիները, ըստ սոցիոլոգի, առհասարակ ԲՀԿ-ի ընտրազանգվածը միջին կրթության մարդիկ են: Իսկ ՀՅԴ-ին բնորոշ են բարձրագույն կրթությամբ ընտրողները: Արմեն Երիցյանին եւ Արմեն Մարտիրոսյանին եւս միջնակարգ կրթությամբ մարդիկ են նախընտրում:

Ըստ սոցիոլոգի, ՀԱԿ-ին ձայն են տալիս հիմնականում ամուսնացածներն ու բարձրագույն կրթությամբ ընտրողները:

«Ամենաշատը աղքատները նախընտրում են «Ժառանգությանը», քանի որ այս ալիքը, որ բարձրացել է, դեռ շորշոփները մնացել են: Ունեւորները` Մարգարյանին եւ մասամբ՝ Մարտիրոսյանին»,-ասաց Ահարոն Ադիբեկյանը: Նրա ներկայացմամբ`«Առաքելություն» կուսակցությունն էլ բակերում է հանդիպումներ կազմակերպում. «Ընդամենը մի 5 հոգու հետ. տխուր պատկեր է: Մնացածները դահլիճային հանդիպումներ են անում, որի դեպքում բերում են մարդկանց ու այնտեղ պատահական մարդ չի լինում»:

Սոցիոլոգը սխալ է համարում ԲՀԿ-ի մարտավարությունը. «Նաիրա Զոհրաբյանը երեկ ընտրողների հետ հանդիպման ժամանակ փորձել է  քաղաքականացնել ավագանու ընտրությունները, բայց դա հնարավոր է  միայն դահլիճներում, որովհետեւ այն ճառը, որ նա կարդում էր բակում, մարդիկ կլսեն, կթողնեն կգնան, նրանց ավելի շատ հետաքրքրում են կենցաղային պրոբլեմները, սոցիալական խնդիրները: ԲՀԿ-ն չի հասնի այն վերջնական նպատակին, որովհետեւ ճիշտ մարտավարություն չի անում»:

Հարցին՝ թե ինչպիսին է «Ժառանգության» ընտրազանգվածը ապրիլի 9-ից հետո, պարոն Ադիբեկյանն ասաց, որ այն կրճատվել է 30%-ով եւ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը կարող են առիթից օգտվել եւ վերադարձնել ձայներն իրենց, իսկ ՀԱԿ-ի շանսերը թույլ են: Թե ինչո՞ւ են ՀԱԿ-ի շանսերը թույլ, մեր այս հարցին՝ սոցիոլոգն ասաց, որ ՀԱԿ-ը նոր կազմավորվելուց լավն էր, բայց հետո պարզվեց՝ ներսում տարաձայնություններ կան, խմբեր դուրս եկան, հետո որոշեց վերադառնալ ՀՀՇ-ին, իսկ ՀՀՇ-ի վարկանիշը ցածր է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930