Մամուլում տեղեկություններ կային, որ Ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները պրակտիկայի շրջանակներում այս օրերին աշխատում են Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի ծիրանի այգում, որը գտնվում է Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում: Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Գագիկ Սանթրոսյանը չէր հերքել ուսանողների պրակտիկայի մասին լուրը՝ Քանաքեռավանում, սակայն ասել էր, թե իրեն հստակ հայտնի չէ՝ ում այգում են աշխատում: «Շնորհակալ ենք բոլոր տնտեսվարողներից, որոնք աջակցում են, որ նախադիպլոմային եւ արտադրական պրակտիկաները կազմակերպենք մեր ուսանողների համար»,-հավելել էր դեկանը: Իսկ Քանաքեռավանի գյուղապետը հերքել էր, թե ՀՀ նախագահի եղբայրները Քանաքեռավանում հող ունեն:
Aravot.am-ը կապվեց բուհի մամուլի պատասխանատու Անի Խուդավերդյանի հետ: Նրանից հարցրինք՝ ի վերջո, այն այգու հետ, որտեղ աշխատում են բուհի ապագա ագրոնոմները, Սարգսյան ընտանիքը կապ ունի,՞ թե՝ ոչ:
Տիկին Խուդավերդյանն ասաց, թե դեկանի խոսքից արդեն երեւում է հարցի պատասխանը: Երբ պնդեցինք, տիկին Խուդավերդյանն ընդամենը ասաց. «Մեր ուսանողներն այսօր էլ են գնացել դաշտում աշխատելու»: Սերժ Սարգսյանի եղբոր ծիրանի այգո՞ւմ, թե՞ այլ այգում՝ կրկին հարցրինք տիկին Խուդավերդյանին: «Մեր երեխաները պտտվում են մարզերում ու տեսնում են, թե վեգետացիան ինչպես է գոտիականությամբ փոփոխվում»,-ընդամենն ասաց նա՝ հավելելով, թե շուտով պատասխան կուղարկեն ԶԼՄ-ի՝ այդ թեմայով հրապարակումներին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ