Լրահոս
Օրվա լրահոսը

Եղբայրների դատաքննությունն ավարտվել է՝ առանց իրեղեն ապացույցների հետազոտման

Ապրիլ 12,2013 14:00

Փաստաբանը միջնորդեց դատարանին քրեական գործ հարուցել նախաքննական մարմնի դեմ՝ բարձրաձայնելով, որ վերջինս չարաշահել է պաշտոնեական դիրքը, խախտել քաղաքացիների իրավահավասարությունն ու ապացույցներ կեղծել: Թեեւ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, խուլիգանության մեջ մեղադրվող սպիտակցի երեք եղբայրների դատաքննությունը ավարտվել է, այնուամենայնիվ, Արմեն, Արթուր եւ Մացակ Բադալյանների փաստաբան Ռուբեն Հակոբյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերսկսելու այն:

«Միջնորդել եմ իրեղեն ապացույցների մասով վերսկսել դատաքննությունը, որովհետեւ դատարան չեն ուղարկվել քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված ենթադրյալ հանցագործության ենթադրյալ գործիք հանդիսացող որսորդական հրացանը եւ տուժողի անդրավարտիքը, որոնք դատաքննության ընթացքում չեն հետազոտվել, այսինքն՝ չեն զննվել: Իսկ եթե դատաքննության փուլում ապացույցը չի հետազոտվում, ապա այդ ապացույցը չի կարող դրվել դատական ակտի հիմքում»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է եղբայրների փաստաբան Ռուբեն Հակոբյանը: Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2012թ. հունիսի 23-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ Արմեն Մկրտչյանը, պարզաբանումներ ստանալու նպատակով, գործով չպարզված անձանց հետ գնացել է Լոռու մարզի Հարթագյուղ գյուղ, որտեղ գյուղի կենտրոնական մասում հանդիպել է Սպիտակ քաղաքի բնակիչներ, եղբայրներ Արմեն, Մացակ եւ Արթուր Բադալյանների հետ: Հանդիպումը վերածվել է վիճաբանության ու ծեծկռտուքի՝ տեւելով մոտ 20 րոպե: Բարձրացված աղմուկից հավաքված շուրջ 15-20 բնակիչների ներկայությամբ դրսեւորելով անթաքույց արհամարհանք՝ նրանք աղմկել են, տվել սեռական բնույթի հայհոյանքներ՝ դրանով իսկ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հավաքված գյուղի բնակիչների հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Ավելին՝ Արթուր Բադալյանը որսորդական հրացանով 2 անգամ կրակել է Արմեն Մկրտչյանի ոտքերի ուղղությամբ՝ նրան պատճառելով առողջության միջին ծանրության վնաս: Արմեն Մկրտչյանն իր առողջությանը վնաս պատճառելու համար, սակայն, որեւէ մեկի նկատմամբ բողոք-պահանջ չի ներկայացրել: Հակառակ առաջադրված մեղադրանքին՝ 3 եղբայրների փաստաբաններ Ռուբեն Հակոբյանն ու Արտակ Ոսկանյանը պնդում են, որ վերոնշյալ հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը, երեք եղբայրների նկատմամբ ապացույցների բացակայության պայմաններում առաջադրվել է ապօրինի, կամայական մեղադրանք: «Չկա գոնե մեկ ապացույց, որ տեղի է ունեցել խուլիգանություն: Բայց ապացույցների բացակայության պայմաններում մեղադրողը գալիս է դատարան եւ միջնորդում է մեղավոր ճանաչել եւ պատիժ պահանջել: Դատախազությունը արհամարհելով ՀՀ վճռաբեկ դատարանի՝ խուլիգանության հանցակազմին վերաբերող բոլոր նախադեպային որոշումները, քրեական իրավունքի տեսության բոլոր թեզիսները, եկել եւ պաշտպանում է մի մեղադրանք, որը բացարձակ կապ չունի խուլիգանության հետ, եթե անգամ խուլիգանության հանցակազմի ձեւակերպումները այդպիսին են, ապա այդ ձեւակերպումների տակ չունենք ապացույցներ՝ չկա խուլիգանության հանցակազմ, չկա որեւէ ապացույց»,- բացատրում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը: Նա նկատում է, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե գյուղի կենտրոնում, այլ՝ համայնք տանող ճանապարհի վրա, խոսք ու զրույց է եղել, որսորդական հրացանով կրակոց է եղել, հետադարձի արդյունքում տուժողը ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածք՝ ոտքերի շրջանում, որի վերաբերյալ բողոք չունի, ներկա է եղել ոչ թե 15-20 վկա, այլ՝ ընդամենը մեկը, ով հրաժարվել է նախաքննությանը տված իր ցուցմունքներից՝ բարձրաձայնելով պատկան մարմինների կողմից բռնությունների ենթարկվելու մասին, ավելին՝ մինչ օրս առերես հարցաքննություններ էլ չեն կատարվել: «Կենցաղային հողի վրա ծագած թեթեւ վիճաբանություն է եղել, արագ հարթվել է, հայհոյանքներ չեն հնչել, ծեծկռտուք տեղի չի ունեցել»,- ասում է փաստաբանը: Դատարանում իրենց ճառերի ընթացքում երեք եղբայրները եւս միաբերան պնդեցին, որ մեղադրանքն ապօրինի է եւ իրականությանը չի համապատասխանում: «Ես այդպես էլ չհասկացա, թե ինչու գործը Լոռուց տեղափոխվեց Տավուշ: Ապացուցեք, որ մենք կատարել ենք այդ արարքը, ոչ թե կանգնեք ասեք՝ ասում են, շատ բան են ասում, ասելով հո չի՞: Իմ հետ թեկուզ մեկ անգամ, թեկուզ ձեւական գոնե մեկ առերեսում չի կատարվել: Խնդրում եմ, պարոն դատախազ, բացատրեք, թե ես ինչի համար եմ մեղադրվում»,- իր ճառի ընթացքում դատարանին ու մեղադրողին՝ Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Արարատ Ազիբեկյանին էր դիմում եղբայրներից Արթուր Բադալյանը: Նրանց մյուս փաստաբան Արտակ Ոսկանյանն էլ դատարանին միջնորդություն ներկայացրեց պաշտոնեական դիրքի չարաշահման եւ քաղաքացիների իրավահավասարությունը խախտելու համար նախաքննական մարմնի նկատմամբ քրեական գործ հարուցել՝ բարձրաձայնելով նաեւ նախաքննական մարմնի՝ ապացույցների կեղծմամբ զբաղվելու մասին: «Առանցքային վկային անընդհատ համոզել են, ստիպել, թե արի ցուցմունք տուր, մեկ անգամ էլ նրան, մորն ու քրոջը տարել են գյուղապետարան եւ ստիպել, որ գրեն, թե իրենք տեսել են գյուղում տեղի ունեցած վիճաբանությունը: Ոստիկանները նրանց վրա գոռացել են եւ սպառնացել: Բացի գոռալը, վիրավորելն ու սպառնալը՝ ոստիկանները ասել են՝ «էս գողականությունից էլ եք հասկանում, կտանենք ձեռքերիդ նակոլկեք կխփենք», «տանելու եմ տոկի քցեմ, որ ճիշտն ասես»: Առանցքային վկան, սակայն, սկզբից էլ ասել է, որ ինքը ականատես չի եղել, ոչինչ չի տեսել: Ստացվում է, որ ոստիկանները անհանգստություն են պատճառել հասարակության անդամներին, խախտել քաղաքացիների իրավահավասարությունը: Եթե անհանգստություն պատճառեին սովորական քաղաքացիները, նրանց կդատեին, բայց եթե ոստիկաններն են՝ ո՞չ»,- ասում է Արտակ Ոսկանյանը՝ հավելելով, որ նախաքննական մարմինը նաեւ ապացույցներ է կեղծել: «Ապացույցներ են կեղծվել. նույն անձը երկու վկաների հետ տարբեր վայրերում միաժամանակ հարցաքննություն է իրականացրել: Գործում առկա են քննիչի կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումներ, մասնավորապես՝ 27.07.2012-ին՝ ժամը 15.10 րոպեից մինչեւ 16.00-ն, Սպիտակ քաղաքում հարցաքննել է վկա Արամ Մանուկյանին, այդ նույն ժամանակ՝ 27.07.2012-ին՝ ժամը 15.10 րոպեից մինչեւ 15.30-ը, Հարթագյուղում հարցաքննել է վկա Վարսիկ Չինարյանին: Նույն ժամին քննիչը չէր կարող լինել եւ Սպիտակում, եւ Հարթագյուղում, դա վկայում է այն մասին, որ այդ ապացույցներից որեւէ մեկը կեղծված է»,- եզրափակում է նա:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930