Մասնագետները՝ Հյուսիս-հարավ ճանապարհի նախագծի մասին
Երեկ Շիրակի մարզպետարանում Հյուսիս-հարավ ճանապարհի նախագծի հանրային լսումը անցավ բավականին լարված մթնոլորտում: Տեղի գյուղապետերը, բնապահպաններն ու հնագետները փաստերով խայտառակեցին նախագիծը՝ երեսներին շրխկացնելով, որ «սվաղված» փաստաթուղթ է, կազմվել է առանց տեղաբնակների ու մասնագետների կարծիքը հաշվի առնելու: Հետաքրքիրն այն էր, որ տեղից բարձրացողը մի նոր քննադատական խոսք էր հնչեցնում՝ մի նոր անտեսված փաստի մասին հիշեցնելով: Մի խոսքով, վերջիններս քաղաքավարի հասկացրեցին, որ ունքը սարքելու տեղը աչքն էլ հետն են հանում:
Նշենք, որ ըստ նախագիծը ներկայացնող փորձագետների՝ Հյուսիս-հարավ ճանապարհը ոչ թե մայրուղի է, այլ 1-ին կարգի ճանապարհ, որը կառուցվելու է Թալինից մինչեւ Ազատան եւ զբաղեցնելու է 45,5 կիլոմետր տարածք: Այն նախատեսված է կառուցել Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկային միջոցներով, թեեւ անհայտ է՝ ինչքան գումարի մասին է խոսքը: Ճանապարհի կառուցման անհրաժեշտությունը մասնագետները բացատրում են նրանով, որ այն կխթանի տնտեսական աճը: Փոխարենը տեղահանվելու են այդ ճանապարհին խանգարող տները, արոտավայրերը, ոչնչանալու են վարելահողեր, վտանգ է սպառնում որոշ պատմամշակութային արժեքների, Կարմիր գրքում գրանցված կենդանիների եւ այլն: Համենայնդեպս, հենց այս մասին էր մասնակիցների ահազանգն ու անհանգստությունը: Օրինակ՝ գյուղապետերից մեկը անհանգստացած էր, թե նախագծողները այդ ինչպես են որոշել, որ անասունները արոտավայր պետք է հասնեն սեփականաշնորհված հողատարածքներով:
Մեկ այլ գյուղապետ էլ անհանգստացած էր, թե՝ ինչպե՞ս է որոշվելու ոչնչացվող վարելահողերի հարցը, երբ Հայաստանում այլեւս վարելահող չի մնացել: Բնապահպաններն էլ հարցնում էին՝ շինարարության ընթացքում որտե՞ղ է պահեստավորվելու հողի բերրի շերտը, առաջացող փոշին մեղմացնելու համար որտեղի՞ց են ջուր վերցնելու, երբ այդ տարածքները համարյա ջրազուրկ են, ինչպե՞ս են փրկելու Մաստարայի հատվածի թունավոր ու Կարմիր գրքում գրանցված օձերին: Մայրաքաղաքից ժամանած փորձագետները մեծամասամբ պատասխանում էին, որ դրանք պետք է լուծի շինարարը: «Ինչ հարցնում ենք՝ շինարարի վրա եք գցում, մենք բնավ դեմ չենք ճանապարհ սարքելուն, բայց մի սվաղեք, այս ամենը անլուրջ է, եթե նախագիծը ընդունենք այս տեսքով, խայտառակ բան կլինի՝ իսկը ծույլ ուսանողի կուրսային աշխատանք է, չէ՞ որ վարկ եք վերցնում, որը հետագայում ժողովուրդը պիտի փակի, հո էսպես չի՞ կարելի: Մեզ ձեռ եք առնում, ի՞նչ՝ հիմա պիտի վերադառնաք Երեւան ու ասեք՝ քննարկումը լա՞վ ընթացավ: Մենք մերժում ենք նախագիծն այս տեսքով, սա ՇՄԱԳ (շրջակա միջավայրի ազդեցության գնահատում) չէ, այլ դերասանություն է»,- վրդովվեցին բնապահպանները:
Գյուղապետերն էլ պահանջեցին չխաղալ իրենց ապագայի հետ, ու մինչ փաստաթղթի ընդունումը տեղում հանդիպել գյուղացիների հետ, քանի որ նախագծողը չի եկել գյուղեր ու տեղում ուսումնասիրություններ չի կատարել: Արդյունքում անասունների ու գյուղտեխնիկայի տեղափոխման դաշտամիջյան ճանապարհները սխալ են մատնանշված նախագծում: Իսկ սա, բնականաբար, մեծ բեռ կդառնա գյուղացիների համար: Ինչեւէ, հատկապես բնապահպանները կոշտ, սակայն փաստարկված գնահատականներով քննադատեցին նախագիծը՝ պահանջելով այն փոփոխության ենթարկել:
Մեզ հետ զրույցում բնապահպան Լեւոն Մարտիրոսյանն ասաց. «Ես հենց նոր ասացի, որ չի կարելի կուրսայինի մակարդակի մի ինչ-որ բան բերել ու ասել՝ սա փաստաթուղթ է: Ոչ մի բան չկա վերլուծված, թվարկված է միայն, վստահ կարող եմ ասել, որ սա շատ ցածր մակարդակի գործ է: Մաստարայում գյուրզաների փոքր արիալ կա, բայց իրենց մոտ ֆիքսված չէ, իրենք ուղղակի նշում են, թե տարածքում կարող են լինել սողուններ, կարիճներ՝ ոնց որ էրեխու գրած բան»: Ըստ բնապահպան Գեւորգ Պետրոսյանի էլ. «ՇՄԱԳ նախագիծը արված է բավականին ցածր որակով, ասեմ, որ այնտեղ բազմաթիվ հիմնախնդիրների ընդհանրապես չեն անդրադարձել. նախ՝ ամենապարզ տեղեկատվությունը չկա, օրինակ՝ ինչքա՞ն սեւահող, բերիի հողաշերտ է անվերադարձ կորցնում Շիրակի մարզը: Չգիտեն, թե որտեղի՞ց են ջուրը վերցնելու բնապահպանական մեղմման միջոցառումները իրականացնելու համար, եթե գետերից ենք վերցնելու, դա չի կարելի. հատուկ տեխնիկական ջրի թույլտվություն պիտի ունենաք: Կենսաբազմազանության մասով. ասում են՝ այնտեղ կան որոշ տեսակներ, որոնք գոյություն ունեն, բայց արիալները ճշտված չեն: Քննարկման իմաստը կորում է, եթե մենք էսօր չունենք մեր ձեռքի տակ հստակ ինֆորմացիա: Էլ ինչի՞ ենք նստում ու քննարկում»: Թեեւ դեռ հստակ չէ, թե ինչքան է նստելու ճանապարհի կառուցումը հարկատուներիս վրա, այդուհանդերձ՝ բնապահպանը կարծիք հայտնեց, որ խոսքը մոտ 100-200 միլիոն դոլարի կարգի գումարի մասին է:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ