ՀԱԿ պատգամավորը չի հասկանում՝ ինչո՞ւ է արեւմտամետ Հովհաննիսյանը փորձում ստանալ Պուտինի աջակցությունը
ՀԱԿ պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում չէր մասնակցում ԱԺ հատուկ նիստին, որի ժամանակ էլ տեղի էր ունենում Սերժ Սարգսյանի երդմնակալությունը. «չմասնակցել չընտրված նախագահի երդմնակալությանը»՝ խմբակցության որոշումն էր: Պատգամավորը նիստին հետեւել է ու, իբրեւ ազգի ներկայացուցիչ, վիրավորված է: Վիրավորված է, որովհետեւ արարողությանը ներկա պատվիրակություններում չորրորդ-հինգերորդ դեմքերով էին երկրները ներկայացված, այդ թվում նաեւ հարեւան երկրները: «Դա խոսում է մեր երկրի նկատմամբ վերաբերմունքի մասին: Նույնիսկ այն երկրները, որոնք շնորհավորել էին Սարգսյանին եւ ընդունել ընտրությունների օրինականությունը՝ շատ լավ իմանալով, որ դա այդպես չէ, ցույց են տալիս իրենց վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ: Եվ դա իմ երկիրը խոցելի է դարձնում: Երդմնակալության արարողությունը ցույց տվեց, որ մեր երկրի ու նրա նախագահի նկատմամբ վերաբերմունք չկա, եւ ակնկալել որեւիցե բարեկամական վերաբերմունք «բարեկամ» ու հարեւան երկրների կողմից՝ չենք կարող»,- ասում է մեր զրուցակիցը: Նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանում պատգամավորը հույսեր է ունեցել, որ հիմնական քաղաքական ուժերի չմասնակցության փաստն օգտագործելով՝ Սերժ Սարգսյանը կվերընտրվի արդար ու թափանցիկ ընտրությունների արդյունքում. «Այդ հնարավորությունը՝ առանց քրեաօլիգարխիկ համակարգի վրա հենվելու եւ մաքուր ընտրությունների արդյունքում նախագահ դառնալու, ակամայից տրվել էր նրան: Այդ դեպքում ես հույս կունենայի, որ իր պաշտոնավարման վերջին շրջանը Սերժ Սարգսյանը կօգտագործի այս երկրի համար բարիք ստեղծելու, ժողովրդին ապագա խոստանալու համար: Ցավոք, նորից կիրառվեցին նույն մեխանիզմները, նորից առնչվեցինք ընտրակեղծիքների հետ, ու այսօր, եթե ոչ օլիգարխների վրա հենվելով, ապա ընտրակեղծիքների արդյունքում Սերժ Սարգսյանը նորից վերարտադրվեց՝ խոցելի դարձնելով եւ իրեն, եւ երկիրը»:
Երդմնակալության արարողության ժամանակ ունեցած իր ելույթում Սերժ Սարգսյանը՝ դիմելով իրեն չընտրած քաղաքացիներին, ասաց, որ հասկանում է, որ դա իրեն ուղղված հստակ մեսիջ էր, որը տեղ է հասել: Տիկին Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ դա է՞լ չի հուսադրում: «Կարելի է շատ տարբեր արտահայտություններ անել, բայց գործողությունները այլ են: Միայն այն փաստը, որ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ շատ գոհ է կառավարության աշխատանքից եւ նպատակ չունի կառավարությունում արմատական փոփոխություններ անելու, կառավարություն, որը տապալել է Հայաստանի տնտեսությունը, արդեն իսկ հուշում է, որ շարունակվելու է քրեաօլիգարխիկ համակարգի սատարումն իշխանության կողմից եւ բացարձակ նպատակ չի հետապնդվում երկրում քիչ թե շատ նպաստավոր իրավիճակ ստեղծելու համար»:
Ինչ մնում է նույն օրն Ազատության հրապարակում տեղի ունեցած Րաֆֆի Հովհաննիսյանի այլընտրանքային երդմնակալությանը, մեր զրուցակիցն ասում է, որ ի սկզբանե էլ դա համարել է «անիմաստ արարողություն», որը ոչինչ չի փոխելու՝ շարժման առաջընթացի առումով. «Ավելին, եթե տեղի է ունենում Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունը՝ ըմբոստ ժողովրդի համար, որն արդարության կարոտ է եւ փորձում է թեկուզ Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով իր ձայնը հասանելի դարձնել իշխանություններին, եւ Սերժ Սարգսյանի տոկոսները նկարած տոկոսներ էին, նա քայլերի հաջորդականություն, ծրագիր պետք է ներկայացներ: Բայց ի սկզբանե էլ պարզ էր, որ նման ծրագիր, քայլերի հաջորդականություն չկա, եւ շարժման տրամաբանությունն էլ հասկանալի չէր: Ավելի ճիշտ՝ չկար տրամաբանություն»: Այս իմաստով մեր զրուցակիցը բնական է համարում, որ ամեն ինչ ավարտվեց այնպես, ինչպես ավարտվեց՝ Վլադիմիր Գասպարյանի հետ մոմավառությամբ, երբ հավաքված ժողովուրդը Բաղրամյան փողոցում մնաց: ՀԱԿ պատգամավորի կարծիքով՝ այդտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը ցույց տվեց իր թուլությունը. «Նա ցույց տվեց, որ չի կարողանում առաջնորդել ժողովրդին, իրավիճակին չի տիրապետում: Ավելին, իր ցանկության դեմ եւ ժողովրդի տրամադրությունների ճնշման տակ երթ կազմակերպեց դեպի Բաղրամյան 26՝ այն դեպքում, որ ինքը պետք է կարողանար ուղղորդել ժողովրդին եւ ոչ թե ժողովուրդը՝ իրեն: Ժողովուրդը չի կարող տեսնել այն վտանգները, որոնք սպառնում են իրենց՝ Բաղրամյան 26-ի ճանապարհին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է գիտակցեր պատասխանատվության իր չափաբաժինը եւ հասկանար՝ արդյոք ինքն ի զորո՞ւ է կրելու այդ պատասխանատվությունը»:
Կարդացեք նաև
Պատկերավոր համեմատություն անելով ծանրամարտիկի եւ ծանրաձողի հետ՝ Լյուդմիլա Սարգսյանը եզրակացրեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը վերցրեց ծանրաձող, որն ինքն ի վիճակի չէր բարձրացնելու: Արդյունքում՝ հիասթափություններ, Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական վարկանիշի անկում»: Նա միաժամանակ նշում է, որ միայն ուրախ կլինի, եթե Րաֆֆին կարողանար դրական հանգրվանի հասցնել շարժումը ու ինքն իր կանխատեսումներում սխալված լիներ. «Դժբախտաբար, այդ վախճանը տեսանելի էր դեռ մեկ-մեկուկես ամիս առաջ»:
Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ գնալու է Մոսկվա եւ Վլադիմիր Պուտինից բերի հայ ժողովրդի հաղթանակը: Երեկ Հովհաննիսյանը կնոջ եւ որդու հետ մեկնեց Մոսկվա: Մեր զրուցակիցը զերծ մնաց այս առիթով մեկնաբանություններ անել այնպես, ինչպես մտածում է: Միայն ասաց, որ սա Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական անիմաստ նախաձեռնությունն է. «Նախ՝ Պուտինն արդեն իսկ Մոսկվայում չէ: Եթե նույնիսկ Մոսկվայում էլ լիներ, Հովհաննիսյանին չէր հաջողվելու նրա հետ հանդիպել, քանի որ թե ՌԴ, թե արեւմտյան տերությունների իշխանություններն աշխատում են գործ ունենալ առավելապես գործող իշխանությունների հետ: Ապա՝ ի՞նչ է ակնկալում Րաֆֆի Հովհաննիսյանն այդ հանդիպումից: Արդյոք մտածում է, որ Պուտինից թո՞ւղթ է բերելու, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է լինելու, որ ընտրված նախագահն ինքն է: Եվ վերջապես՝ որքան ինձ հայտնի է, Հովհաննիսյանն արեւմտամետ է, ինչո՞ւ է փորձում Պուտինի աջակցությունը ստանալ, եթե կա Արեւմուտք, ԱՄՆ, ինքն էլ ռուսական հատվածի նկատմամբ մշտապես քննադատական վերաբերմունք է ունեցել»:
Մեր զրուցակիցը համոզված է, որ ապրիլի 9-ի իրադարձությունները առավելապես բացասական հետք կթողնեն Երեւանի ավագանու ընտրություններում «Ժառանգության» գրանցելիք արդյունքների վրա: Նա նույնպես այն կարծիքին է, որ հետընտրական զարգացումներն առավելապես ուղղված էին հենց ավագանու ընտրություններին, քան վիճարկվում էր Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահությունը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ