Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյանը ներեց Արմեն Մարտիրոսյանին. «Հասկանում եմ՝ ինչ հոգեվիճակում է»

Ապրիլ 12,2013 13:23

ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի գնահատմամբ,  ապրիլի 9-ի դեպքերը արդյունք էին ժողովրդի սպասելիքների չիրականացման:

«Ժողովրդի  սպասելիքները հետընտրական հանրահավաքային գործընթացների արդյունքում  ի չիք դարձան եւ չարդարացվեցին: Ի տարբերություն շատ քաղաքական ուժերի, որոնք դեռ փորձում էին կողմնորոշվել շարժմանը մասնակցել, թե՝ ոչ, իմ կարծիքով՝ դա դեռ շարժում չէր, այլ  հախուռն ժողովրդի դժգոհության դրսեւորում: Իսկ շարժում դառնալու համար շատ լուրջ քայլեր պետք է արվեին»,- այսօր «Զարկերակ» ակումբում իր ավելի վաղ հայտնած դիրքորոշումը կրկնեց տիկին Սարգսյանը:

Նրա խոսքերով, իրենք Ր. Հովհաննիսյանի բարեկամն են, բայց հույսեր չեն  կապել նրա հետ՝ որպես առաջնորդի. «Որը կարող է շարժման տեսք տալ ժողովրդի ըմբոստությանը եւ հաղթական հանգրվանի հասցնել: Մենք մեր սկզբնական գնահատականներում ճիշտ էինք, բայց այն, ինչ-որ տեսնում ու կանխատեսում էինք, տեղի ունեցավ ապրիլի 9-ին: Այսինքն, ինչպես կանխատեսել էինք, նա չի ղեկավարում հարթակը, որոշումներ չի կարողանում կայացնել, ծրագիր չունի, քայլերի հաջորդականություն չունի: Իսկ ժողովրդի նկատմամբ պատասխանատվությունը չափից մեծ էր, որ ամեն անգամ ժողովրդին հանրահավաքի կանչեր ու ասելիք չուենար: Երբ առաջնորդ ես քեզ հայտարարում ու ժողովրդին հրավիրում ես հրապարակ, պատասխանատվության չափաբաժինը պետք է լավ գիտակցել: Ավելի ազնիվ կլիներ, եթե չուներ ծրագիր, մշակված քայլերի հաջորդականություն, որը տրամաբանական հանգրվանի պետք է հասցներ նորաստեղծ շարժումը, ապա ՍԴ-ի որոշումից  հետո լավ կլիներ, կայացներ իր որոշումը  ու հայտարարեր, որ հետընտրական շարժման էջը փակված է, քան հերթական անգամ ժողովրդին հիասթափեցնել»:

Անդրադառնալով իրեն սուտասան անվանած «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, ասաց. «Վաղաժամ է ինձ սուտասան անվանել: Ես իմ կարծիքն եմ ասել, փաստերի  մասին չեմ խոսում: Ասել եմ՝ ինքն էլ չի լինի: Կարծում եմ,  որ ինքը կհասկանա, որ այն վստահությունը, որը ինքը փորձում էր վաստակել, եւ ժողովուրդն էլ ակնկալում էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պայքարն ավելի լրջացնելու է, ու միգուցե այս պայքարի արդյունքում գոնե այս անգամ ինչ-որ խնդիրներ կարելի է լուծել, ապա այդ ակնկալիքները ժողովուրդն այսօր չունի: Իսկ այսօրվա հանրահավաքի մասին ասել եմ, որ, իմ կարծիքով, ժողովրդի մասնակցությունը շատ պասիվ է լինելու: Իսկ ես չէի ցանկանա, Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնել մի հարթակում, որտեղ մարդկանց քանակը շատ քիչ է լինելու  եւ փաստելու է հիասթափության մասին: Ես տրամաբանական եմ համարում, եթե նա դեռ Մոսկվայում է, պատճառ ունի հանրահավաքին  չներկայանալու: Արմեն Մարտիրոսյանը կոռեկտ չի գտնվել իմ նկատմամբ, բայց ես ներողամիտ կլինեմ, որովհետեւ հասկանում եմ՝ ինչ հոգեվիճակում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930