Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

1973 ԹՎԱԿԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԸ

Ապրիլ 12,2013 13:20
Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ երեսուներկուերորդ

1973 ԹՎԱԿԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԸ

Եվ չորսս էլ ճգնում էինք էդ օրվա էդ պատմական հաղթանակին վայել մտքեր արտահայտել, եւ դա ամենից լավ Բեյլերյան Հրաչին էր հաջողվում՝ ոչ միայն էն պատճառով, որ Հրաչի բառապաշարը մերինից անհամեմատ հարուստ ու ճոխ էր, այլեւ էն պատճառով, որ էդ պահի դրությամբ Բեյլերյան Հրաչը ոչ միայն Մանկավարժականի մեր գրական ստուդիայի ղեկավարն էր, այլեւ արդեն տպագրված, կարելի է ասել, նույնիսկ կայացած բանաստեղծ էր, եւ չնայած մյուսներս էլ էինք երիտասարդ ու շնորհալի բանաստեղծներ, մյուսներս Բեյլերյան Հրաչի տաղանդն ու բառապաշարը չունեինք, բայց հիշարժան ու անմոռանալի էդ գիշեր Մաքսիմն էլ բավական շատ խոսեց, եւ Մաքսիմը բացատրելով պնդում էր, որ էդ օրվա մերոնց էդ աննախադեպ ու անհավատալի հաղթանակն Աստծո պարգեւն էր համայն հայությանը, եւ չնայած Բեյլերյան Հրաչն Աստծո տարբերակին առանձնապես դեմ չէր, ինքը զանազան այլ պարամետրերով էլ էր մերոնց էդ պատմական հաղթանակը բացատրում, բնութագրում ու մեկնաբանում ու երեւի մինչեւ լույս կբացատրեր, կբնութագրեր ու կմեկնաբաներ, եթե հանկարծ դրսից ահավոր աղմուկ ու աղաղակ չներթափանցեր, եւ աղմուկն ու աղաղակը ներս հորդեցին էն պահին, երբ Մաքսիմը Լենինի հրապարակի կողմ նայող լուսամուտը բաց արեց, որպեսզի օդը մաքրվի, որովհետեւ, Ժիրոյից բացի, երեքս էլ թունդ ծխող էինք, եւ չնայած Ժիրոն ծխող չէր,   էդ գիշեր, հիշում եմ, ֆուտբոլի ընթացքում ու ֆուտբոլից հետո ինքն էլ մի քանի հատ ծխեց, եւ չնայած ֆուտբոլի ամբողջ ընթացքում Լենինի պողոտայի կողմ նայող բոլոր պատուհանները բաց էին, ֆուտբոլից հետո Մաքսիմը Հրապարակի կողմ նայող լուսամուտներն էլ բաց արեց, որպեսզի միջանցահովիկ առաջանար  ու մանկապարտեզի օդն արագ մաքրվեր, եւ Մաքսիմը մեր բոլոր հավաքների ժամանակ էր էդպես անում, հակառակ դեպքում՝ ծխահոտը կմնար, եւ առավոտյան մանկապարտեզի ղեկավարները Մաքսիմի վրա կխոսեին, իսկ դա միանգամայն անցանկալի էր, որովհետեւ, ի տարբերություն մյուս երեքիս, Մաքսիմն էդ տարիքում արդեն ինքն էր իր գլուխը պահում ու էդ տարիքում արդեն աշխատանք ուներ եւ, որ ամենակարեւորն էր, իր էդ աշխատանքը չափազանց էր սիրում ու կարեւորում՝ ոչ միայն էն պատճառով, որ մանկապարտեզի ղեկավարությունն իրեն չափազանց էր հարգում ու սիրում, այլեւ էն պատճառով, որ էդ աշխատանքի շնորհիվ իր գլխին բավական ամուր ու բավական հուսալի տանիք ուներ, եւ, փաստորեն, տան վարձից ու հանրակացարանային աղմուկից  էլ էր ազատված ու ապահովագրված, բայց դույն գիշերվա աղմուկից ապահովագրված չէր, եւ հենց Հրապարակի կողմ նայող պատուհանը բաց արեց, ահավոր աղմուկն անմիջապես լցվեց մանկապարտեզ, եւ լուսամուտից դուրս նայելով՝ տեսանք, որ ժողովրդի աղմկոտ հոսանքը դեպի Հրապարակ է հորդում, ու մենք էլ անմիջապես դուրս թռչելով՝ ժողովրդի հետ շարժվեցինք դեպ Հրապարակ, եւ Հրապարակն արդեն լեփլեցուն էր, եւ, իմ կարծիքով, շուրջ հարյուր հազար ժողովուրդ կար, «Ղարաբաղ» կոմիտեի աչքաչափով՝ շուրջ մեկ միլիոն, եւ Նիկոլի չափումներով՝  շուրջ միլիոնուկես, եւ բոլորը ցնծում էին, եւ բոլորի ցնծությունը տարբեր ձեւերով էր արտահայտվում, եւ էսօրվա  արտգործնախարարության դեմդիմաց մի բեռնատար էր կանգնած, որի թափքին Լենինի պես կանգնած էր գյումրեցի Վարդանիկը, որը հայտնի էր որպես Շիրազի բանաստեղծությունների ժողովրդական  ու անզուգական կատարող, բայց էն պահին, երբ մենք մոտեցանք բեռնատարին, Վարդանիկը ոչ թե Շիրազ, այլ Սեւակ էր արտասանում՝ «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում», եւ քանի որ մենք բանասեր ու   բանաստեղծ տղերք էինք, երեւի միայն մենք էինք լսելով հասկանում, որ Վարդանիկն էդ պահին ոչ թե Շիրազ է արտասանում, այլ՝ Պարույր Սեւակ, ընդ որում՝ աղավաղելով էր Սեւակ արտասանում, ավելի ճիշտ՝ ոչ թե Սեւակի  գրածն աղավաղում էր, այլ Սեւակի գրածն ինքնագլուխ հարմարեցնում էր էդ օրվա տրամադրությանն ու էդ օրվա  ցնծությանը՝ «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում,/ Մենք շատերից ենք մեզ գերադասում», բայց քանի որ Վարդանիկը գրեթե միշտ ու հիմնականում Շիրազ էր արտասանում, Վարդանիկի էդ օրվա արտասանած Սեւակն էլ էր ժողովուրդն իբրեւ Շիրազ ընկալում, ու էդ գիշեր Վարդանիկի  արտասանած «Ես իմ անուշ Հայաստանին» եւ «Խոսք իմ որդունն» էլ էր ժողովուրդն իբրեւ Շիրազ ընդունում ու ընկալում, եւ երբ Վարդանիկը «Խոսք իմ որդունն» ավարտեց, հանկարծ բեռնատարի շուրջ հավաքված ժողովուրդն սկսեց աղաղակել, եւ Վարդանիկն աչքերը շողշողացնելով՝ բեռնատարի վրայից սկսեց վանկարկել՝ «Շի-րազ, Շի-րազ», ու մենք շրջվելով՝ տեսանք Հովհաննես Շիրազին, որը, ժողովրդի աքցանի մեջ, ինչ-որ բառեր էր մրմնջում, եւ ժողովուրդը  բանաստեղծին ձեռքերի վրա բարձրացրած՝ կանգնեցրեց Վարդանիկի կողքին, եւ Վարդանիկը  Շիրազի հետ ողջագուրվելուց հետո՝  անմիջապես սկսեց Շիրազ արտասանել, եւ երբ արտասանեց պրծավ, ինքն ու ժողովուրդը վերստին սկսեցին վանկարկել՝ «Շի-րազ, Շի-րազ», եւ երբ վանկարկեցին պրծան, Վարդանիկն աղաղակելով հայտարարեց՝ «այժմ խոսքը տրվում է հայոց եւ համաշխարհային պոեզիայի մեծագույն վարպետ Հովհաննես Շիրազին», եւ Շիրազն ինչ-որ բառեր մրմնջաց, բայց ահավոր աղմուկի մեջ ոչինչ չէր լսվում, եւ երբ Շիրազին բեռնատարի թափքից իջեցրին, Բեյլերյան Հրաչն էլ մոտեցավ Շիրազին ու հետը ողջագուրվեց, եւ ահավոր աղմուկի մեջ Շիրազը միանգամայն լսելի Հրաչին հարցրեց՝ «ի՞նչըղ ես, զեմլյակ ջան», եւ Հրաչը երջանիկ ժպտալով Շիրազին ասաց՝ «էս հաղթանակից հետո շատ լավ եմ, վարպետ ջան», եւ Շիրազը Հրաչի ականջին ինչ-որ բան շշնջաց, եւ երբ Շիրազին ուղեկցողները Շիրազին ուղեկցելով մտան «Արարատ» ռեստորան, ես Հրաչին  հարցրի՝ «Շիրազն ականջիդ ի՞նչ ասեց», եւ Հրաչը փռթկացնելով ականջիս ասաց՝ «ասեց՝ ոտը կպաշտեն, գլուխը չեն պաշտի» եւ ժպտալով ավելացրեց՝ «ինքը ֆուտբոլ հեչ չի սիրում», եւ, հիշում եմ, շլյապայով տարեց մի մարդ Հրաչին հարցրեց՝ «վարպետն ականջիդ ի՞նչ ասաց, բալես», եւ Հրաչը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հեչ», եւ շլյապովը ժպտալով Հրաչին ասաց՝ «եթե գաղտնիք է, կարող եք չասել», եւ Հրաչը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «գաղտնիք ա, հայրիկ ջան», եւ էդ պահին մեր Ժիրոն շլյապայովին տեսնելով ասաց՝ «բարեւ ձեզ, ընկեր Մկրտչյան», եւ շլյապայովը ժպտալով Ժիրոյին ասաց՝ «բարեւ, Ժիրայր ջան», եւ Ժիրոն շլյապայովին հարցրեց՝ «ինչպե՞ս եք», եւ շլյապայովը պատասխանեց ու ասաց՝ «ինչպես բոլորը» եւ ժպտալով ավելացրեց՝ «միանգամայն երջանիկ» ու էդ ասելով՝ շլյապայովը թարս նայեց Հրաչին ու արագ քայլերով շարժվեց դեպի շատրվանները, եւ երբ շլյապայովն արդեն հեռու էր, Հրաչը Ժիրոյին հարցրեց՝ «էդ ո՞վ էր», եւ Ժիրոն պատասխանեց ու ասաց՝ «մեր դպրոցի դիրեկտորն էր», եւ Հրաչը հարցրեց՝ «հիմի էլ ա՞ դիրեկտոր», եւ Ժիրոն ասաց՝ «չէ. էրկու տարի առաջ թոշակի են ուղարկել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «շատ ուժեղ ֆուտբոլի բալեշչիկ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Շիրազին էլ ա շատ ուժեղ բալետ անում», եւ Հրաչը ժպտալով ասաց՝ «զգացվեց», եւ Ժիրոն հարցրեց՝ «ինչի՞ց զգացվեց», եւ Հրաչն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ուզում էր իմանար՝ Շիրազն ականջիս ինչ ասեց», եւ Ժիրոն Հրաչին հարցրեց՝ «չասեցի՞ր», եւ Հրաչը պատասխանեց ու ասաց՝ «չէ», եւ Ժիրոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի դրա համար էլ նեղացավ գնաց» եւ մի քիչ էլ մտածեց ու Հրաչին հարցրեց՝ «բայց ի՞նչ ասեց», եւ Հրաչն ինքնագոհ ժպտալով հարցրեց՝ «ո՞վ», եւ Ժիրոն Հրաչին հարցրեց՝ «Շիրազն ականջիդ ի՞նչ ասեց», եւ Հրաչը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով Ժիրոյին ասաց՝ «հետո կասեմ», եւ բոլորը մեզ էին նայում, եւ երբ Վարդանիկը նորից իր ասմունքն սկսեց, հավաքվածները  շարունակում էին մեզ նայել՝ հավանաբար կարծելով թե՝ կարեւորագույն անձնավորություններ ենք, եւ հատկապես ու առանձնապես Բեյլերյան Հրաչի մասին կարող էին էդպես կարծել, որովհետեւ անձամբ Հովհաննես Շիրազն անձամբ Բեյլերյան Հրաչին մոտենալով՝ անձամբ  Բեյլերյան Հրաչի ականջին անձամբ ինչ-որ բան էր շշնջացել, եւ դրանից էլ հետո պատկառելի ու շլյապայավոր նախկին տնօրենն էր անձամբ Հրաչին մոտեցել ու անձամբ ինչ-որ բան ասել, եւ երբ պատկառելին նեղացած հեռացավ, հավաքվածները շարունակում էին պատկառանքով մեզ ու մեր կուրսի Բեյլերյան Հրաչին նայել, եւ երբ Վադանիկն իր իմպրովիզացիան կրկնեց՝ «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում,/ Մենք շատերից ենք մեզ գերադասում», հավաքվածներն ականջի պոչով Վարդանիկին էին լսում, իսկ աչքի պոչով շարունակում էին նայել մեզ, ավելի ճիշտ՝ Բեյլերյան Հրաչին, որովհետեւ անձամբ Հովհաննես Շիրազն անձամբ Բեյլերյան Հրաչին մոտենալով՝ անձամբ Բեյլերյան Հրաչի ականջին անձամբ ինչ-որ բան էր ասել, եւ դրանից հետո էլ պատկառելի ու շլյապայավոր նախկին տնօրենն էր անձամբ Բեյլերյան Հրաչին մոտեցել ու անձամբ ինչ-որ բան ասել, եւ երբ Վարդանիկն իր իմպրովիզացիան երկրորդ անգամ կրկնելով՝ ավարտեց ու մեքենայից թռավ ցած, Հրաչը ժպտալով Վարդանիկի ականջին ասաց՝ «Սեւակի բառերը շատ ուժեղ էիր փոխել», եւ Վարդանիկը ժպտալով Հրաչին ասաց՝ «երեւի մենակ դու գլխի ընկար, Հրաչ ջան» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էս ժողովուրդը  Շիրազ ու Սեւակ կպաշտե, բայց էդոնց գրածները հեչ չի էլ կարդացել» եւ էդ ասելուց հետո Վարդանիկը բեռնատարի վարորդին ասաց՝ «մերսի, վարպետ ջան, կրնաս էրթաս» եւ ձեռքը գրպանը տանելով վարորդին հարցրեց՝ «հախդ ի՞նչ է», եւ վարորդը կարմրելով ասաց՝ «ամոթ չի՞, այ Վարդան, ի՞նչ հախ. եթե պետք ա՝ կարամ մինչեւ լուս կայնեմ», եւ Վարդանիկն  ասաց՝ «պետք չի. էսքանը հերիք էր» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Աստված քեզ ու էրեխանցդ բարի բախտի թող արժանացնի», եւ վարորդն  ավելի կարմրելով ասաց՝ «քո ու Վարպետի համար միշտ պատրաստ եմ», եւ Վարդանիկն ասաց՝ «շնորհակալ եմ, ախպեր ջան», եւ վարորդն ասաց՝ «ես եմ շնորհակալ», եւ երբ Վարդանիկը գնաց «Արարատ» ռեստորանի կողմ, Հրաչն ինքնագոհ ժպտալով մեզ ասաց՝ «գնանք, տղերք. սաղ մեզ են նայում», եւ իսկապես բոլորը մեզ էին նայում, ու հենց էդ պահին զուռնաչին փչեց կոխի եղանակ, եւ զուռնայի ձայնը Հրապարակի կենտրոնից էր գալիս, եւ երբ  հասանք կենտրոն, կենտրոնում՝ գորգի վրա երկու գյուղական ըմբիշներ կոխ էին բռնել, եւ մեկի մարզահագուստին գրված էր՝ ԱՐԱՐԱՏ, իսկ մյուսինին՝ ԴԻՆԱՄՈ, եւ ԱՐԱՐԱՏԸ մի քանի անգամ գետնեց ԴԻՆԱՄՈՅԻՆ, եւ ամեն գետնելուց ժողովուրդը ծափահարում ու ցնծում էր, եւ պարզ զգացվում էր, որ ԴԻՆԱՄՈՆ դիտմամբ էր թույլ տալիս, որ ԱՐԱՐԱՏՆ իրեն գետնի:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930