Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կանխել ինտերնետային մեդիայում ոչ պրոֆեսիոնալիզմի և գրագողության տարածումը

Ապրիլ 12,2013 13:10

«Հայկական լրագրությունը մեծապես տուժում է ինտերնետային մեդիայի լայնամասշտաբ զարգացման հետեւանքով` դաշտը հեղեղած է ոչ պրոֆեսիոնալ լրագրողների ու խմբագիրների գործունեությամբ», – հայաստանյան լրատվական դաշտում գոյություն ունեցող իրավիճակը այսպես է ներկայացված հումանիտար եւ կրթական ծրագրերով զբաղվող ամերիկյան IREX կազմակերպության ամենամյա զեկույցում:

Այստեղ անդրադարձ է կատարվում նաև լրագրողների դեմ բռնություններին, թեև նշվում է, որ նախորդ տարվա համեմատ իրավիճակը փոքր-ինչ հանդարտվել է:

Անդրադառնալով հեռուստաեթերին` զեկույցում ամրագրված է. «Գովազդատուներին գրավելու նպատակով է, որ շատ հեռուստաալիքներում հասարակական-քաղաքական ծրագրերն իրենց տեղը զիջում են ժամանցայիններին»:

Aravot.am-ը մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանից (լուսանկարում) հետաքրքրվեց` համամի՞տ է արդյոք զեկույցում նշված գնահատականների հետ ու իր կարծիքով ինչպե՞ս կարելի է շտկել իրավիճակը: Նա պատասխանեց. «Մտահոգությունը տեղին է, իրոք այդ բանը կա, քանի որ օրական տարբեր կայքեր են բացվում, որոնք առանց խմբագրման, ճշտման նյութեր են տարածում: Տեսնում եմ, որ այդ ոչ պրոֆեսիոնալիզմի խնդիրը կա, բայց չեմ կարծում, որ դա միայն Հայաստանին է վերաբերում: Ինձ թվում է`այնտեղ, որտեղ ինտերնետային մեդիան նոր-նոր է սկսում զարգանալ, և մարդիկ ագահորեն սպառում են այն, ինչ կա, այստեղ առաջանում է խնդիր: Բացարձակ ոչինչ հնարավոր չէ անել: Ի՞նչ անել` արգելե՞լ մարդկանց կայք գրանցել: Դա ոչ մեկին չես կարող արգելել, անհնար բան է, am տիրույթում արգելեցիր, կգրանցվի com-ում, կամ Վրաստանում: Օրենսդրորեն դա անհնար է: Մյուս տարբերակն այն է, ինչ Վրաստանում մի տատիկ արեց. կաբելը կտրեց: Պարզապես պիտի դրա սպառումը չլինի, չպիտի հավատան այդ ամեն գրածին ու ամեն կայք չկարդան»:

«Լրագիր» կայքի գլխավոր խմբագիր Հայկազն Ղահրիյանը ևս համամիտ է զեկույցում տրված գնահատականների հետ: Նա նշեց. «Մամուլի դեպքում գուցե հնարավոր է, ինտերնետի դեպքում մեխանիզմներ չեմ տեսնում: Շատ են տարբեր կայքերում հանդիպում մեզնից ու ձեզնից գողացված նյութեր, կամ մի քիչ ձևափոխված, երբեմն նույնիսկ ալարում են ձևափոխել: Բայց դրա դեմն առնել հնարավոր չէ` սկսած գրագողությունից, վերջացրած ամենաայլանդակ բաներով: Չգիտեմ, սա ինչպես պիտի կարգավորվի»:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների` ՀՀ նախագահի կողմից նշանակմանը ու մտահոգություն հայտնվում. «Քանի դեռ երկրի նախագահն է նշանակում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հինգ անդամներին`անկախության հնարավորությունը գործնականում բացառված է»:

Այս մասին Մ. Հարությունյանն ասաց. «IREX-ը նոր բան չի ասում, մենք 12 տարի խոսում ենք այդ մասին: Նրանք չեն ուզում վերահսկողությունը ձեռքից բաց թողնել: Ընդհանրապես Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքն այն օրենքն է, որի համար կռիվ տալուց քիչ հաջողությունների ենք հասել: Իշխանությունն այդ օրենքում սկզբունքային զիջումների չի գնում: Միշտ ուզում են այն կետերը պահել, որոնք հնարավորություն են տալիս հեռուստադաշտի վրա վերահսկողություն իրականացնել, քանի որ այսօր հեռուստադաշտն ամենաազդեցիկներից էլ: Ուստիեւ հույսս ինտերնետի զարգացումն է»:

Հ. Ղահրիյանն էլ նկատեց. «Մի քիչ համաձայն չեմ զեկույցում տեղ գտած դիտարկման հետ: Մյուս կողմից, եթե նախագահը չնշանակի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին, ապա ի՞նչ է փոխվելու , եթե ուրիշը նշանակի, կամ հարց է` ո՞վ նշանակի: Իշխանությունը երկու բան` հեռուստաեթերն ու արդարադատության նախարարությունը կյանքում չի տա, կարող է բանակն էլ, նույնիսկ ոստիկանությունը զիջի ընդդիմությանը, բայց այդ երկուսը երբեք չի զիջի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930