«Ինձ էլ էին առաջարկում անպայման գնալ և մասնակցել այդ հավաքներին, բայց ես չէի տեսնում «Ժառանգության» այդ շարժման և նրա ղեկավարի գործողություններում որևէ տրամաբանական քայլերի հաջորդականություն»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում պատասխանելով ապրիլի 9-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած այլընտրանքային երդմնակալությանը վերաբերող հարցին՝ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Նա հիշեցրեց, որ ՀԱԿ-ը նախապես հայտարարել էր, որ չի գնալու այդ արարողությանը:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե իր կարծիքով այդ օրը ոստիկանության գործողություններն օրինաչափ էի՞ն: «Ոստիկանության գործողությունները, եթե համեմատեք 2010-2011 թվականների երթերին… ես չեմ ուզում տպավորության ստեղծվի, թե ոստիկանության պաշտպանն եմ, բայց ցանկացած երթերի ժամանակ նման միջադեպեր եղել են: Չեմ ասում օրինաչափ են, օրինաչափ չեն, բայց արտառոց որևէ բան չեմ տեսել: Ինտերնետով եմ հետևել, քանի որ այնտեղ չեմ եղել»:
Ջհանգիրյանը նաեւ տարակուսանք արտահայտեց. «Եթե մերժել է իշխանությանը, ապա ոստիկանապետի հետ ի՞նչ աղոթք է անում Ծիծեռնակաբերդում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ