Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը այցելեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Այդ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում Անդրեասյանն ու Բաղդասարյանը ներկայացրեցին իրենց զրույցի մանրամասները:
Անդրեասյանը հայտնեց, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին ներկայացրել են իրենց գրասենյակի, աշխատակազմի հետ կապված խնդիրները մարդու իրավունքների հետ կապված հարցեր:
«Տեղեկացնեմ, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ գերակայություններից է, ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով, որը գլխավորելու եմ ես եւ այսուհետ հետամուտ ենք լինելու այս ոլորտի խնդիրների լուծմանը: ՄԻՊ ինստիտուտը կայացել է, պարոն Անդրեասյանի նշանակումից հետո դրական փոփոխություններ կան, այսուհետ ավելի լայն ենք համագործակցելու,- ասաց Արթուր Բաղդասարյանը:- Այդ հանձնաժողովը չի կարող առանձին գործել, առանց ՄԻՊ-ի, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը էական բարելավման կարիք ունի: Մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված պաշտպանի դիտարկումները դառնալու են քննության առարկա: Դրանց տրվելու է օպերատիվ արձագանք»:
Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ իր տեղակալը եւս լինելու է հանձնաժողովում:
Կարդացեք նաև
Պատասխանելով Aravot.am-ի հարցին, արդյոք ոստիկանների կողմից Արմեն Մարտիրոսյանին ապրիլի 9-ին ծեծի ենթարկելու դեպքը կքննվի՞ այդ հանձնաժողովում՝ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Պետք չէ միակողմանի գնահատականներ տալ, առաջիկայում տեղի կունենա քննություն, դա հետաքննության տիրույթում է: Հանձնաժողովի մանդատը դա մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովն է, որը կազմված է պետական բոլոր մարմինների ներկայացուցիչներից եւ այն, հետեւելու է որ Հայաստանում թղթի վրա գրված, նաեւ ընդունված օրենքները կյանքի կոչվեն»:
Անդրեասյանն էլ ավելացրեց, որ մասնավոր դեպքերը չեն փոխանցվելու որեւէ հանձնաժողովի` դրանով զբաղվելու է ՄԻՊ-ը. «Այդ մասնավոր դեպքի վերաբերյալ մեր կողմից վարույթը արդեն սկսվել է: Ես եռօրյա ժամկետում ոստիկանապետից խնդրել եմ տեղեկություններ, սպասում ենք պատասխանի, ինչից հետո կլինի նաեւ մեր գնահատականը` ըստ այդ պատասխանի»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Ես այս մարդու տեղը, ամոթից կմեռնեի, բայց ինքը դեռ բաց ճակատով լրագրողների հարցերին է
պատասխանում, և իբր երկրի անվտանգությունը ապահովում: