«Ես հիմա չեմ ուզում որեւէ վերջնական եզրակացություն հայտնել`թե մեծամասնությունը ինչպե՞ս կքվեարկի, բայց կարծում եմ, որ այն քաղաքական ուժը, որը ներկայացված է, իրենք անհանգստացած են ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման փաստով, որոշ իրավապահ կառույցներ եւ նրանց ղեկավարներ եւ այդ անհանգստությունը կամա թե ակամա տեղափոխվում է Ազգային ժողովի դահլիճ»,- ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը`խորհրդարանական ճեպազրույցներում պատասխանելով
Aravot.am-ի հարցին`չնայած նախկին պայմանավորվածությանը եւ պետաիրավական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումներին երեկ, խորհրդարանի դահլիճում տպավորություն ստեղծվեց, որ քաղաքական մեծամասնությունը փոշմանել է`մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելու մասով:
Եթե հանձնաժողովը ստեղծվի, Ջհանգիրյանը գտնում է, որ ճիշտ կլինի ուսումնասիրությունները սկսել հենց 2007 թվականի հոկտեմբերի 27-ի իրազեկման դեմ ոստիկանների գործողություններից, երբ նաեւ լրագրողներ բռնությունների ենթարկվեցին, տարվեցին ոստիկանության բաժիններ: Հիշեցնենք, որ այդ գիշեր ՀՀ առաջին նախագահը անցկացրեց ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում, մինչեւ ձերբակալվածներին ազատ արձակեցին: Բայց, միաժամանակ, ըստ Ջհանգիրյանի, դա շատ հետ կտանի, ուստի, ավելի իրատեսական կլինի, եթե հանձնաժողովն ուսումնասիրությունները սկսի մարտի մեկի առավոտյան ոստիկանների գործողությունների օրինականությունը ստուգելուց:
Ջհանգիրյանը նաեւ որոշ մանրամասներ ներկայացրեց`«7-ի գործից» իր ուսումնասիրություններից: Պարզվում է, քննչական խումբը Մյասնիկ Մալխասյանի վերաբերյալ ապացույցներ է սկսել հավաքել միայն մարտի հինգից, Սասուն Միքայելյանի նկատմամբ`ամսի վեցից: Աշտարակի մի քաղաքացի ցուցմունք է տվել, թե Մալխասյանը կոչ է արել խուլիգանություն կատարել: Նման ապացույցը Ջհանգիրյանը համարում է իրավականորեն, մեղմ ասած, թերի:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ