Այն ինչ տեղի ունեցավ ապրիլի 9-ին Ազատության հրապարակում, այն սցենարն էր, ինչի մասին նախազգուշացրել էր Դաշնակցությունը: Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԴՅ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա նշեց, որ ՀՅԴ-ն մասնակցել է բոլոր հանրահավաքներին, ինքը երեք անգամ ելույթ է ունեցել, հատուկ ծրագային ելույթ է ունեցել, որ պարզ լինի, թե ինչպես է Դաշնակցությանը պատկերացոնում շարժման թափ հավաքելը:
Ըստ Ռուստամյանի, եթե փորձում էին իսկապես արագ այդ պահին հասնել ամբողջական նպատակի իրականացման, դա մղում է գնալ վճռական գործընթացի, ինչը հանգեցնում է արյունալի բախումների. «Մենք ասում էինք, որ ճիշտ ճանապարհը շարժումն ուժեղացնելու ճանապարհն է, որը մի կողմից իշխանության դիրքերի թուլացում էր նշանակում, մյուս կողմից՝ շարժման ուժեղացում»:
Արմեն Ռուստամյանի խոսքով՝ պետք է այնպես անել, որ իշխանությունները գնան արմատական, խորքային բարեփոխումների ու ՀՅԴ երեք կետից բաղկացած առաջարկությունները, որոնք հնչեցվեցին ԱԺ-ում, նրա կարծիքով, մոտ էին հաջողությանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն առաջարկում էր կառավարման համակարգի փոփոխություն, նոր խորհրդարանական ընտրություն՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգով:
«Պետք է ընդդիմություն-իշխանություն միասնական համակարգ ձևավորվեր, ընդդիմությանը տրվեին լծակներ, և շարժումը քաղաքացիական հասարակության միջոցով հզորանար»,- ասաց բանախոսը:
Պայքարի մյուս ճանապարհն, ըստ Ռուստամյանի, Երևանի ավագանու ընտրություններում միասնական թեկնածու ունենալն էր. «Սրանք իրատեսական ճանապարհներ էին, բայց դա դժբախտաբար չընդունվեց, ունեցանք անորոշ մի վիճակ, ժողովրդի մեջ երեք տիպի զանգված առաջացավ: Մի մասը վճռական ուզում էր հասնել Բաղրամյան 26, երկրորդ մասը, ընդունելով Րաֆֆի Հովհաննիսյանի անվերապահ առաջնորդությունը, հետևեց նրան, երրորդ զանգվածը գնաց տուն: Երբ ասում են՝ Դաշնակցությունը ժողվրդի հետ չէր, պետք է ասել, ո՞ր ժողովրդի, ժողովուրդը բաժանվել էր երեք մասի»:
Բանախոսի համոզմամբ, այս իրողությունը չի նշանակում, որ շարժումը պետք է համարվի կործանված: Նա տեսնում է հնարավորություն` տևական պայքարի դաշտ տանել ու կազմակերպել շարժումը: «Եթե ճնշումը թույլ լինի, որևէ իշխանություն կամովին չի գնա զիջումների: Իսկ մեր առաջարկներով էական զիջումներ էր ենթադրվում իշխանությունների կողմից: Վաղ թե ուշ ընդդիմությունը գալու է միասնական օրակարգին, երբ որ դա լինի, նշանակում է լուրջ ճանապարհային քարտեզով լուրջ բարեփոխումներ, ինչն էլ կարող է բերել իշխանափոխության: Աննախադեպ կլինի, եթե ընդդիմությունը ունենար Երևանում քաղաքապետ, դա շատ իրատեսական էր, բայց դժբախտաբար ընդդիմությունը նորից դժվարացրեց իր կյանքը՝ չունենալով միասնական թեկնածու»,- ընդգծեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ