Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանատվությամբ

Ապրիլ 12,2013 12:10

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնվել է մոտավորապես նույն վիճակում, ինչ իրավիճակում 1996-ին հայտնվել էր Վազգեն Մանուկյանը, 1998-ին` Կարեն Դեմիրճյանը, 2003-2004-ին ` Ստեփան Դեմիրճյանը, իսկ 2008-ին` Լևոն Տեր-Պետրոսյանը:

Այսինքն, Րաֆֆին, վերոնշյալների պես համոզված է, որ նախագահական ընտրություններում հաղթել է ինքը, բայց ԿԸՀ-ն ապօրինի կերպով հաղթանակը շնորհել է մրցակցին: Բնականաբար, այդ կարծիքին են նաև Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրողները, որոնք Րաֆֆիին հորդորում են շարունակել պայքարը մինչև հաղթական ավարտ:

Այդուհանդերձ, նման լինելով հանդերձ , Րաֆֆի Հովհաննիսյանի պարագան էականորեն տարբեր է վերոնշյալներից, ինչպես որ վերոնշյալների դեպքերն էին իրարից էականորեն տարբեր:

1996-ին Վազգեն Մանուկյանն իր նախընտրական դաշինքի և ժողովրդի աջակցությամբ գրոհեց ԱԺ-ի շենքը: Դարպասներ ու գլուխներ ջարդվեցին, բայց ընդդիմությունը որևէ արդյունքի չհասավ, և միգուցե արդյունքի հասնեին, եթե ԱԺ-ի փոխարեն նախագահականի վրա գրոհեին, որովհետև ընդդիմության ու ժողովրդի դժգոհությունը նախագահական ընտրությունների առիթով էր: Մինչդեռ իրականում տվյալ ընդդիմադիր դաշինքն իր բաժին ժողովրդի հետ ոչ թե ԱԺ-ի վրա էր գրոհել, այլ ընդամենը` ԱԺ-ի շենքում տեղավորված ԿԸՀ-ի և Բեզիրջյանի: Ընդդիմության լիդերն, իհարկե, Վազգեն Մանուկյանն էր, բայց պատասխանատվության առումով Վազգեն Մանուկյանը մենակ չէր` կողքին դաշնակցականները, Հայրիկյանն ու լիքը ուրիշ պատասխանատուներ էլ կային, և միգուցե նաև էդ հանգամանքն էր պատճառը, որ Վազգենը համարձակորեն հայտարարում էր` «եթե քսան րոպեից չվերադառնամ, եկեք իմ հետևից»:

Դա նորանկախ Հայաստանի նախագահական ընտրությունների հետ կապված առաջին ընդվզումն էր: Որոշ մարդիկ ձերբակալվեցին, որոշները որոշ ժամանակ գտնվեցին հետախուզման մեջ, իսկ որոշներն էլ` այդ թվում ընդդիմության առաջնորդը, մնացին անձեռնմխելի:

1998-ին հաղթած թեկնածու Կարեն Դեմիրճյանը բացարձակապես ընդվզման փորձ չարեց` ոչ միայն այն պատճառով, որ խուսափում էր արյունահեղությունից, այլև այն պատճառով, որ ինքը գրեթե մենմենակ էր կրում ողջ պատասխանատվությունը, և դա հասկացվեց ու ընկալվեց ժողովրդի ու բոլորի կողմից, և որևէ մեկը Կարեն Սերոբիչին անվճռականության մեջ չմեղադրեց:

Առաջինն անվճռականության մեջ մեղադրվեց հաջորդ հաղթած թեկնածուն` կրտսեր Դեմիրճյանը, ով մշտապես շեշտում էր, որ ինքը սահմանադրական պայքարի կողմնակից է: Այդուհանդերձ, ի տարբերություն Կարեն Սերոբիչի, Ստեփան Դեմիրճյանն ընդվզման որոշակի փորձեր արեց, որովհետև, ի տարբերություն Կարեն Սերոբիչի, պատասխանատվության իմաստով ինքը մենմենակ չէր` կողքին Արամ Սարգսյանն ու շատ ուրիշներ էլ կային, բայց, մեծ հաշվով, կողքիններն էլ էին սահմանադրական ճանապարհով պայքարի կողմնակից, և շատ շուտով պայքարի կրակը մարեց:

2008-ի իրադարձությունների հիշողություններն անհամեմատ թարմ են, և մարտի 1-ի զոհերի հիշատակն էլ է միանգամայն թարմ, և պայքարի ալիքն էլ էր անհամեմատ հզոր, և ընդվզողների նշանաբանը ոչ թե սահմանադրական ճանապարհով պայքարն էր, այլ` սահմանադրական կարգի վերականգնումը: Պայքարն, իհարկե, վերստին սպասված արդյունքը չտվեց: Շատերը ձերբակալվեցին, որոշները հայտնվեցին հետախուզման մեջ, իսկ որոշներն էլ` այդ թվում շարժման առաջնորդը, մնացին անձեռնմխելի: Ասվածը վկայում է, որ շարժման պատասխանատվությունը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կիսողները բավական շատ էին: Իսկ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող նոր հանձնաժողովի ստեղծման փաստն էլ վկայում է, որ դեռևս ոչ ոք և ոչինչ չի մոռացվել:

Այսուհանդերձ, ամենաթարմը Րաֆֆի Հովհաննիսյանի սկսած պայքարն է: Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին` հարթակից բոցաշունչ ելույթ ունեցողների պակաս չէր զգացվում, բայց ելույթ ունեցողներից յուրաքանչյուրն իր պարտքն էր համարում նշել ու շեշտել, որ պայքարի մարտավարությունն ու ռազմավարությունն ամբողջությամբ կախված է Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումից ու կամքից: Այսինքն, շարժման ու պայքարի ողջ պատասխանատվությունը ճարպկորեն գցվում էր անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանի վրա, և ինչքան էլ Րաֆֆին նշեր ու շեշտեր, որ սա ոչ թե անձամբ իր պայքարն է, այլ` բոլորինն ու ժողովրդինը, դրանից ոչինչ չէր փոխվում, և իր պատասխանատվությունն էլ չէր պակասում:

Կարճ ասած, պատասխանատվությունը գրեթե ամբողջապես ու գրեթե միայնակ ստանձնած գործչի պատասխանատվությունն անհամեմատ մեծ ու անհամեմատ ծանր է, բայց, բոլոր դեպքերում, Ազատության հրապարակի ժողովուրդն ու մանավանդ հարթակին կանգնածները և հատկապես իրադարձություններին հեռվանց ու հարևանցի հետևողներս Րաֆֆի Հովհաննիսյանից առավելագույնն ենք պահանջում:

 ՈՍԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armine G says:

    Այստեղից հարց է ծագում – Արդյոք ինչո՞ւ ենք առավելագույնս պահանջում Րաֆֆիից: Միթե՞ նրա համար որ նա Հայաստանում չի ծնվել, կամ նրա համար որ իր կրթությունը Հայաստանում չի ստացել, թե՞ նրա համար որ մեծահոգաբար ներում է իր վրա «քար» գցողներին: Նա իր պայքարի հիմքում դրել է իր սերը, ինչո՞ւ ենք մենք նրան «քարկոծում»: Ավելի լավ չի՞ լինի, որ սատարենք նրան, տանենք մեր պայքարը առանց մեր իսկ կողմից ստեղծած խոչընդոտների ու պառակտման:

Պատասխանել