Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Մոսկվա, ինչու հիմա

Ապրիլ 12,2013 11:59

Առաջին տպավորությունը, որ կարելի էր ստանալ երեկ հայտնի դարձած այն փաստից, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել է Մոսկվա աշխատանքային այցով, այն էր, որ սա «Րաֆֆիին ոչ թե առողջ քննադատողների, այլ անհարկի ծաղրողների» հրամցրած տեղեկատվությունն է, «Ժառանգության» առաջնորդին վատաբանելու միակ նպատակով: Սակայն, երբ «Ժառանգություն»-ից պաշտոնապես հաստատվեց այս տեղեկությունը, այս տպավորությունն իհարկե անհետացավ, փոխարենն առաջացան բազմաթիվ հարցեր, օրինակ, թե ինչո՞ւ է Րաֆֆին մեկնել Մոսկվա ու ինչո՞ւ է Րաֆֆին կարճատեւ աշխատանքային այցով Մոսկվա մեկնել հենց հիմա:

Նախ, եթե հիշում ենք, ապրիլի 9-ի «հաղթահավաք»-ի ժամանակ ինքըՙ Րաֆֆին, ասաց հրապարակին, որ մեկնելու է Մոսկվաՙ «հայ ժողովրդի հաղթանակը Հայաստան բերելու նպատակով»: Թե ի՞նչ է անում Մոսկվայում «հայ ժողովրդի հաղթանակը», անկեղծ ասած, դժվարանում ենք ասել, ու սա այս պարագայում էական էլ չէ: Էականն այն է, թե Րաֆֆին ո՞ւմ պետք է հանդիպի ՌԴ մայրաքաղաքում: Կասկածից վեր է, թե նրան սպասում է ու պետք է ընդունի Վլադիմիր Վլադիմիրովիչը կամ թեկուզ Դմիտրի Անատոլեւիչը, կամ ռուսաստանցի այլ բարձրաստիճան պաշտոնյա, հետեւաբար Րաֆֆիին Մոսկվայում ՌԴ քաղաքական վերնախավը չի սպասում, ու դատելով հանգամանքից, որ ապրիլի 9-ին համալիրումՙ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, այլ ոչ թե հրապարակում «հաղթահավաքին» ներկա էր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նաեւ, ստացվում է, որ Մոսկվայում Րաֆֆիին չեն սպասում նաեւ Ռուսաստանի հայերը, գոնե այդ հայերիՙ քաղաքականապես ու հասարակական կյանքում ակտիվ մասը: Փաստորեն, Րաֆֆին Մոսկվա է մեկնել ոչ մեկին չհանդիպելու կամ իրեն միայն հայտնի մեկին հանդիպելու համար: Որպեսզի գոնե մոտավորապես հասկանանք, թե «ո՞ւմ», փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ Րաֆֆին Մոսկվա մեկնեց հենց հիմա:

Բանն այն է, որ ապրիլի 9-ին Ազատության հրապարակում-Բաղրամյան պողոտայում-Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած իրադարձությունները, որքան էլ Րաֆֆիին չծաղրողների, շեշտում ենքՙ չծաղրողների կողմից «հաղթահավաք» անվանվեն, ակնհայտ է, որ Րաֆֆին այդ օրը պարտություն կրեց, թեկուզ միայն այն պատճառով, որ հրապարակում առաջին անգամ Րաֆֆիին սուլեցին: Սա արդեն նշանակում է, որ գալիք ուրբաթ օրվա հաջորդ «հաղթահավաքը» խիստ վտանգված էՙ մարդաշատությունն ապահովվելու առումով, իսկ հանրահավաքների մարդաշատությունը Րաֆֆին ձգտում է պահպանել առնվազն մինչեւ մայիսի հինգի ավագանու ընտրությունները: Այսինքն, եթե Րաֆֆին հիմա Մոսկվա չմեկներ, այլ մնար Երեւանում ու լուռ, իսկ լուռ պետք է մնար, քանի որ այս պահին գոնե Րաֆֆին մեծ դժվարությամբ է նոր ասելիք գտնում, ուրբաթ օրվա հանրահավաքը լայն հետաքրքրություն չէր առաջացնի: Իսկ Մոսկվա, մանավանդ «անհայտ մեկի» մոտ կարճատեւ աշխատանքային այցով մեկնելովՙ Րաֆֆին որոշակի իմաստով պահպանում է հետաքրքրությունը հրապարակի, քանի որ այնտեղ քիչ չեն այն մարդիկ, ովքեր իրապես համոզված են, որ «հայ ժողովրդի հաղթանակը Մոսկվայում է, ու Րաֆֆին հենց այդ հաղթանակի հետեւից է գնացել», բացի նրանցից, մարդիկ, ովքեր պարզապես, ինչպես եւ մենքՙ իրականում, հետաքրքրված ենք, թե Րաֆֆին ում մոտ, ինչու եւ ինչու հիմա մեկնեց Մոսկվա… Իսկ եթե կարծում եք, որ քաղաքական նման կարճատես քայլի Րաֆֆին ուղղակի չէր գնա, ապա որտե՞ղ են ապացույցներըՙ Րաֆֆիի թեկուզ մեկ հեռատես քաղաքական, շեշտում ենքՙ քաղաքական քայլի… Մի խոսքով, ուրբաթ օրը հրապարակում Րաֆֆին կպատմի իր Մոսկվա կատարած կարճատեւ աշխատանքային այցի «բոլոր մանրամասնությունները», ինչպես արեց Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, ապա եւ կանրադառնա «Բարեւ, Երեւան»-ին, ու սա մենք ամենեւին էլ չենք ծաղրում, ոչ էլ Րաֆֆիին առողջ քննադատում ենք, պարզապես իրականությունն ենք ներկայացնում:

Հովիկ ԱՖՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930