Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ժամը 4-ին Րաֆֆի Հովհաննիսյանը կլինի Հայաստանում

Ապրիլ 12,2013 11:51

«Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ժամը չորսին կվերադառնա Մոսկվայից, նա լինելու է Ազատության հրապրակում, ձեզ հուզող բոլոր հարցերն իրեն կփոխանցեք, ինքն էլ ձեզ տեղեկատվություն կտրամադրի»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը`կանխելով Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցին վերաբերվող բոլոր հարցերը:

Տիկին Փոստանջյանը խոսեց ապրիլի 9-ից եւ այդ օրվա խորհրդից.

«Ապրիլի 9-ին հայ ժողովուրդը ոչ միայն տոնեց իր հաղթանակը, այլեւ երդվեց, որ այլեւս չի նահանջելու»:

Նա գտնում է, որ «Ժառանգությունը» հասել է այնտեղ, ինչը հայտարարել էր`հռչակեցինք նոր Հայաստանի քաղաքացի լինելու փաստը: «Բոլոր այն անձինք, որոնք քննադատում են, թող ասեն, ո՞րն էր սխալը: Մենք հռչակեցինք, որ քսան տարիների սուտն ու կեղծիքն արդեն մահացած է»,- ասում է Փոստանջյանը: Լրագրողներից մեկի հարցին`ի՞նչ տվեց դա ժողովրդին, Փոստանջյանը պատասխանեց, որ ժողովրդին դա տվեց այն, որ ինքը չի ճանաչում սուտը եւ կեղծիքը. «Մեկ օրվա ընթացքում ժողովուրդը չի կարող հասնել այն բարձունքներին, ինչին չենք կարողացել հասնել հազարամյակների ընթացքում: Մենք հայտարարեցինք, որ կախյալ, ոչ իրավական պետության քաղաքացիներ չենք»:

Իսկ թե ի՞նչ շահեց Նոր Հայաստանը Վլադիմիր Գասպարյան- Րաֆֆի Հովհաննիսյան նոր բարեկամությունից, բանախոսը նկատեց. «Համենայնդեպս, Սարգսյանի կեղծ հիմնասյուներից մեկը չի գտնվել այդ կեղծ արարողությանը եւ շուրջ ութ հազար ոստիկան Ազատության հրապարակում լսեց Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ նրանք ընտանիքներ ունեն: Այսինքն, այդ ութ հազար ոստիկանը մասնակցում էր Նոր Հայաստանի ծնունդին: Բարեկամության խնդիր չկա, մենք խնդիր ունեինք բոլորին զինաթափել, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր ընտանիքի անդամների հետ լինելով առաջին գծում՝ պահեց այն: Այսօր չունենք զոհեր, կալանավորվածներ, ունենք քաղաքացիներ, որոնք պայքարելու են: Ոմանք, որ հայտարարում էին, թե ուզում են գնալ Բաղրամյան պողոտայով, ունեին այդ հնարավորությունը: Մենք Գասպարյանի հետ չենք մասնակցել կեղծ երդմնակալությանը, նա եկել է միացել է ժողովրդին ու աղոթել է: Թե այդ մասին ի՞նչ գնահատականներ են հնչում…նրան մեր կողքին տեսնելը մեր շատ քաղաքացիների համար անդուր է, բայց մենք չենք գնացել կանգնել իր կողքին, ինքն է եկել մեզ մոտ: Իհարկե, որոշ ոստիկաններ իրենց գռեհիկ պահեցին, թույլ տվեցին հանցագործություններ, բայց մեծամասնությւոնը մեզ հետ հուզված էր»:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ իրեն չեն հուզում իշխանության ճամբարից հնչող այն հայտարարությունները, թե այլեւս երկխոսության ճանապարհը փակված է, քանի որ իրենք Սերժ Սարգսյան նախագահ չեն ճանաչում եւ արդեն իսկ աղբամանում թաղել են ստի ու կեղծիքի իշխանությունը: Լրագրողները նկատեցին, որ «Ժառանգությանն» ուղղված քննադատությամբ է հանդես գալիս անգամ ՀՅԴ-ն, որը շարժման համակիրն էր, Փոստանջյանն ասաց, որ ընթացք չի տալիս այն կարծիքներին, թե Րաֆֆի Հովհաննիսյանն այլեւս ընդդիմության լիդեր չէ, որ մենակ չի կարող: «Րաֆֆի Հովհաննիսյանը մենակ չէ, նրա հետ են ոչ միայն ՀՀ-ի, այլ ՀՀ-ից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները»,- ասաց Փոստանջյանը:

Լրագրողների հարցերին, թե ինչ իրավական ինչ ճանապարհներով եւ ձեւերով են պատկերացնում Նոր Հայաստանի համար իրենց հետագա գործունեությունը, Փոստանջյանն ասաց, որ այդ ամենի մասին ավելի ուշ կհայտարարվի եւ սա այն պահն ու տեղը չէ, որ իր շուրթերից լսենք այդ մասին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930