Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համլետ Հարությունյան. «Անկախության ողջ ընթացքում այսքան վտանգավոր ընդդիմություն չենք ունեցել»

Ապրիլ 12,2013 11:38

Հատված ԱԺ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանի հետ հարցազրույցից:

– Այսօրվա մեր ընդդիմությունը ո՞ր տեսակին է համապատասխանում։

– Այն ընդդիմությունը, որը Րաֆֆի Հովհաննիսյանն է ղեկավարում, վարկաբեկում է մեր պետականությունը, գցելով մեր վարկը համաշխարհային հասարակության առջև։ Հովհաննիսյանի ընդդիմությունը, սա միայն ես չեմ ասում, գաղափարազուրկ շարժում է, չունի ոչ մինիմալ, ոչ էլ մաքսիմալ ծրագիր։ Այդ շարժումն ավելի շատ ինձ հիշեցնում է լիդերի կերպարի ստեղծման գործողություններ։

– Ծրագիր չի կարելի՞ համարել այն, որ հայտարարում են, թե ընտրությունը կեղծվել է և հաղթած նախագահին պիտի հանձնել իշխանությունը։

– Դրանք լոզունգներ են։ Կարող ենք նաև այլ լոզունգներ ընտրել՝ հողը գյուղացուն, գործարանը՝ բանվորին։ Կոմունիստներն այդ լոզունգներով եկան, որն իրականության հետ ոչ մի կապ չուներ։ Հովհաննիսյանի ներկայիս լոզունգներն էլ ոչ մի աղերս չունեն այսօրվա պրոբլեմների, ղարաբաղյան հիմնախնդրի, տնտեսական, կրթական համակարգերի, դեմոկրատիայի սկզբունքների հետ։ Անկախության ողջ ընթացքում այսքան վտանգավոր ընդդիմություն չենք ունեցել։

– Ո՞րն է այս ընդդիմության վտանգավորությունը։

– Այդ վտանգը մեր պետականության վարկաբեկումն է։ Սարսափելի է, երբ ընդդիմության գործողությունները տանում են նախագահի ինստիտուտի վարկաբեկման։ Թվում է՝ մեղմ բառապաշար ունի, սակայն դրա տակ ես ավելի մեծ վտանգներ եմ տեսնում, քան եթե ելույթները կառուցեր ագրեսիվ հռետորաբանությամբ։

– Հովհաննիսյանը որոշում է գնալ Բաղրամյանով դեպի Ծիծեռնակաբերդ, որոշում է կեսգիշերին աղոթելԴրանցո՞ւմ էլ վտանգ եք տեսնում։

– Իհարկե։ Նախագահը լեգիտիմ է, հիասքանչ երդմնակալություն տեղի ունեցավ, նախագահի ելույթը ծրագրային էր։ Ես հպարտություն էի զգում։ Հարյուրամյակներ շարունակ ձգտել ենք ունենալ անկախ պետություն, բայց հիմա վարկաբեկում ենք այն։ Պատմության կրկնություն է, ինչի արդյունքում շատ հաճախ պետականություն ենք կորցրել։

– Նշեցիք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կոչերն աղերսներ չունեն իրականության հետ, այդ դեպքում ինչո՞վ եք բացատրում Ազատության հրապարակում բազմահազարանոց հանրահավաքը։ Այդ քաղաքացիները չեն կարևորում դա։

– Ցանկացած պետությունում ընդդիմադիր մասսա լինում է, անկախ նրանից, թե ընդդիմության լիդերն ինչ է խոսելու։ Բայց անգամ մամուլը գրեց, որ հավաքվածներն էլ անորոշության մեջ էին ու հիասթափություն ապրեցին։ Հիմնական միջուկը ագրեսիվ տրամադրված խումբ է, որը Րաֆֆիից պահանջում է հակաիրավական, հակապետական գործողություններ։

– Չեմ կարծում, որ մտածում եք, թե Արմեն Մարտիրոսյանը «ագրեսոր» է, դրա համար էլ ոստիկանները ծեծեցին նրան։

– Չգիտեմ դեպքն ինչպես է եղել, բայց ասացին, որ փողոցի բանուկ հատվածում քայլել է իր հարազատների հետ, և երբ ոստիկանները խնդրել են ազատել այդ հատվածը, ասել է՝ իմ սահմանադրական իրավունքն է։ Բայց ենթադրենք, ես էլ այդ տեղով մեքենայով ծանր հիվանդ եմ տանում՝ մայրս է կամ հորեղբայրս, մենք իրավունք չունե՞նք մեր սահմանադրական իրավունքը իրացնել ու գնալ։ Իսկ Արմեն Մարտիրոսյանն իրավունք ունի՞ ողջ տրանսպորտային երթևեկությունը խախտելու։ Եթե Արմեն Մարտիրոսյանը նոր մեսիա է ու Բաղրամյան փողոցի կենտրոնով պիտի գնա, էլ ի՞նչ ասեմ։

– Ելքը ո՞րն է, այն դեպքում, երթ Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է՝ չեմ նահանջելու և գնալու եմ մինչև վերջ։

– Այ, չգիտեմ՝ վերջը որն է։ Ընդ որում, միայն Րաֆֆին չէ, որոշ քաղաքական գործիչներ ասում են՝ գնալու ենք մինչև վերջ, բայց ոչ մեկն այս տարիների ընթացքում այդ վերջին կանգառի անունը չի տվել։ Դրա համար վերջը կարող է լինել մինչև Ձկան խանութ, Աբովյան փողոց։ Չեմ հասկանում՝ վերջ ասելով ի՞նչ նկատի ունեն։

Ընդդիմության քայլերի տրամաբանությունը չե՞ք տեսնում։

– Ոչ մի տրամաբանություն չկա։ Աստվածաշնչի վրա կարող եմ երդվել, որ բոլոր ընտրությունների համեմատ լավագույն ընտրությունը եղել է այս անգամ։ Բայց ավելի շատ թերություններ են փորձում փաթաթել այս ընտրությունների «վզին»։ Հովհաննիսյանն այսօր մեծ վնաս է հասցնում մեր միջազգային վարկին։

– Այդ վնասների ազդակները տեսնո՞ւմ եք արդեն։

– Անշուշտ, բավական է նայել ադրբեջանական, եվրոպական և թուրքական մամուլը։ Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը թոթափեր տոհմական իշխանատենչությունն ու որպես հայ մարդ շնորհավորեր Սերժ Սարգսյանին և ասեր՝ կմնամ ոխերիմ ընդդիմություն, Հայաստանի վարկանիշը շատ ավելի կբարձրանար: Մեկ մարդու իշխանատենչությամբ չի կարելի երկրի վարկանիշի հետ խաղալ։

– Այդ պարագայում նրան «ծախված» չէի՞ն որակի:

– Ովքեր նրան ծախված կասեին, հենց այդպիսին իրենք են։ Եթե աշխարհում ամեն անգամ ընդդիմությունը հաղթանակ տանի, անընդհատ իշխանափոխություն կլինի։ Ընդդիմությունը հենց մահակ է իշխանության գլխին։

– Անկախ Հայաստանի «մահակներից» ո՞րն է ավելի ուժեղ հարվածել իշխանությանը։

– Լևոն Տեր-Պետրոսյանի ընդդիմությունը հզոր էր, բայց նա մեր պետության համաշխարհային վարկի հետ հո չէ՞ր խաղում։

Ոուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. susan says:

    մեր երկրի վ արկանիշը վաղուց է ընկել ձեր իրխանության ՛՛ շնորհիվ՛՛. երբ ժողովրդին հասցրիք այս վիճակին, այդ ժամանակ մտածեիք երկրի վարկանիշի մասին, ոչ թե ձևական խոսեիք.

  2. Կառլեն says:

    Վերջապես ես ուզում եմ դիմել այս անձնավորությանը, որը կոչվում է համլետ հարությունյան փոքրատառերով, շեշտելով, որ հերիք է հանդես գալ սեփական տխմարություններով: Լավ հասկանալով տվյալ ժամանակաշրջանում և իրավիճակում ընդիմությունում ստեղծված վակուումը, հանդես ես գալիս սեփական մտքի գոհարները դուրս տալով: Իրեն թվում է, որ ոչ մեկը չի հասկանում թե ինչ է տեղի ունեցել: Լավ հասկացանք, Րաֆֆին այն լիդերը չի, որը կարող է տանել մեզ այն հանգրվանը, բայց դա չի նշանակում, որ դու կարող ես ելույթ ունենալ և քո կարծիքները փաթաթես հասարակությանը: Քո կարծիքները քեզ պահի: Տո դու ով ե՞ս, ինչ ես արել ազգի համար, քեզ էլ դրել ես իմաստունի տեղ: Ղարաբաղից եկել ու պինդ նստել ես կերակրատաշտակի շուրջ ու սպասում ես քո լափաբաժնին: Ամեն ինչ պտտվուվ է Ղարաբաղի շուրջը, լավ հայրենասեր ես, նստեիր Ղարաբաղում, քո տանը, ոչ թե քոչեիր այստեղ ու մեզ խրատներ տայիր: Խելքդ գլուխդ հավաքիր, Այստեղ քեզնից հարյուր անգամ խելացիները կան:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930