ՄԱԷ-ում ընթացող շախմատի «Դուբայ Օփեն» մրցաշարում հաղթողի կոչման համար պայքարը գնալով սրվում է:
Հինգերորդ տուրից հետո միանձնյա առաջատարի դերը հարյուր տոկոսանոց արդյունքով ստանձնել է ռուսաստանցի Ալեքսանդր Ռախմանովը: Նրանից կես միավոր պակաս ունեն հինգ շախմատիստներ, որոնց մեջ են նաեւ Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը, որոնք լրացուցիչ գործակիցներով բաժանում են 3-4-րդ տեղերը: Մեր հանրապետության մյուս ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ նույնպես վատ հանդես չեն գալիս: Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Հովիկ Հայրապետյանը 4,0-ական միավորով զբաղեցնում են, համապատասխանաբար, 13-րդ եւ 26-րդ հորիզոնականները, Լիլիթ Գալոյանն ու Մարկ Բասենցյանը 3,0-ական միավորով՝ 69-րդ եւ 71-րդ տեղերը:
Այսօր Շեյխի գավաթում հանգստյան օր է: Վաղը Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով խաղալու է Ալեքսանդր Ռախմանովի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ